News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 3–ին ընդդիմադիր 16 քաղաքական ուժերը հայտարարեցին «Հայրենիքի փրկության շարժում» հիմնադրելու և Վազգեն Մանուկյանին վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու մասին։ 

Վազգեն Մանուկյանը ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, երկար տարիներ քաղաքական գործունեություն է ծավալել։ 

1988թ․ փետրվարից նա ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժման մեջ, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ: Կոմիտեի այլ ղեկավարների հետ ԽՍՀՄ իշխանությունների կողմից ձերբակալվել է 1988թ. դեկտեմբերի 10-ին եւ կալանքի տակ մնացել  կես տարի։

Նա շարժման հենքի վրա քաղաքական կուսակցություն ձևավորելու կողմնակիցներից է, Հայոց համազգային շարժում կուսակցության ստեղծման նախաձեռնողներից, ՀՀՇ վարչության առաջին նախագահը: 1990թ․ ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:

1990թ․ օգոստոսի 13-ին ԳԽ կողմից նշանակվել է Հայաստանի նախարարների խորհրդի (կառավարության) նախագահ՝ վարչապետ: Վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել  1991թ․ սեպտեմբերի 26-ին։ Նույն թվականին նա մի խումբ համախոհների հետ՝ Շավարշ Քոչարյան, Դավիթ Վարդանյան, Սեյրան Ավագյան, Արշակ Սադոյան, Լյուդվիգ Խաչատրյան,  դուրս է եկել ՀՀՇ-ից և հիմնել «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը՝ ԱԺՄ-ն:

1992թ. սեպտեմբերին, գործող իշխանությունը՝ ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, տեղի տալով իր հրաժարականի հարցը դնող ընդդիմության պահանջներին, ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին առաջարկել է ստանձնել Հայաստանի պաշտպանության ոլորտի պատասխանատվությունը:

1992-ի սեպտեմբերի 11-ին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետական նախարար, իսկ մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերին, պաշտպանության նախարար, ինչպես նաև՝ ռազմաարդյունաբերական համալիրի պատասխանատու:

Վազգեն Մանուկյանը պաշտոնավարել է 1992թ․ սեպտեմբերից մինչև 1993թ․ օգոստոսի 21-ը: Այդ ժամանակահատվածում նրա անմիջական ղեկավարմամբ են կազմակերպվել, պլանավորվել և իրականացվել մի շարք ռազմական գործողություններ, որոնց շարքում ամենից նշանակալին Քարվաճառի ազատագրումն է:

1995թ․ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն անցել է խորհրդարան և ԱԺ-ում գործել որպես ընդդիմադիր խմբակցություն:

1996թ. Վազգեն Մանուկյանը մասնակցել է սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններին որպես ընդդիմության միասնական թեկնածու: Ընտրություններում պարտվելուց հետո ընդդիմությունը պահանջել է վերահաշվարկ անել՝ պնդելով, որ արդյունքները կեղծվել են։ 1996թ․ ընդդիմությունը միավորվել էր լուրջ հակակշիռ դառնալու և ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու նպատակով: Ընդդիմության միասնական թեկնածու էր Վազգեն Մանուկյանը:  

Հաջորդող տասնամյակում, մինչև 2009 թվականը Վազգեն Մանուկյանը շարունակել է ակտիվ քաղաքական գործունեությունը, գլխավորելով ԱԺՄ-ն: Վազգեն Մանուկյանը մի քանի անգամ վերընտրվել է ԱԺ պատգամավոր (մինչև 2007թվականը)։

2009 թվականին Վազգեն Մանուկյանին առաջարկվում է ղեկավարել նոր ձևավորված խորհրդապահական կառույցը՝ Հանրային խորհուրդը:

Մինչև 2019 թվականը՝ 10 տարի, Վազգեն Մանուկյանը եղել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ:

Վազգեն Մանուկյանը 2019 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարություն տարածեց ՀԽ նախագահի պաշտոնը լքելու մասին՝ հայտարարելով, որ իշխանությունները գնացել են այլ ուղղությամբ, երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: 

Այդ ընթացքում Վազգեն Մանուկյանը հիմնեց «ՎԵՐՆԱՏՈւՆ» հասարակական-քաղաքական ակումբը, որի նպատակը հանրային կոնսոլիդացիան էր: Ակումբը պարբերաբար կազմակերպում էր քննարկումներ և հայտարարություններով հանդես գալիս։

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 27-ին Վազգեն Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա եւ բանակին հանձնի ողջ իշխանությունը:

«Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք»,- ասվում էր հայտարարությունում։ 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ