News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը:

Հայտարարությունում ասվում է. «Ի խախտումն  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը,  ամրագրվել է իբրեւ կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որեւէ օտար լեզվի քննություն հանձնել: Դեռ ավելին՝ ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետներում հայոց լեզվի քննությունը նշված է իբրեւ ոչ մրցութային: Հիշեցնենք, որ  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը միանշանակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդը համոզված է, որ բացարձակ  անթույլատրելի է որեւէ հիմնավորմամբ արդարացնել օրենքի դրույթի խախտումը, ուստի պահանջում ենք ՀՀ Կառավարությունից վերանայել 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը՝ համապատասխանեցնելով այն գործող օրենքի պահանջներին: ՀՀ Կառավարությունն ի պաշտոնե մեր օրենսդրության պահպանման երաշխավորն է, եւ ՀՀ պետական լեզվի հանդեպ կանխակալ ու աչառու վերաբերմունքը պետք է բացառի:

Հավելում ենք նաեւ, որ այս որոշումը ՀՀ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված եւ մինչ այդ շահագրգիռ մասնագիտական ատյանների կողմից հիմնավոր քննադատության արժանացած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթի մերժելի մոտեցումների ուղղակի հետեւանքն է: Այս օրենքի միջոցով փորձ է կատարվում ՀՀ պետական լեզվի դասավանդումը  բուհերում դարձնելու  կամընտրական:

Ընդգծենք, որ հիշյալ օրենքի նախագիծը խնդրահարույց է նաեւ բուհական ինքնավարության առումով, քանի որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին վերապահվում է միանձնյա իրավասություն՝ նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի  պաշտոնակատար:

Արդեն հայտնի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունման դեպքում բարձրացնել Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ կրթության իրավունքը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասելու հիմքով:

Ակնկալում ենք բարձրացված հարցերի հրատապ եւ իրավաչափ լուծումներ, որոնք չիրականացվելու դեպքում մեզ վերապահում ենք դիմելու այլ գործողությունների։

Տպել
Ամենաշատ