News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւի նախագիծ։ Այս մասին տեղեկանում ենք Բելգիայի հայերի կոմիտեից։

Կոմիտեի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն  արտացոլվում է  հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձեւի նախագիծը  դեռեւս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման  եւ հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռեւս վերջնական չէ։

Բանաձեւի այս նախագծում խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան եւ օտարերկրյա վարձկանները։ Բանաձեւը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական  ուժերը Լեռնային Ղարաբաղից եւ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին։

Այն, մասնավորապես, կոչ է անում Թուրքիային դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը,  զերծ մնալ տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից,  ինչպես նաեւ հրաժարվել Սիրիայի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերաբնակեցնելու ծրագրից։ 

Մյուս կողմից, խորհրդարանականները ցանկանում են Լեռնային Ղարաբաղում տեսնել միջազգային այլ դերակատարների ներկայություն, մասնավորապես, խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը  նպաստելու նպատակով։ Նրանք նաեւ կոչ են անում Բելգիայի կառավարությանը, Եվրամիության հետ մեկտեղ, նպաստել փախստականներին հումանիտար օգնության տրամադրման եւ ռմբակոծությունների հետեւանքով առաջացած ավերածությունները վերացնելու գործողություններին։

Խորհրդարանականները պահանջում են նաեւ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը պատերազմական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաեւ մեղավորների դատապարտման ու պատժելու ուղղությամբ։ Նրանք, ի վերջո, պահանջում են գերիների եւ զոհվածների աճյունների վերադարձ՝ Ժնեւյան կոնվենցիայի համաձայն։

Բանաձեւի նախագծի առաջարկն արվել էր պատգամավոր Միշել դե Մակտի կողմից խորհրդարանական մեծամասնության համար, որին մասնավորապես աջակցել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան  Հովը եւ փոխնախագահ  Սամյուել Կոգոլատին։ Այս տեքստը փոխարինեց բանաձեւի այն առաջարկին, որն ի սկզբանե ներկայացրել էր պատգամավոր Ժորժ Դալմանը  դեռեւս հոկտեմբեր ամսին, որին սատարել էին պատգամավորներ Պիտեր դը Ռուվերը եւ Ֆրանսուա դե Սմեդը։

Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս բանաձեւի ընդունումը եւ շնորհակալություն հայտնում ինչպես կառավարության մեծամասնության, այնպես էլ  ընդդիմադիր խորհրդարանականներին,  որոնց համատեղ աշխատանքն որոշիչ դեր խաղաց բանաձեւի մշակման եւ ընդունման հարցում փոխզիջման գալու համար։

Եթե խոհրդարանը լիագումար նիստոով հաստատի  այս բանաձեւը, այդպիսով միանշանակ ցույց կտա, որ Բելգիայի խորհրդարանը կարող է ինքնավստահ եւ կառուցողական դեր խաղալ միջազգային քաղաքականության մեջ՝ առանց դավաճանելու երկրի մարդասիրական արժեքներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ