News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծով բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում առաջարկվում են արմատական փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է միավորել նախկինում գործող երկու հիմնարար օրենքներ՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը՝ ընդունված 2000 թ.-ին եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը՝ ընդունված 2004 թ.-ին, ոլորտային ամբողջական կարգավորումը վերապահելով ընդունվելիք  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին։

Օրենսդրական նոր կարգավորման նպատակն է բարձրացնել կրթության եւ գիտության համակարգերի կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես, սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտական կազմակերպություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները։ Առաջարկվում է ուսումնառության պետական կրթաթոշակների տրամադրում՝ ուսման վարձի փոխհատուցում։ Դրվում են անհրաժեշտ իրավական հիմքեր գիտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության սերտացման եւ աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր եւ կոնսորցիումներ ձեւավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու հնարավորությունների ստեղծմամբ։ Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձեւերով: Սա ուսանողներին իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) կարգավորելու հնարավորություն կտա՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով եւ ֆինանսական հնարավորություններով: Երկու եւ ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել եւ իրականացնել կրթական ծրագրեր ու շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, ինչը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։

Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ին կառաջադրի բուհը (այդ թվում՝ մեկը ուսանող), իսկ մյուս 6-ը կլինեն գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Արգելվում է պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհի կառավարման խորհրդում։

Օրենքի նախագծում սահմանվում է, որ  անկախ բուհերի կազմակերպաիրավական ձեւից եւ կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար պարտադիր է դառնում  «Հայոց լեզու» առարկայի  քննությունը։ Բուհերի եւ գիտական կազմակերպությունների ակադեմիական ազատությունների ապահովման ու կառավարման մեխանիզմների գործունեության առնչությամբ տրված են մի շարք նոր կարգավորումներ։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը հաստատելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը համարել է անհետաձգելի. դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ