News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սարի թաղում ենք՝ Երևանի ամենակոլորիտային թաղամասերից մեկում։ Քաղաքի սովորական եռուզեռը մի պահ մոռացնել է տալիս, որ դեռ «երեկ» պատերազմ էր։ Փողոցներում կախված սև ժապավենները, հազարավոր տների շքամուտքերի՝ ցերեկը չհանգած լույսերն են հիշեցնում 44 օրվա արհավիրքի մասին։ Փնտրում ենք պատերազմում զոհված սարիթաղցի Հայկոյի տունը։ Թաղամասից երկու դպրոցական են ընդառաջ գալիս, հարցնում՝ ինչով կարող են օգնել։ Տղաների հյուրընկալ ժպիտը սառը քաղաքին մի քիչ գույն է հաղորդում։ Հարցնում ենք զինվորի տան տեղը։ «Դերիկլյան Հայկենց տունը հաջորդ փողոցում է, Հայկոյին էստեղ բոլորը գիտեն»,–բարդ ազգանունը արտաբերելով վստահ պատասխանում է տղաներից մեկն ու առաջարկում մինչև Հայկենց տուն ուղեկցել։
Զինվորի տան մի անկյունում եռագույնի, մոմերի ու վարդերի մեջտեղում Հայկի լուսանկարն է՝ հաղթանդամ ինչպես Հայկ Նահապետը, հպարտ, ինչպես իսկական սկաուտը։ Անչափ բարի և պարզ տղայի լուսանկարին նայելիս միայն մայրն է նկատում աննկատը։ Տիկին Հասմիկը, որ որդուն բանակ ճանապարհելուց հետո այդպես էլ երբեք նրան չտեսավ, «կարդում է» անմահասած որդու աչքերի թախիծն ու դառնությունը։ Զինվորի տան լռությունը կոտրում են Հայկի մանկության ընկերները, լույսի կորած ակնթարթների մեջ փնտրում նրանից մնացած ամենալավը, ամենաջերմն ու ամենամաքուրը… Աղջիկներից մեկը հիշում է Հայկի հետ իր վերջին տանգոն, տղաները պատմում են դպրոցական տարիքում Հայկի հետ վաստակած առաջին գումարի մասին, մեկ ուրիշը հիշում է, թե ինչպես էր նա հաշտեցնում բոլորին, ամենուր և ամենքին խաղաղություն բերում։ Հայկն ամենից հաճախ վիճում էր ավագ եղբոր՝ Հարութի հետ, առանց որի, սակայն կյանք չուներ։ 10-12 տարեկան տղաներ էին, երբ եղբայրներով միացան Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժմանն (ՀԱՍԿ) ու դարձան սկաուտներ։ Սկզբում ծառայության մեկնեց Հարութը, ապա մեկուկես տարի անց՝ Հայկը։ Երկուսն էլ գնացին Արցախ, ծառայեցին այն հողում, որն այլևս մերը չէ։ 

«Էնպես չի, որ սրանով կռիվը վերջացավ, դեռ նոր պատերազմ է լինելու Նախիջևանի համար, Ղարաբաղի համար, պիտի հետ վերցնենք մեր Արցախը, իզուր չի իմ եղբոր արյունն էդտեղ թափվել»,–ասում է Հարութն ու խոստանում՝ առաջնեկ որդուն Հայկ է կոչելու։

Պատերազմի հենց սկզբից Դերիկլյան եղբայրները եղել են ռազմաճակատի ամենածանր՝ հարավային հատվածում։ Հարութը մինչև նոյեմբեր կռվել է Հադրութում՝ ականանետային մարտկոցի անձնակազմում։ Իսկ 18-ամյա Հայկը Ջրականում (Ջաբրայիլ) էր, ընդամենը երկու ամսվա ծառայող, երբ իր մաշկի վրա զգաց պատերազմի սարսափը։  Ընտանիքը վերջին անգամ Հայկից լուր էր ստացել հոկտեմբերի 8–ին։ Մայրը պատմում է, որ մի վայրկյան անգամ չի մտածել, որ Հայկը հետ չի գա, հակառակը՝ ինքն է գոտեպնդել ընտանիքին, տրամադրել միայն լավ լուրի, բայց… 23 օրվա լռությունը խախտվեց նոյեմբերի 1-ին։ Հայկական կողմին փոխանցված 30 զոհված զինծառայողների շարքում հայրը ճանաչեց որդուն։ Հայկ Դերլիկյանի աճյունն ամփոփվեց «Եռաբլուրի» բարձունքում՝ 30 տարի առաջ անմահացած արցախյան ազատամարտիկների կողքին։ 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ