News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պատերազմը հնարավոր է եղել ավելի շուտ կանգնեցնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես փորձել էի, մտադրված էի նաև այս ամենի մասին պատմել նաև որոշ քայլեր առաջարկել Արայիկ Հարությունյանին, թե ինչ է պետք անել կանգնեցնելու համար։ Առաջինը իր այդ հայտարարությունները գիտեք՝ առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու», այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու ժամանակն էր, պահի պահանջ էր։ Այո, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, հնարավոր էր կանգնեցնել․ այսպես ձևակերպեմ, վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ այդ զեկույցը: Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկերտ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալու հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում: Ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը չորրորդ օրը, երբ արդեն քո զինվորականները քեզ ասում էին՝ մենք անխուսաելիորեն պարտվում ենք»,– ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն պատճառաբանությանը, թե պատերազմն ավելի շուտ կանգնեցնելու դեպքում իրեն դավաճան կանվանեին՝ երկրորդ նախագահն ասաց.

«Պետք է խոսեմ այն ստերի մասին, որոնք հրամցնում էին մեր ժողովրդին: Առաջին օրից, որ մենք հաղթում էինք, եթե մի տեղ հետ ենք գնացել, ապա տակտիկական նահանջ էր, թշնամուն օղակ մտցնելու և հետո ջախջախելու համար․ այդ սուտը բանակը չէր տարածում, Արծրունն էր հնչեցնում զինվորական հագուստով, այդ սուտը ես գիտեմ որտեղ էր պատրաստվում։ Հիմա գերագույն գլխավոր հրամանատարը իր հորինած ստերի գերին էր դարձել։ Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, եթե իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր՝ ճիշտ որոշում կայացրեց և ճիշտ պահին, բայց երբ որ քո ամբողջ քարոզչական մեքենան ասում է, որ մենք հաղթում ենք, մենք Գետաշենում ենք, մենք Շահումյանում ենք և այդ հաղթարշավի մեջ գտնվող երկրի ղեկավարը հանկարծ ասում է՝ հոպ, զիջումներով մի պայմանագիր է ստորագրում, իհարկե՝ ասելու էին դավաճան է: Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքնդ ես գերի դարձել քո ստերին: Մեկ սուտը ծնում է մեկ ուրիշ սուտ, մեկ ուրիշ սուտ ծնում է մեկ ուրիշը, դա հայտնի բան է: Ինձ հասկացաք։ Մարդիկ եթե իմանային ճշմարտությունը, մարդիկ կասեին՝ հա դժվար քայլ էր, բայց լավ է, որ արեց։ Մեկ է՝ նույնը արեց, և հիմա կարող ենք ասել, որ այո, դավաճանություն էր, այո, անպատասխանատվություն էր, այո, արհամարհանք, չեմ կարողանում ուղղակի նորմատիվային լեքսիկոնում մնալ, չեմ ուզում անցնել։ Դու պարտավոր էիր կանգնեցնել չորրորդ օրը»:

Հարցին, թե ինչ կաներ ինքը, եթե լիներ Փաշինյանի փոխարեն, Քոչարյանը պատասխանեց. «Առաջինը եթե ես լինեի, պատերազմը չէր սկսվի:

Չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Եվ Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեյին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար: Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմը կազմակերպելու առումով, իրականում այդպես էլ եղավ հետագայում: Հիմա չէր լինի այդ պատերազմը։ Իսկ, այնուամենայնիվ, եթե լիներ, վստահաբար ասում եմ՝ չէինք պարտվի, որովհետև չէինք ունենա այն կոպիտ սխալները, որոնք ուղղակի կանխորոշեցին այդ պատերազմի ելքը:

Եզրակացությունը հետևյալն է՝ մենք ունենք իշխանություն, որը պարտվել է, որը ուզում է այդ պարտությունը փաթաթել ժողովրդի գլխին, բանակի գլխին, թե՝ լավ չեք արել, էս չեք արել, էն չեք արել: Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախնողներին, ո՞ւմ են պատժել:

Մովսես Հակոբյանը պատմում էր նաև որոշ դրվագներ, որ մարդկանց հավաքում, հետները բացատրական աշխատանք էին տանում: Մարդիկ դիրքերը թողնում էին ձեր ստերի պատճառով, ձեր վատ կազմակերպելու պատճառով, ամեն ինչ՝ և՛ սնունդ, և՛ այլն, և այլն: Եվ այս ամենը փոխել և ջարդել բանակի գլխին կամ ժողովրդի վախկոտությամբ բացատրել․․․ այդ նույն ժողովուրդը չէ՞, որ փառավոր հաղթանակ արեց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ