News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանն այն կադրերից է, որոնք պետք է կառավարության նորացման ու թարմացման իմիտացիա ստեղծեն՝ տանուլ տված պատերազմից հետո ժողովրդի զայրույթն ու դժգոհությունը փարատելու, մարդկանց հանգստացնելու նպատակով, գրում է Hraprak.am-ը:

Սակայն վարչապետի ընտրությունը նույնիսկ իմիտացիա ստեղծելու համար, մեղմ ասած, անհաջող է: Անհասկանալի է, թե ինչով է ռուսների ասած՝ «գորշ ձիուկ» Անդրանիկ Փիլոյանը նախընտրելի նախկին ՀՀԿ-ական, ցանկացած իշխանության հետ լեզու գտնող Ֆելիքս Ցոլակյանից, որը նոյեմբերի 20-ին ազատվեց ԱԻ նախարարի պաշտոնից: Թվում էր՝ բարկացած, սեւ-սպիտակի խաղից զզված մեր հանրությանը հիմա հենց Ցոլակյանի նմաններն են պետք՝ խորհրդային դպրոց անցած, ԱԱԾ-ից մինչեւ հարկային ղեկավար պաշտոններ զբաղեցրած, մարզ ու նախագահի վերահսկողության օղակ կառավարած մարդիկ: Բայց անքննելի են Նիկոլի ճամփաները: Թերեւս միակ «առավելությունը» Փիլոյանի տարիքն է: Նա 10 տարով փոքր է Ցոլակյանից: Մնացած հարցերում՝ ակնհայտ հետընթաց: 

Բարձրագույն կրթության փոխարեն Մոսկվայում 2000-2002 թվականներին բարձրագույն որակավորման կուրսեր է անցել, բայց բազային կրթության մասին տեղեկատվություն չկա: Փիլոյանի կենսագրականում նշված է, որ 2000-2002 թվականներին ռազմական ու վարչական ղեկավարում է սովորել Ռուսաստանի Դաշնության համազորային ակադեմիայում: Վերջ: Սրանով ուսումն ավարտվել է, չնայած ԱԻՆ մամուլի քարտուղարը վստահեցնում է, որ ուսումնառությունն այդ մոսկովյան կրթօջախում «հավասարեցված է բարձրագույն կրթությանը»: Կարելի է ենթադրել, որ վարչապետ Փաշինյանը նրան ԱԻ նախարար է նշանակել՝ գնահատելով ձեռքբերումները վերջին պատերազմում:

Գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը 2018թ. հունիսի 18-ից եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը, իսկ մինչ այդ նույն կորպուսի շտաբի պետն էր: Վարչապետի սիրած գեներալներից է: Փաշինյանն այնքան է գնահատում նրան, որ հոկտեմբերի 22-ին, երբ էյֆորիայի մեջ գտնվող հայ հանրությունը սոցցանցերում գրում էր՝ «հաղթել ենք», իսկ հայկական բանակը պերմանենտ նահանջի մեջ էր, Փիլոյանին հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության եւ արիության համար արժանացրեց Ազգային հերոսի կոչման: Նա պարգեւատրվեց Հայրենիքի շքանշանով: Որո՞նք են եղել այդ բացառիկ ծառայությունները, եթե Փիլոյանի հրամանատարությամբ զորքերը, որոնք կռվում էին Ջեբրայիլում, ջախջախիչ պարտություն են կրել: Նրա զինակից հրամանատարներն ասում են, որ դրանք անգերազանցելի են եղել: Սակայն սպայակազմը նյարդայնացած է այս նշանակմամբ, ասում են, որ 5-րդ բանակային կորպուսից մարդ չի փրկվել՝ կորպուսի հրամանատարին ինչո՞ւ են Ազգային հերոսի կոչում տվել եւ նոր պաշտոն: «Մեզ պատվով պարտության մատնեցին, հիմա էլ առաջ են քաշում»,- ասում է նրանցից մեկը՝ Հ. Մ․-ն։ Ասում են, որ զոհերի մեծ մասը հենց 5-րդ բանակային կորպուսն է տվել, դրան գումարած՝ թշնամու տարածքում ահռելի քանակի զինտեխնիկա են թողել՝ անվնաս, օգտագործման ենթակա, եւ մեծ վնաս պատճառել բանակին։

Հասարակ զենիտկա, հեռադիտակ չունեինք

Ըստ որոշ գնահատականների, ամբողջ կորպուսից մի քանի տասնյակ մարդ է փրկվել, բոլորը կոտորվել են: «Ջեբրայիլում ոչնչացվել է հայկական հրետանու 80 տոկոսը: Թող կանգնեն-ասեն, որ տենց բան չկա»,- ասում է կապիտան, հրետանավոր Հ. Մ․-ն, որը Ջեբրայիլի համար թեժ մարտերի ժամանակ իր գնդի հետ 15 օր դիմացել է, իսկ վերջին օրը՝ հոկտեմբերի 18-ին, վիրավորվել ու ծանր վնասվածքներով այժմ էլ գտնվում է հիվանդանոցում: Նա նշում է, որ Ջեբրայիլ էին եկել հրետանային գնդեր ամբողջ Հայաստանից՝ Արարատի, Վայքի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Կապանի, Մեղրու, Գորիսի զորամասերից:  «Սպեցնազի պոլկը եկավ, Սասուն Միքայելյանը՝ իր ջոկատով, բայց հրետանային գնդերը՝ բոլորը ոչնչացվել են Ջեբրայիլում, որովհետեւ մենք չենք ունեցել հակաօդային պաշտպանության տարրական միջոցներ, հասարակ զենիտկաներ նույնիսկ, որոնք 41 թվի պատերազմում են օգտագործել, մենք չունեինք: Երեւի մի տասը հազար դոլար փող արժե էդ զենիտկեն: Ես մեր հրամանատարներին՝ լավ տղերք էին, ընտիր տղերք էին, կռվող, ասում էի՝ մի հատ զենիտկա բերենք, մի դոշի դնենք, էս «բայրաքթարներին» դրանով կրակենք: Ավտոմատով խփում ես, չի կպնում: Գլխավերեւում մի երեք ժամ ֆռռում ա: Էդ ընթացքում ո՛չ գրադ ա կրակում, ո՛չ թնդանոթ, սաղ վախում են, որ խփեն: Բայրաքթարը պտտվում ա, վերջում իրա ցանկությամբ մեկի վրա քցում են»,- հիշում է կապիտանը:  

Կորպուսի հրամանատարին նա տեսել է մի քանի րոպե, վերջին օրը

«Ես նրան դեմքով տեսա, ջիփով եկավ-կանգնեց, խոսեց, գնաց: Ոչ մեկի երեսին չէր էլ նայում, որովհետեւ էն վիճակն էր, որ մարդկանց ասում էր՝ եկեք գնանք էստեղ, էնտեղ, բայց մարդիկ արդեն բանի տեղ չէին դնում, որովհետեւ Իշխանաձորից մեր վրա կասետային ռումբեր գցեցին: Դա արդեն հոկտեմբերի 18-ն էր»: Նրա աչքի առաջ իր զորամիավորման «գրադի» մեքենաները պայթեցրել են, հրետանու «կալոննան» են տրաքացրել թնդանոթներով, իր ընկերներին, զինվորներին: «Մի հատ «իգլա» էին բերել, պահում էինք «բայրաքթարի» վրա, բայց չէր կարողանում բռնել դրան: Էնքան խփեցին, էնքան երեխա մեռավ: Հասարակ էլեկտրոնային քարտեզներ, հեռադիտակներ չունեինք, ավտոմատ, կասկա, բրոնեժիլետ ունեցել ենք, բայց գիշերային տեսանելիության սարքեր՝ ոչ»: Հարավային ուղղությունը ղեկավարում էին գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը: Երկուսն էլ Ազգային հերոսի կոչում ստացան:

Նա բավականին տանջված, չարչարված գեներալ է

Արդյոք չէ՞ր կարող Փիլոյանը գոնե զենիթային հրետանի բերել, գոնե գիշերային տեսանելիության սարքեր, հասարակ հեռադիտակներ, չէ՞ր կարող գնար, կուրծք ծեծեր, զանգեր ԳՇ, զենք ուզեր: Նախարարի հետ մենք խոսել չկարողացանք: Նրա փոխարեն մեր հարցերին պատասխանեց 5-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Ստեփանյանը: Ամբողջ պատերազմի ընթացքում նա եղել է Անդրանիկ Փիլոյանի կողքին: «Խնդրել ենք զինտեխնիկա, իսկ ո՞վ ասեց, որ չենք խնդրել»,- ասում է նա: Նաեւ վստահեցնում է, որ գիշերային տեսանելիության սարքեր պետք չէին, քանի որ հարձակումները եղել են միայն ցերեկային ժամերին: «Ե՞րբ է գիշերը հակառակորդը հարձակվել: Գործողությունները բոլորը եղել են ցերեկը: Հիմա մեղքն իր վրայից գցելու համար ամեն մի սպա ինչ ասես, կարող է գրել: Եղբայր, եթե քեզ անգամ տասը հատ տեսանելիության սարք տան, բայց դու քո տեղում չես կանգնում, եթե դու սովորական ղեկավարում չես իրականացրել, գիշերային տեսանելիության սարքն ի՞նչ ես անելու: Չի կարելի սեփական չարածը բարդել տեխնիկայի վրա»,- ասում է Սերգեյ Ստեփանյանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում, որ անհաջողություն կրած գեներալին պաշտոն են տալիս: 

«Երբ գեներալ Փիլոյանին նշանակեցին պաշտոնի, մենք, բնականաբար, բոլորս հասկանում էինք, որ տարբեր տեղերից հարվածներ լինելու են: Իսկ ո՞վ ասեց, որ անհաջողություն է կրել: Մենք գիտե՞ք ինչքան զորք կկորցնեինք, ինչքան զինվոր»,- պատասխանեց գնդապետ Ստեփանյանը: Նա նշեց, որ գեներալ Փիլոյանն ընդամենը մի քանի կիլոմետր առաջնագծի համար էր պատասխանատու: «Հասկանում եմ, մենք պարտվողի դերում ենք, մեր վրա հարվածները շատ են, բայց մարդը, որն ամեն մի զինվորի մահից հետո մահանում է ու էլի կենդանանում է, չի կարելի այդպես: Այդ սպաներին հարցրեք, թե քանի փամփուշտ են կրակել այդ ուղղությամբ»: Մարդն ասում է, որ չէին կարողանում «բայրաքթարին» խփել «իգլայով», գոնե զենիտկա պետք է ունենային: «Դրանց դեմ նույնիսկ ռուսական «Պանցիրներն» են թույլ: 700 հատ «բայրաքթար» էր, մի հատ «իգլա», բա ո՞նց են Օմարում սովորական հրաձգային զենքով տղաները խփել այդ «բայրաքթարները»: Գիտե՞ք գեներալ Փիլոյանը քանի զինվորի կյանք է փրկել, քանի գործողության շնորհիվ են կարողացել սահմանապահ զորքերն առանց կորուստներ տալու հետ քաշվել: Նա բավականին տանջված, չարչարված գեներալ է: Ես եմ նրա հետ եղել խրամատում: Փոշին ու կեղտը վրեն, ես եմ տեսել, թե ոնց էր ամեն մի զինվորի հետեւից վազում, ասում՝ տղա ջան, աղվեսափոսը մտի»:

ՀԳ Ըստ բաց պաշտոնական աղբյուրների, Թուրքիան ունի ընդամենը 100-ից քիչ ավելի քանակությամբ «բայրաքթար»։ 700 «բայրաքթարի» մասին խոսք անգամ լինել չի կարող։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ