News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Պատերազմից հետո հայ-ադրբեջանական նոր սահմանի հարեւանությամբ ապրող գորիսեցիները մտահոգ են իրենց անվտանգությամբ, քանի որ մի շարք գյուղերի ճանապարհներ կանցնեն անմիջապես սահմանով, եթե սահմանազատում արվի ըստ պետական սահմանի՝ GPS-ով։

«Սյունիքը միշտ էլ սահմանին մոտ է եղել, սյունեցիները, հիմնականում Գորիսի երկրապահ ջոկատը, Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն էին հսկում, որ հանկարծ Կուբաթլուի կողմից ձորերով չբարձրանան։ Ներկա պահին Սյունիքի  համար էլի վտանգ կա։ Տարածքն իմանալով, եթե երեկոյան մթով գնաս Կապան, շատ վտանգավոր է, անտառներից կարող է գան դեպի ճանապարհը, էս սահմանը պետք է հսկողության տակ դնեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի բնակիչներից Պարգեւ Վանեսյանը։ 

Գորիսի բնակիչը հիշում է, որ 90-ական թվականներին Գորիս-Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիների կողմից հայեր են սպանվել, ինչից հետո էլ ճանապարհը փակվել էր, չէր աշխատում։ Օգտագործում էին Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն այս պահին երթեւեկելի չէ բեռնատարների համար։

«Դե հիմա տեսնենք, տա Աստված քարտեզով գծեն, թող մեր օգտին լինի, ժողովուրդն ապահով ապրի»,- ասում է գորիսեցին։ 

Հետպատերազմյան շրջանում Պարգեւ Վանեսյանի խոսքով՝ բնակիչներն  անտրամադիր են, մինչդեռ պատերազմի օրերին բարձր տրամադրություն էր գորիսեցիների շրջանում, մարդիկ մարտական էին տրամադրված, պատրաստակամ էին մեկնել ռազմաճակատ։

«Սա առաջին անգամը չէր, սյունեցիները 90-ականներին միշտ էլ առաջնագծում են եղել, հիմա էլ բոլորը պատրաստ էին գնալ ու գնացել էլ են, մնացողներն էլ էին պատրաստ գնալ»,- ասում է Գորիսի բնակիչը ՝ հավելելով, որ իր փոքրիկ արհեստանոցում բազմիցս է ռազմաճակատ մեկնող քաղաքացիների ավտոմեքենաները նորոգել ու դեպի դիրքեր ճանապարհել։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ