News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինացի գործակալները ակտիվացնում են իրենց ջանքերը՝ Ջո Բայդենի ապագա վարչակազմի վրա ազդեցություն ունենալու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հակահետախուզության վարչության պետ Ուիլյամ Էվանինան, հայտնում է BBC-ն:

Նրա խոսքով, այս աշխատանքը կատարվում է «ստերոիդների վրա» (այսինքն՝ ինտենսիվորեն): Չինացիները ուշադիր ուսումնասիրում են նոր թիմին մոտ մարդկանց:

Արդարադատության նախարարության Ազգային անվտանգության վարչության պետ Ջոն Դեմերսն ասել է, որ ընդհանուր առմամբ ավելի քան հազար մարդ, ովքեր կասկածվում են ՉԺՀ-ի օգտին լրտեսության մեջ, փախել է Ամերիկայից:

Չորեքշաբթի օրը Ասպենի ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ Էվանինան ասել է, որ չինական հետախուզությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել վերջին նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ կորոնավիրուսային պատվաստանյութերի շուրջ ԱՄՆ-ում ընթացող աշխատանքների հանդեպ: «Ինչպես կանխատեսում էինք, աճում է չինական ջանքերի վերակողմնորոշումը դեպի նոր վարչակազմը: Այս վնասակար ազդեցությունը, գումարած սովորական դիվանագիտական ազդեցությունը, ուղղված է ոչ միայն նրանց, ովքեր պետք է աշխատեն այնտեղ, այլ նաեւ նրանց շրջապատին»,- ասել է նա: «Շատ կարեւոր է, որ նոր վարչակազմը հասկանա, որ ազդելու նման փորձեր կան, դրանք ճանաչի տեսքով եւ համով: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է նա:

Նախընտրական քարոզչության ընթացքում Ջո Բայդենը եւ Դոնալդ Թրամփը փոխադարձաբար մեղադրում էին միմյանց չինական ազդեցությանը ենթարկվելու մեջ: Թրամփը մատնանշում էր մրցակցի որդու՝ Հանթեր Բայդենի՝ Չինաստանի հետ կապված կոմերցիոն գործարքները, իսկ Բայդեն-ավագը՝ չինական բանկում Թրամփի ունեցած հաշիվը։

Ջոն Դեմերսը հայտնել է, որ այս տարվա ամռանը ՀԴԲ-ն ամերիկյան լաբորատորիաներում աշխատող չինացի գիտնականների մեջ հայտնաբերել է մի քանի հարյուր մարդու, ովքեր ԱՄՆ գիտական վիզա ստանալիս թաքցրել են իրենց կապը չինական բանակի հետ: «Հինգ-վեց մարդ է ձերբակալվել, բայց սա միայն այսբերգի գագաթն է: Ճիշտն ասած, ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները գաղափար չունեինք, թե որքան մեծ է դա»,- ասել է Դեմերսը:

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն մի քանի տասնյակ մարդկանց հետ հարցազրույց է անցկացրել, ավելի քան 1000 չինացի հետազոտողներ շտապ մեկնել են:

Դեմերսի կարծիքով՝ միայն ՉԺՀ-ն ունի «ռեսուրսներ, հնարավորություններ եւ ցանկություն»` նման մասշտաբով զբաղվելու քաղաքական եւ տնտեսական լրտեսությամբ «եւ այլ վնասակար գործողություններով»:

Եւս շուրջ հազար չինացի գիտնականների ու ուսանողների վիզաները սեպտեմբերին չեղյալ են հայտարարվել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ