Ժամանակակի աշխարհը չի կարելի դիտարկել որպես ազդեցության ոլորտի բաժանման ենթակա, բոլորի համար տեղ կա, եթե հակամարտությունների կարգավորմանն անկեղծ մասնակցես: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Լիահույս եմ, որ Եվրամիությունն իրեն ժամանակակից ձեւով կդրսեւորի եւ չի փորձի ժամանակակից աշխարհը ներկայացնել որպես ազդեցության ոլորտի բաժանման ենթակա: Բոլորի համար տեղ կա, եթե հակամարտությունների կարգավորմանն անկեղծ մասնակցես, այլ ոչ թե ինչ-որ աշխարհաքաղաքական շահ եւ կողմնակի առավելություններ ստանալու համար»,-ասել է Լավրովը:
Նրա կարծիքով՝ Բորելը մտահոգված է, որ ինչ-որ մեկը, բացի ԵՄ-ից, կարող է նախաձեռնող քայլեր ձեռնարկել ԼՂ հարցով:
ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների «աստանացումն» այդ երկրներին թույլ է տվել կիսել ազդեցության ոլորտները ՍԻրիայում, Լիբիայում եւ Կովկասում: