News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար Անկարան պետք է ձեռք բերի ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային հանրության վստահությունը: Այս մասին իր ռուսաստանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի խոսքն այն մասին, որ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները կարող են նպաստել 30-ամյա լարվածությունից հետո հայ-թուրքական փոխհարաբերությունների բարելավմանը:  Կարծում եմ, որ Հարավային Կովկասի վերաբերյալ այդպիսի տեսլականին մենք, իհարկե, համաձայն ենք եւ ցանկանում ենք ապրել խաղաղության, կայունության եւ մեր բոլոր հարեւանների հետ փոխգործակցության մեջ: Մենք կտեսնենք, թե վստահության վերականգնման համար ինչ միջոցներ է ձեռնարկելու Անկարան, կարծում եմ՝ ոչ միայն Հայատանի կողմից, այլ նաեւ միջազգային հանրության: Եվ միայն դրանից հետո կգնահատենք, թե որքանով է անկեղծ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր դարաշրջանի մասին խոսքը»,- նշել է Այվազյանը՝ շեշտելով, որ դրան հասնելու համար Անկարան պետք է վստահություն ձեռք բերի, որը կորցրել է այս ամբողջ ընթացքում:

Այվազյանը հիշեցրել է 1991 թվականից ի վեր Հայաստանի անկախության ամբողջ ժամանակահատվածում Թուրքիայի գործողությունները:

«Սկսեմ 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից` Հայոց ցեղասպանությունից, եւ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում ու Սփյուռքում հայերի ճնշող մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ուղղակի հետնորդներն են: Մենք պատմական հիշողություն ունենք »,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ անկախության առաջին օրերից Հայաստանի Հանրապետության իշխանությունները հարեւան Թուրքիայի հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անկեղծ ցանկություն են հայտնել:

«Ի պատասխան՝ 1993 թվականից ի վեր մենք այս ամբողջ 30-ամյա ժամանակահատվածում ականատես ենք եղել մինչ օրս շարունակվող շրջափակման, դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մերժման եւ Հայաստանի նկատմամբ խիստ ագրեսիվ մոտեցման»,- նշել է Այվազյանը:

Նրա խոսքով՝ 2008-2009 թվականներին սկսվեց, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը, երբ Հայաստանը նախաձեռնեց մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ավարտվեց Ցյուրիխյան համաձայնագրերի ստորագրմամբ: Սակայն դրանք մնացին թղթի վրա, եւ Թուրքիան հերթական անգամ հրաժարվեց կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական ենթատեքստեր. «Բոլորովին վերջերս՝ այս տարվա ապրիլի 24-ին, երբ Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում առաջին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Թուրքիայի նախագահը ելույթ ունեցավ սադրիչ հայտարարությամբ, որում նա, ըստ էության, արդարացնում էր հայերի ոչնչացումը: Սա եւս մեկ անգամ հաստատում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի պատրաստ չլինելու մասին»:

Այվազյանը հիշեցրեց, որ հուլիսյան իրադարձությունների սկզբից ի վեր, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հյուսիսային սահմանին իրավիճակը սրվեց, Թուրքիան սկսեց իր նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի շուրթերով բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետությանը. «Դա արտացոլվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցությամբ: Ես արդեն նշել եմ, որ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Արցախի դեմ պատերազմ հրահրելու մեջ, ուղղակիորեն սպառնացել է Հայաստանի Հանրապետությանը եւ չափազանց բացասական դեր խաղացել այս ամբողջ ընթացքում, ներմուծել է ահաբեկիչ գրոհայինների եւ անմիջական մասնակցություն է ունեցել, մասնավորապես իր ձեռքն է վերցրել ռազմական գործողությունների հրամանատարությունը, երեք անգամ խափանել է հրադադարի հաստատման մասին համաձայնագրերը, եւ ամեն անգամ այդ համաձայնագրերը չեզոքացվել են հենց Անկարայի բացասական դերակատարման հետեւանքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ