ԵՄ Խորհուրդը ԱԳՆ ղեկավարների մակարդակով հաստատել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցային ռեժիմը, որը չի կրկնում ԱՄՆ-ի «Մագնիտսկու ակտը»: Ակնկալվում է, որ այն կսկսի գործել դեկտեմբերի 10-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
«ԵՄ Խորհուրդը հաստատել է պատժամիջոցային մեխանիզմը մարդու իրավունքների խախտման համար, որը չի կրկնում «Մագնիտսկու ակտ»-ը եւ չի ունենա արտատարածքային գործողություն, այսինքն՝ բոլոր սահմանափակումները կգործեն միայն ԵՄ տարածքում»,-հայտնել է դիվանագետը:
«Ռեժիմը նախատեսում է անձանց գլոբալ սեւ ցուցակի ստեղծում, որոնց համար մուտքը ԵՄ տարածք արգելված է: Եվրոպական բանկերում նրանց բոլոր ակտիվները ենթակա են սառեցման, ԵՄ ռեզիդենտներն իրավունք չունեն այդ անձանց տրամադրել ցանկացած ֆինանսական ծառայություն»,-պարզաբանել է դիվանագետը:
Պատժամիջոցային ռեժիմը հաստատվել է նախարարների կողմից առանց քննարկման, քանի որ արդեն համաձայնեցվել է դեկտեմբերի 2-ին բոլոր 27 պետությունների դեսպանների մակարդակով: Նոր ռեժիմի միակ տարբերությունն այն է, որ դրա օգնությամբ ռեստրիկցիա կարող է սահմանվել աշխարհի ցանկացած պետության քաղաքացու նկատմամբ՝ անկախ նրանից, թե արդյոք ԵՄ պատժամիջոցային ռեժիմ գոյություն ունի այդ պետության դեմ:
Պատժամիջոցների տակ հայտնված անձինք կարող են բողոքարկել իրենց ներառումը սեւ ցուցակում Լյուքսեմբուրգի Արդարադատության եվրոպական դատարանում: