News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ունեցած կենսափորձով, անցած ճանապարհով եւ իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում համապատասխանում է այն չափանիշներին, որոնք նախապես ասվել էր անցումային, հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելու առնչությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Հարցին՝ արդյոք Վազգեն Մանուկյանն ի վիճակի՞ է ուղղել երկրում առկա սխալները՝ Մինասյանն ասաց. «Նա ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, ունի անհրաժեշտ, արժանապատիվ բանակցություններ վարելու ունակություն։ Նա ունի համապատասխան փորձառությունը՝ արդյունավետ ու ճիշտ կադրային քաղաքականություն տանելու, որպեսզի պրոֆեսիոնալ եւ ազգային մտածողության մարդիկ ունենա կառավարությունում։ Նա չունի որեւէ քաղաքական-կուսակցական շահ՝ առաջիկա արտահերթ ընտրություններում առաջադրվելու։ Պետք է գնահատել մարդու համարձակությունը, պատրաստակամությունը։ Մենք մի հանգրվանում ենք, երբ ամեն մեկը չէ որ այդ բեռն ու պատասխանատվությունը կվերցնի իր ուսերին»։

Հարցին՝ արդյոք կա՞ն սպասելիքներ, որ Վազգեն Մանուկյանը կկարողանա երկիրը հանել այս ծանր վիճակից, Արծվիկ Մինասյանն ասաց. «Միանշանակ, թե ես, թե քաղաքական քննարկումների ընթացքում կարծիք արտահայտած մարդիկ համոզումն ունեն, որ Վազգեն Մանուկյանն ունակ է։ Չափազանց կարեւոր է, որ հասարակությունը վստահի, հավատա եւ օգնի, որպեսզի նա կարողանա այս ծանր վիճակից դուրս բերել»։

Հարցին՝ Ռուսաստանի Դաշնությունն արդյոք պատրա՞ստ է Վազգեն Մանուկյանի հետ բանակցություններ սկսել, Արծվիկ Մինասյանն ասաց, որ Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը, թե նրա բանակցելու ունակությունը, դրական ձեռքբերումները Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում տալիս են եզրակացություն, որ Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառավարությունը ի վիճակի է ոչ միայն արժանապատիվ բանակցությունների, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության շահերի համընկնումը բերելու է մեր երկրի անվտանգության բարձրացմանը, մեր երկում խաղաղության հաստատմանը։

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ հանրության մեծամասնությունը դրական է վերաբերում Վազգեն Մանուկյանի թեկնածությանը. «Վազգեն Մանուկյանը տեսնում է նաեւ ճանապարհային քարտեզը։ Շաբաթ օրվա հանրահավաքի ժամանակ մեր հանրությունը կլսի, թե որոնք են այդ առաջնահերթ քայլերը, որոնք ժամանակավոր Կառավարությունը մտադիր է իրականացնել»։

Մինասյանի խոսքով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորները, որոնք կունենան պետականության զգացում, այս պահին պետք է կանգնեն «Ազգային փրկության շարժման» կողքին. «Մենք ապրում ենք պատմական շրջափուլ։ Ովքեր կշարունակեն Նիկոլ Փաշինյանի ազգադավ քաղաքականությունը, եւ կմերժեն Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ նոր անցումային Կառավարության ձեւավորումը, այդ մարդիկ կհայտնվեն պատմության համապատասխան տեղը։ Ճանաչելով պատգամավորների մի մասին, հույս ունեմ, որ իրենց մոտ վերջին պահին կարթնանա պետականության նկատմամբ հարգանքը։ Դավաճանի կողքին շարունակել մնալ, նշանակում է՝ կրկնակի դավաճանել պետությունը»։

Հարցին՝ քաղաքացիներն ի՞նչ ակնկալիքներ ունենան անցումային կառավարությունից, Արծվիկ Մինասյանն ասաց. «Կառավարությունը բացառելու է իր մասով որեւէ պատերազմական գործողության վերսկսում, երկրի ներսում բերելու է կայունություն, համերաշխություն, մեր քաղաքացիների ճակատագրերն է պարզելու, բացահայտելու եւ հնարավորինս շուտ մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ դիերի՝ երկիր վերադարձնելն է իրականացնելու, բանակցային սեղանի շուրջ արժանապատիվ կեցվածքով նստելով հանդերձ՝ ապահովելու է, որպեսզի այն կետերը, որոնք հնարավորություն են տալիս առավելագույն պաշտպանել մեր շահերը՝ սկսած Հադրութից, Շուշիով եւ ավարտված սահմանային բոլոր կետերով կարողանա դա իրականացնել բանակցության սեղանի միջոցով, երկրի տնտեսության եւ սոցիալական կյանքում տեղ գտած փլուզումը կասեցնելու է, կորոնավիրուսի եւ առողջապահական այս դրսեւորումները համակարգված ձեւով վերափոխելու է, եւ նախապատրաստելու է երկիրը՝ հնարավորինս շուտ արտահերթ ընտրությունների»։

Տպել
Ամենաշատ