
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Երեւանի գլխավոր փողոցներում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր տարօրինակ շատ էին «Շտապօգնության» մեքենաները։
Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ ոստիկաններից շատերին այսօր ակցիաների վայրեր են տեղափոխել «Շտապօգնության» մեքենաներով։
«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն էլ գրել է․ «Քաղաքապետ Հայկ Մարությանը ապօրինի տրամադրել է շտապօգնության մեքենաները դավաճանին հավատարիմ ոստիկաններին ցույցի վայրեր տեղափոխելու համար»։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է․ «Դեռ քաղաքապետ Հայկ Մարության, դեռ Երևանի քաղաքապետարանի "Շտապբուժօգնություն" ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյան, դեռ առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետ՝ Սերգեյ Հարությունյան՝ հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվում ոստիկաններ»։