News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Արցախի վերամիավորման 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշումից ուղիղ 31 տարի անց ադրբեջանական զինված ուժերը մտան Լաչինի շրջան։ Մինչեւ երեկ երեկո Հայաստանի ու Արցախի իշխանությունները վերջնական տեղեկություն չէին տալիս Բերձոր քաղաքի ու հարակից գյուղերի բնակիչներին՝ լքել տարածքը, թե՞ մնալ, ադրբեջանակա՞ն է լինելու այն, թե հայկական: Բնակիչների մեծ մասը, այնուամենայնիվ, ապահովության համար դուրս է եկել։ Տղամարդկանց մի մասը հանել են կանանց և երեխաներին, իրենք՝ մնացել։ Այստեղ եւս շատերը հրկիզել են իրենց տները։ Կրակի դադարեցումից հետո Բերձորը հսկող ռուս խաղաղապահները երեկ ասել են, որ քաղաքում չպետք է լինի որեւէ երկրի դրոշմ եւ Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է։ Բերձոր քաղաքում այս պահին ադրբեջանցի ոչ մի զինվորական չկա, ինչ կլինի հետո անորոշ է։

Հերթական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հայտնի հայտարարության սկզբնական տարբերակում իրենց առաջարկվում էր Լաչինի միջանցքի լայնությունը թողնել 30 կիլոմետր: «Ես կտրականապես դեմ էի դրան, հաջորդ տարբերակում  միջանցքի լայնությունը 10 կիլոմետր էր, դրան էլ չեմ համաձայնել, արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց 5 կիլոմետր լայնությամբ միջանցքի շուրջ»,- ասել է նա: Ալիեւն ասել է,   որ  շուրջ 30 տարի տեւած բանակցություններում Լաչինի շրջանն ամենակարեւոր հարցերից էր։ «Հայկական կողմն ընդհանրապես համարում էր, որ ամբողջ Լաչինի տարածքը պետք է իրենց մնա: Ցավոք, որոշ արեւմտյան շրջանակներ կողմ էին դրան: Հայաստանն այնտեղ բնակեցման մեծ ծրագիր իրականացրեց, այսինքն` չէր էլ մտածում Լաչինի շրջանը վերադարձնել Ադրբեջանին: Բանակցություններում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ նրա հովանավորները միշտ նշում էին, որ Լաչինն առանձին թեմա է: Չնայած մեզ ուղիղ կերպով չէր էլ ասվում, բայց միշտ այնպիսի կարծիք է եղել, որ Լաչինի շրջանը ինչ-որ ձեւով պետք է մնա Հայաստանին», պատմել է Ալիեւը:

Պատերազմին ու բանակցություններին վերաբերող շրջանների վերաբերյալ ուշագրավ բացահայտումներ է արել նախկին պատգամավոր եւ նախկին դաշնակցական  գործիչ Աղվան Վարդանյանը։

Եվս մեկ հարց՝ վարչապետին։ Արդյոք սուրճի սեղանի շուրջ ընտանեկան միջավայրում Նիկոլին ասվել է՝ մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։ Արդյո՞ք նրա կինը, միջամտել է՝ ինչ է եղել, թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել»,– հարցրել է Աղվան Վարդանյանը։

Լրագրողների խնդրանքով Վարդանյանն անդրադարձել է նաեւ Փաշինյանի կադրային նշանակումներին։

NEWS.am-ն արդեն անդրադարձել էր մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահի հանդիպմանը ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ և Մոսկվայի իր աղբյուրներին հղում անելով՝ նշել, որ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին «դավաճան» են անվանել և մեղսակից տեղի ունեցածի համար։ Նախագահի աշխատակազմից հերքել էին այս տեղեկությունը՝ անվանելով դրանք ստահոդ տեղեկություններ։ Այսօր հրապարակված տեսանյութում հանդիպման մասնակիցներից մեկն ուղղակիորն մեղադրում է նախագահին երկրի այսօրվա վիճակի համար։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն արձագանքել են  վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին՝  Արցախի գործող նախագահի՝ պատերազմը կանգնեցնելու ջանքերի շուրջ։ Նրանք նշել են, որ Արայիկ Հարությունյանին իրենք են հորդորել նամակներով դիմել Փաշինյանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը: Պատերազմի դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի  պաշտոնաթող 3 նախագահները: Արցախի նախագահը նամակներ է պատրաստել՝ ուղղված  Պուտինին, Թրամփին ու Մակրոնին, սակայն Փաշինյանը պատճառաբանել է, թե Ադրբեջանի  պատճառով ստեղծված իրավիճակում այդ նամակները հղելը նպատակահարմար չէ: Ղուկասյանն ու Սահակյանը նաեւ նշել են, որ վարչապետի՝ իրականությանը չհամապատասխանող մյուս գրառումներին այժմ նպատակահարմար չեն համարում  անդրադառնալը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել էր հրապարակում գտնվող վարչապետի հրաժարականը պահանջող մարդկանց ու հորդորել դադարեցնել հացադուլը: Նրանք չեն մերժել վեհափառին ու հացադուլի 9-րդ օրը դադարեցրել են այն ու  պայքարը կշարունակեն  այլ եղանակներով: Հովվապետը մի քանի օր առաջ էլ էր իր օրհնությունը փոխանցել ու հորդորել պայքարի այլ միջոց ընտրել:

Կիրակի բազմաթիվ քաղաքացիների ու վեհափառի  հորդորով՝ Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն արդեն դադարեցրել էին հացադուլը:

Անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ակցիաները եւ այսօր հավաքվել էին Էջմիածնի եւ Կապանի զորամասերի դիմաց, որտեղից նրանց տարել են: Նրանք ասել են, որ ոլոր այս օրերին այցելել են պաշտպանության նախարարություն, Կարմիր խաչի գրասենյակ, հանդիպել են վարչապետի հետ։ Նրանց խոսքով՝ Փաշինյանն ասել է՝ այդ 5 շրջաններն անհասանելի են մեզ եւ ոչ մի կերպ Կարմիր խաչը չի կարողանում Ադրբեջանի հետ համագործակցել, եւ ստիպված ենք սպասել:

Մի քանի ժամ զորամասերի դիմաց սպասելուց հետո ծնողները շարժվել են պաշտպանության նախարարություն: Նրանցից ոմանք նշում են, որ շատ լավ գիտակցում են, որ գուցե ողջ չեն իրենց զավակները, բայց ուզում են գոնե նրանց աճյունները բերել։

Ծնողներից մի քանիսը հանդիպում են ունեցել Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ։ Նրանց վստահեցրել են, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել, որպեսզի անհետ կորածներին հայտնաբերեն։ Ծնողներին նաև ասել են՝ դուք թողեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին։ Անհետ կորածների հարազատներն էլ որոշել են՝ առայժմ դադարեցնելով բողոքի ակցիաները։

Միաբանության երթերից, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանատներ նամակներ հանձնելուց հետո հայ ռազմագերիների ճակատագրով մտահոգ մշակույթի գործիչներն այսօր համանման նամակ են հանձնել նաեւ Միացյալ Նահանգների դեսպանություն ։

Մտավորականները նշել են՝  քանի որ Հայաստանում իշխանություն չկա, որը կզբաղվի գերիների ու անհետ կորածների հարցերով, իրենք ստիպված դիմում են միջազգային կառույցների, այդ թվում դեսպանատների օգնությանը։

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից զոհվածների մարմինների եւ ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգման գործողություններ չի նկատում: Այս հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, միաժամանակ նշել, որ կան օբյեկտիվ դժվարություններ։ «Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը եւ այն, թե ինչպես են զարգացել մարտական գործողությունները, դրանց դադարեցումից անմիջապես հետո այդ հարցերով զբաղվելը շատ դժվար է, առավել եւս, որ անհետ կորածների հստակ ցուցակները բացակայում են: Հույս ունենք, որ ԿԽՄԿ-ի մասնագետների ներգրավումից հետո գործընթացն արագ կանցնի: Մեր խաղաղապահները հնարավորինս աջակցություն են ցուցաբերում»,-հավելել է նախարարը:

Ի դեպ, Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր կրկին Երևանի կենտրոնում փողոց են փակել։ Ոստիկանները նորից բիրտ ուժ կիրառելով նրանց դուրս են բերել փողոցից ու բերման ենթարկել, ընդ որում, այդ ընթացքում քաշքշել են նաև լրատվամիջոցներին աշխատակիցներին։  Քաղաքացիներից  մի քանիսը բարձրացել, կանգնել են տրոլեյբուսի վրա ու «Նիկոլ, դավաճան»։ Կարմիրբերետավորները նրանց հետևից բարձրացել են տրոլեյբուսի վրա, ու իջեցրել ցուցարարներին այնտեղից։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանը հայտարարել է խմբակցությունը լքելու մասին, նա Ազգային ժողովում գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։ Գեւորգյանը նշել է, որ այդ որոշմանը հանգել է՝ ելնելով պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից:

Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացրած  Հունան Պողոսյանը հայտարարել է, թե որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չէր կարող համակերպվել առկա իրողությունների հետ։ Նա շարունակելու է պաշտոնավարել մինչեւ իր դիմումի ընդունումը։ 

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա։ Ի՞նչ օրակարգով՝ ԱԱԾ–ն չի մանրամասնում։ Մամուլում ավելի վաղ տեղեկություններ կային, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջեւանն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծման գաղափարին: Բայց խոստովանել է, որ  առաջնորդները քննարկում են տրանսպորտային հաղորդակցության թեման:

Ադրբեջանի հետ առեւտրական հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի  հայտարարությունը հանրային լայն արձագանք է գտել, «Հայկական ժամանակ» թերթում Փաշինյանի աշխատակից, այժմ պատգամավոր Հայկ Գեւորգյանը դրանում որեւէ վատ բան չի տեսնում:

Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ մահացել է 2742 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում մահացել է 46 վարակված, որոնցից 17-ը այլ հիվանդության պատճառով։ Գրանցվել է  կորոնավիրուսով վարակվելու 843 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135967-ի:

Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք մարդ է մահացել։ Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և հրկիզվել, այրվել են պապը, տատը եւ 11–ամյա թոռնուհին, իսկ մայրը որդու հետ կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից։ Նախնական վարկածով՝ ավտովթարը տեղի է ունեցել՝ ավտոճանապարհի մերկասառույցի պատճառով։

Վարչական դատարանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը նրան հոկտեմբերի 23-ին ազատել էր աշխատանքից։  Դատարանն արձանագրել է, որ խախտվել է Սարգսյանի աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնարար իրավունքը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.58 դրամով եւ կազմել 506.98 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.59 դրամով ու հասել 607.41 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.24 դրամով ու հասել 676.92 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել  6.66 դրամ:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերային եւ առավոտյան ժամերին առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։ Երեւանում եւս  տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +6+8:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ