News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պարենի ինքնաբավության տեսանկյունից բավականին ցածր ցուցանիշներ ունի։ «Կորոնավիրոսի պայմաններում մի շարք երկրներ սահմանափակեցին առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը՝ նպատակ ունենալով իրենց սպառողների համար ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ճգնաժամի ժամանակ ամեն երկիր մտածում է իր ազգաբնակչության պարենի հարցը լուծելու մասին, եւ Հայաստանն այդ առումով լուրջ խնդիր ունի, քանի որ պարենի ինքնաբավության տեսանկյունից բավականին ցածր ցուցանիշ կա, օրինակ՝ ցորենի դեպքում 31 %, հավի մսի դեպքում՝ 23 %, ոսպի դեպքում ավելի ցածր եւ այլն։ Մենք ապրանքների մեծ մասը ներկրում ենք, հետեւաբար ներկրվող ապրանքների գների տատանմամբ մեր մոտ կտրուկ տատանումներ են տեղի ունենում»,- ասաց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանն արձանագրում է, քանի որ մենք տեղում առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը չենք արտադրում, կախվածության մեջ ենք ընկնում միջազգային եւ հիմնական գործընկերների շուկայի գներից։ Եթե օրինակ, Ռուսաստանում ցորենի գինը բարձրանում է, ապա ավտոմատ նույնը տեղի է ունենում նաեւ Հայաստանում։

Վերջին օրերին որոշ ապրանքատեսակների թանկացումը տնտեսագետը պայմանավորում է նաեւ դրամի արժեզրկմամբ։ Թանկացումն այդ դեպում ըստ նրա՝ անխուսափելի էր։ Տնտեսագետի գնահատմամբ՝ այդ տատանումները մի քանի ամիս կշարունակվեն։

«Այս իրավիճակում, որպեսզի ներկրողները կորուստներ չունենան՝ պայմանավորված դրամի կուրսով, գինն ավելի բարձր են սահմանում։ Օրինակ, իրենք ներմուծել են ապրանք, երբ դոլարը 510 դրամ է, բայց իրենք մտածում են, որ հնարավոր է՝ դոլարը հասնի 520-ի եւ իրենց հաշվարկները 520-ով են անում, փորձում են իրենց ռիսկերը նվազեցնել, այսպես ասած՝ անվտանգության բարձիկներ են ստեղծում, դա, բնականաբար, գները բարձրացնում է։ Նաեւ այս ամենի վրա մեծ ազդեցություն ունի մեր տնտեսության մեջ մենաշնորհները։ Մենք ունենք մենաշնորհ ունեցող կազմակերպություններ, որոնք վերջին տարիների ընթացքում ավելի են ուժեղացրել իրենց դիրքերը։ Եթե, օրինակ, նախկինում «Ալեքս Գրիգը» հանդիսանում էր միայն ներկրող, հիմա մանրածախ շուկան վերցրել է իր ձեռքը եւ ինքն է գինը թելադրում»,- նշեց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանը կանխատեսում է՝ առաջիկայում թանկացումներ էլի կլինեն։ Օրինակ, պատերազմական գործողությունների հետեւանքով մենք կորցրել ենք Արցախի վարելահողերի շուրջ 75 %–ը, որտեղ արտադրվում էր ցորեն:

«Հիմա ցորենի աշնան բերքը չհավաքվեց եւ դա անշուշտ ցորենի գնի վրա ազդում է, քանի որ մենք կարողանում էինք էժան ցորեն բերել Արցախից, բայց հիմա չենք կարող բերել։ Այսինքն՝ մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ՝ պայմանավորված դրսի գործոններով, դրամի արժեզրկմամբ, ու պատերազմի հետեւանքով»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է դոլարի փոխարժեքի բարձրացմանը, ապա ըստ նրա՝ տատանումները դեռ կշարունակվեն, որովհետեւ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամ է, ներդրումների, տրանսֆերների կրճատում կա։

«Քաղաքական անորոշությունը եւս ազդում է տնտեսական իրավիճակի վրա, ներդրումներ չեն արվում, մարդիկ բանկերից գումարներ են հանում, այսինքն՝ այս ամեն ինչը ազդում է դրամ-դոլար տատանումների վրա։ Այստեղ մեծ անելիք ունեն Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը, որոնց քաղաքականությունը պետք է ներդաշնակ լինի։ Կենտրոնական բանկն այս վերջին շաբաթների ընթացքում փորձում է դոլարային ներարկումներ անել շուկա, վաճառում է մեծ քանակությամբ դոլար, որպեսզի կուրսը պահի, բայց այդպես երկար շարունակվել չի կարող։ Պետք է փորձել գտնել դոլարային ներդրումներ, թե՛պետական, թե՛ մասնավոր ծրագրերով»,- ասաց նա, ապա անդրադարձավ էներգակիրներին։

«Մենք էներգակիրներ ներկրող երկիր ենք, դրանց գների բարձրացումը ուղղակիորեն ազդում է մեր տարածքում արտադրվող, մատուցվող բոլոր ապրանքների գների վրա, իսկ էներգակիրների գները բարձրանում են դոլար-դրամ փոխարժեքով պայմանավորված, արդեն իսկ սեղմված գազը գազալցակայաններում 10-20 դրամի սահմաններում թանկացել է, այս տարի հուլիսին եւս բարձրացել էր գազի գինը։ Սրանք ազդում են գազի գնի ձեւավորվման վրա, եւ եթե մենք չկարողանանք բանակցել ռուսական կողմի հետ սահմանի վրա գազի գինը իջեցնելու շուրջ, ապա «Գազպրոմ Արմենիան» կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ բնակչության համար գազի սակագինը եւս փոխվի, այդ վտանգը կա հունվարի մեկից հետո»,- նկատեց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ Հայաստանը ինքնաբավ է միայն կարտոֆիլի, տավարի, ոչխարի մսի, եւ որոշ այլ ապրանքներից։ Սակայն չի բացառում, որ առաջիկայում տավարի մսի գինը կբարձրանա։

«Պատերազմական գործողությունների հետեւանքով մենք կորցրինք մեծածավալ խոտհարքներ։ Օրինակ, այնտեղից շատ հաճախ խոտի տուկ էին բերում Հայաստան, որ անասուններին պահեն, հիմա էդ հնարավորությունը չկա։ Էնտեղ տարին տասներկու ամիս խոտ կար, եւ անասնապահությամբ զբաղվելը ձեռնտու էր։ Հաջորդ ամիսների ընթացքում մենք կարող ենք ունենալ տավարի մսի գնի բարձրացում, որովհետ տավար պահելու էժան պայմաններն այլեւս չկան»,- ասաց նա։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն հավելեց, որ Կառավարությունը պետք է գյուղատնտեսական ծրագրերը վերանայի եւ աջակցութունը տրամադրի գյուղացուն, ոչ թե բանկերին։

«Մեր բոլոր ծրագրերը իրականացվում են բանկերի միջոցով, սուբսիդավորվում է գյուղվարկը, բանկին հետաքրքրիր չէ՝ էդ վարկը գյուղացին ինչի համար է ծախսելու, նրանց հետաքրքիր է գումարի վերադարձը, իսկ պետության կողմից կարեւոր է, որ գյուղացին էդ գումարը ծախսի գյուղոլորտում։ Այստեղ պետական կարգավորման խիստ անհրաժեշտության կարիք կա»,- ընդգծեց տնտեսագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ