News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքի  ռեյտինգային ընտրակարգի ցուցակում հաջորդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն Կարեն Գրիգորյանն է, որը խորհրդարանում փոխարինելու է Արգիշտի Մեխակյանին, ով ավելի վաղ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ Ըստ ԿԸՀ-ի արձանագրության՝ Կարեն Գրիգորյանն Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ստացել է  6289 ձայն։ Նա այժմ զբաղեցնում է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը։ NEWS.am-ի հետ զրույցում փոխմարզպետն ասաց, որ վերցնելու է պատգամավորական մանդատը, որովհետեւ ստեղծված իրավիճակում խորհրդարանում շատ անելիք ունի։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ անելիքի մասին է խոսքը, որը չի կարողանում անել փոխմարզպետի պաշտոնում, եւ պետք է խորհրդարանում անի, պատասխանեց, որ գործադիրի եւ օրենսդիրի աշխատանքները տարբեր են եւ իր աշխատանքը համահունչ է լինելու «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի հետ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների  համատեղ հայտարարությունից  հետո շատերը պահանջում են վարչապետի հրաժարականը։ Կարեն Գրիգորյանը մտավախություն չունի, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու հրաժարական տալ. «Ես այն անձանցից եմ, ով ամենօրյա ռեժիմով քաղաքացիների հետ շփում է ունենում եւ էդ ազդակներն է ստանում նրանցից։ Ես այդ շփումներից հասկացել եմ, որ գոնե այս պահին հանրությունը դա չի ուզում»։

Կարեն Գրիգորյանը տեղի ունեցածի պատասխանատվությունը իշխանությունների հետ կիսում է, որովհետեւ հանդիսանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ գործադիր իշխանության անդամ։

«Միանշանակ փաստաթուղթը ցավոտ է, բայց միեւնույն ժամանակ դա փրկության փաստաթուղթ էր»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը, թե շատ քաղաքացիներ համարում են՝ դա կապիտուլյացիա է, իրենց մեջքի հետեւում գաղտնի ստորագրված փաստաթուղթ, որը որեւէ հայանպաստ կետ չունի, ինչպե՞ս է այս պարագայում շարունակելու իշխանությունների հետ աշխատել, Կարեն Գրիգորյանն ասաց․

«Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը չուներ այն ժամանակը, որ հանրության հետ զրուցեր, իսկ եթե անգամ փորձեր զրուցել, դա բնականաբար բազմաթիվ հետեւանքներ կարող էր առաջացնել։ Պատերազմի ժամանակ միշտ չէ, որ իրադարձությունները դանդաղ են գնում ու ժամանակ է լինում հանրության հետ զրուցելու։ Կարծում եմ՝  2018թ․-ի ԱԺ ընտրություններին ժողովուրդը մանդատ է տվել պարոն վարչապետին, ու դրանով նա ստանձնել է այն պատասխանատվությունը, որ ինքը լեգիտիմություն ունի անձամբ նման որոշում կայացնելու»։

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարում, որ  «որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ, ես կգամ այստեղ եւ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ քննարկումներ կանեմ ձեզ հետ»։ Փոխմարզպետն առաջարկեց վարչապետի այդ ելույթն ամբողջությամբ մեջբերել, որովհետեւ ըստ նրա՝ մանիպուլյացիա է արվում։

«Նրա խոսքը վերաբերել է բանակցություններին, իսկ ռազմական  իրավիճակում՝ իրավիճակն այլ է։ Նման որոշման արդյունքում բազմաթիվ զինծառայողների կյանք է փրկվել»,- նշեց Արմավիրի փոխմարզպետը։ 

Պատերազմում պարտված երկրի ղեկավարին շատերն այլեւս բանակցություններ վարելիս չեն ուզում տեսնել, պատճառաբանելով, թե նրան չեն վստահում, եւ նա ի վիճակի չէ, բացի այդ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը  բանակցությունների  սեղանի շուրջ նստելու Իլհամ Ալիեւի հետ, որը պարբերաբար ծաղրում է նրան։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, կարծում եմ, որ դա արվում է իր ժողովրդի համար, իսկ բանակցություններում միանշանակ պատկերացնում եմ, որ պարոն վարչապետը թե՛ ունի էդ լեգիտիմությունը, թե՛ մասնագիտորեն, հմտություններով կարող է բանակցել տարբեր հարթակներում»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ եթե կարող էր բանակցել, ապա ինչո՞ւ պատերազմ եղավ, ինչո՞ւ տարածքները զիջվեցին, Կարեն Գրիգորյանն արձագանքեց․

«Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվել է պատերազմին, եւ այն, ինչ տեղի ունեցավ պատերազմում, գտնում եմ, որ առաջինը դա պետք է փնտրենք Ադրբեջանի ցանկությունների մեջ»։

Հարցին, թե ինչի՞ շուրջ պետք է բանակցել այս շրջանում, Կարեն Գրիգորյանը  պատասխանեց, որ  ստորագրված փաստաթղթի կետերը պետք է կյանքի կոչվեն։

«Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում, մենք ստանձնում ենք այդ պարտավորությունը եւ դրանից խույս չենք տալիս, դա այլ կերպ կդիտվի»,- նկատեց նա։

Գրիգորյանը վստահեցնում է, որ իշխանությունները միմիայն ճշմարտությունն են հայտնում հանրությանը։

«Մենք իշխանության եկած հաջորդ օրվանից  խնդիր ենք դրել, որ քաղաքացու հետ պետք է անկեղծ լինենք, եւ նման սկզբունքով էլ շարունակում ենք»,- ասաց նա։

 

Տպել
Ամենաշատ