News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախյան պատերազմի ավարտն ազդարարող նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությունից հետո Հայաստանի բնակչությանը մտահոգող մյուս հարցը Հայաստան-Ադրբեջան նոր սահմանագիծն է: Պատերազմում պարտված Հայաստանը մեծ թվով տարածքներ է զիջելու Ադրբեջանին: Պաշտոնական մարմինները չեն արձագանքում հանրության մտահոգություններին՝ մինչև վերջին պահը անորոշության մեջ թողնելով Արցախի Հանրապետությունից տարհանվող բնակչությանը: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Բնակավայրերն ազատելու մասին բնակիչները հաճախ տեղեկանում են հայտարարված վեջնաժամկետից մի քանի ժամ առաջ: Հետպատերազմյան երկու շաբաթների ընթացքում նրանք ամեն օր անակնկալի են գալիս նոր տարածքներ հանձնելու մասին հանպատրաստից արվող հայտարարություններից:

Բոլորին հուզող հարցերից մեկն այսօր հետևյալն է՝ որտե՞ղ են գծվում երկրի նոր սահմանները և ովքե՞ր են իրականացնում Հայաստան-Արցախի Հանրապետություն-Ադրբեջան սահմանազատման աշխատանքները:

Նախկինում երկրի սահմանները ճշտելու աշխատանքներն իրականացրել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որն այս տարվա հունիսի 10-ից լուծարված է: Կադաստրի կոմիտեի ենթակայության «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը լուծարվեց Կառավարության 2020թ.-ի ապրիլի 9-ի 530-Ն որոշումով: Ավելի քան 50 տարի գործող կազմակերպությունը լուծարելու անհրաժեշտությունն այդպես էլ անհասկանալի մնաց: ՊՈԱԿ-ի մասնագետների մի մասն աշխատանքի անցավ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում, որտեղ նոր ստորաբաժանում ստեղծվեց՝ Գեոմատիկայի կենտրոնը:

Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների իրականացման գործառույթներն այս կենտրոնին են վերապահված:

Կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը «Հետք»-ին հայտնել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներն իրականացնում են կենտրոնի մասնագետները, որոնց մի մասը  «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի  նախկին աշխատակիցներն են: Նրա ասելով՝ սահմանազատման աշխատանքներն իրականացվում են ժամանակակից տեխնոլոգիաներով, կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններով, քարտեզային և դաշտային աշխատանքներ  իրականացնելով: Վստահեցրեց, որ աշխատանքներն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան:

«Ուսումնասիրվում են մեր տրամադրության տակ եղած իրավական բոլոր նյութերն ու քարտեզները: Կարծում եմ, մինչև աշխատանքների ավարտը վաղ է եզրակացություններ անել, թե որ հատվածն ում է անցնելու: Մեր մասնագետները սահմանագիծը հստակեցնում են՝ հաշվի առնելով մի շարք քարտեզագրական նյութեր և իրավական փաստաթղթեր»,- հայտնեց Գեոմատիկայի կենտրոնի պետը:

Վահագն Մուրադյանի ասելով՝ սահմանագծման աշխատանքները միաժամանակ կատարվում են Հայաստանի և Արցախի Հանրապետության բոլոր ուղղություններում, բայց ավելի մեծ ուշադրություն է դարձվում Արցախի Հանրապետության այն տարածքներին, որոնք հանձնվել են Ադրբեջանին: Սահմանազատման աշխատանքներն ավարտելուց հետո դրանք կտրամադրվեն մյուս գերատեսչություններին, որի հիման վրա նրանք սահմանագծման աշխատանքները կշարունակեն միջպետական կառույցների հետ:

Նախկին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ, տնտեսական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանի համոզմամբ, այս պահին Կադաստրի կոմիտեն ունակ չէ գնահատելու հարցի լրջությունը։ Նման կարծիք ձևավորելու համար հիմք է հանդիսացել վերջին մեկ տարվա ընթացքում Կադաստրի կոմիտեում ոլորտային լուրջ քայլերի իրականացման բացակայությունը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Կադաստրի դրսևորած բացարձակ անգործությունը։

«Փոխանակ Կադաստրի կոմիտեն հենց նոյեմբերի 10-ին՝ ժամը 00-ից սկսեր աշխատել իր պատասխանատվության ուղղություններով, առնվազն մինչև վերջին օրերը ոչ մի տեղեկատվություն չենք ունեցել, թե ինչով են զբաղվում»,- հայտնեց պրն Շահինյանը։

Վերջինս նշեց, որ իր համար, որպես մասնագետի, չափազանց ցավոտ է լսել Արցախի, ապա նաև Սոթքի բնակիչների այն խոսքերը, որ հակառակորդը GPS սարքերով սահման է դնում, իսկ մեր կողմից կամ մարդ չկա կամ կա, բայց մասնագետ չէ։ Շ. Շահինյանը կարծում է, որ Կադաստրի կոմիտեն առաջինը պետք է առաջարկություն ներկայացներ վարչապետին, թե ինչպես պետք է կազմակերպվի տարածքների հանձնումը թշնամուն, և երկրորդը՝ մասնագետների լայն շրջանակի հետ հանդիպում պետք է կազմակերպեին և այդ պրոցեսի մասին կարծիքներ լսեին։

«Համոզված եմ, որ Հանրապետությունում շատ մարդիկ կան, որ ասելու, առավել ևս անելու բան կունենային այս պրոցեսում։ Այսօր չկա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, սակայն կան մասնագետներ, ովքեր պատրաստ են ներգրավվելու սահմանազատման աշխատանքներին Արցախում և պաշտպանել Հայաստանի շահը։

Նոյեմբերի 23-ին նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակած բաց նամակով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին հայտնեց, որ ինքը և շատ մասնագետներ պատրաստ են մասնակցել այդ աշխատանքներին։ Նամակն ուղարկել էր նաև վարչապետի աշխատակազմին, որտեղից էլ ծանուցել են, որ այն վերահասցեագրվել է Կադաստրի կոմիտեին: Գիտնականը հույս չունի, որ Կադաստրը իրենց կներգրավի սահմանագծման աշխատանքներին։

Շ. Շահինյանի կարծիքով՝ սահմանագծման աշխատանքներն իդեալական իրականացնելու դեպքում պետք է յուրաքանչյուր տարածքի հանձնումից օրեր առաջ գեոդեզիստ քարտեզագիրների կողմից այց կատարվեր ենթադրյալ սահմանի տարածք, պաշտպանության մասնագետների հետ ուսումնասիրվեր տեղանքը, սահմանը դրվեր, և եթե անհրաժեշտ լիներ մեր դիրքերը մի փոքր էլ առաջ տեղակայվեին՝ ավելի շահավետ դիրք ունենալու համար։ Չէ՞ որ յուրաքանչյուր բլուրն էլ կարևոր է մեզ համար։

«Իմ խորին համոզմամբ, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի լիազոր մարմինը պետք է լիներ ոչ թե արձագանքող և իրավիճակին հարմարվող, այլ՝ նախաձեռնող և իրավիճակ ստեղծող»,- ասում է Շահեն Շահինյանը։ Սակայն, նրա կարծիքով, տվյալ կառույցի ղեկավարները մոռացել են, որ հանդիսանում են ոչ միայն գրանցող մարմին, պարզ ասած արխիվ, այլ գեոդեզիայի, քարտեզագրության, ֆոտոգրամետրիայի, հողաշինարարության, գույքի գնահատման և մի շարք այլ ոլորտների լիազոր մարմին: Եթե չեն կարողանում կամ չեն ուզում այդ գործառույթներն իրականացնել, կարող են միջնորդություն ներկայացնել Կառավարություն և հայտարարել, որ մենք սա չենք անելու թող մեկ ուրիշը անի։

Նա տեղեկացրեց, որ տարիներ առաջ Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանների ճշգրտման աշխատանքներին ներգրավված էին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի մասնագետները: ՊՈԱԿ-ի մասնագետները քարտեզների հետ աշխատանքի իրենց բազմամյա փորձով շատ բան կարող են անել, քանի որ արդեն առնչվել են մի շարք խնդիրների, որոնց կարող են հանդիպել այս պահին Հայաստան-Ադրբեջան սահմանի ճշտման աշխատանքներով զբաղվող անձինք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ