News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անցած գիշեր սոցհարթակում քննարկման բուռն ալիք էր բարձրացրել Արցախյան կարգավորման թեմայով Բելառուսի նախագահի եւ Հայաստանի 3-րդ նախագահի երկխոսության ձայնագրությունը, որում Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար էր առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանում է, թե ինքն է պատրաստ 6 միլիարդ տալ Ալիևին, որպեսզի վերջինը հրաժարվի 7 շրջանից:

Սկանդալային ձայնագրությունը հրապարակել է bagramyan26 տելեգրամ ալիքը։ Լրատվամիջոցների՝ պարզաբանումների խնդրանքին ի պատասխան, 3-րդ նախագահի գրասենյակից ասել են, որ ձայնագրությունն ընդունում են որպես փաստ եւ չեն մեկնաբանում։

Կայացել է Հանրապետության 3-րդ եւ 4-րդ նախագահների հանդիպումը։  Արմեն Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի քննարկման օրակարգում եղել է երկրում ստեղծված իրավիճակը:

Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են հուսահատ պահանջները՝ գտնել ու վերադարձնել իրենց զավակներին կամ նրանց մարմինները։ Նրանք այսօր հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց։ Իրենց հետ հանդիպման եկած զինվորականից նրանք պահանջել են իրենց տանել պաշպանության նախարարություն, որպեսզի հանդիպեն գեներալ Անդրանիկ Մակարյանի հետ, որն էլ զինծառայողներին ուղարկել է գործողության։ Զինվորականը հրաժարվել է։

Նախօրեին Սյունիքի մարզի Արավուս գյուղի հատվածում թշնամին 800 մետր առաջխաղացում է ունեցել, Համայնքի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը NEWS.am-ին պատմել է, որ ադրբեջանցիների գալուց հետո իրենք կանչել են առաջին կորպուսի հրամանատարին, որն ասել է, որ GPS–ը ցույց է տալիս, որ տարածքը ադրբեջանցիներինն է։ Արգամ Հովսեփյանն էլ առարկել է, որ դա գյուղի տարածքն է, ինքը կադաստրի հետ պայմանագիր ունի։ Ըստ նրա՝ թշնամին իր դիրքերը Արավուսից  ընդամենը օդային 500 մետր հեռավարության վրա է դրել։  Գյուղապետի խոսքով՝ ադրբեջանցիները ոտնձգություն են կատարում իրենց տարածքների նկատմամբ արդեն մեկ շաբաթ, իսկ երկու օր առաջ նույնիսկ գյուղացիներին վերջնաժամկետ են տվել՝ սպառնալով ԱԹՍ–ներ բերել և բոլորին վառել։  Արդյունքում Արավուսի բնակիչները ստիպված են եղել սահմանը 800 մետր հետ բերել։

Սահմանազատման հարցերով զբաղվելու խնդրանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է նամակով դիմել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները»,- գրել է Արմեն Սարգսյանը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության հերթական պատգամավորն է վայր դրել մանդատը։ Արամ Խաչատրյանն ավելի ուշ լրագրողներին ասել է, որ զբաղվելու է գործադիր աշխատանքով։

 Նշենք, որ նախքան պատգամավոր դառնալը Արամ Խաչատրյանը Լոռու փոխմարզպետն էր։

Հայաստանում արդեն մի քանի շաբաթ կորոնավիրուսից օրական մահանում է նվազագույնը 3-ից 4 տասնյակ մարդ։ Անցած մեկ օրում երկրում վարակվելու 584 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142 928-ի, նրանցից ապաքինվել է 119 147-ը: Երեկ COVID-19-ից մահացել է 28 քաղաքացի, եւս 2 վարակված մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 2969 է։ 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ հրատապ քննարկում Ազգային ժողովում։ «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի արդյունքում քննարկումն անցկացվել է փակ ռեժիմով։ Կառավարությունից այդպես էլ ոչ մի ներկայացուցիչ քննարկմանը չի մասնակցել, ինչի հետեւանքով պատգամավորներն այդպես էլ չեն ստացել կարեւոր հարցերի պատասխաններ։

Ավելի ուշ՝ արդեն ԱԺ հերթական նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները որոշ փակագծեր են բացել փակ քննարկումից։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանն ասել է՝ իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի կարծիքով՝ հայ ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում։

Նիստում ուշագրավ հայտարարություն է արել իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ։

Նա առաջարկում է փորձել երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ, նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

Թուրքիայում վհուկների որսի հերթական ալիքն է բարձրացել։ 304 զինվորականի կալանավորման օրդեր են տվել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդ լինելու համար: Գործողությունն անցկացվել է Թուրքիայի 50 նահանգում, 198 սպա արդեն ձերբակալվել է: Գյուլենին Էրդողանը մեղադրում է 2016-ի հուլիսին պետական հեղաշրջման փորձի համար: Այդ օրերին Թուրքիայում կալանավորվեց ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվեց 150 հազար պետական ծառայող, այդ թվում՝ հազարավոր զինվորականներ: ԱՄՆ-ում ապաստան գտած Գյուլենը հերքել է այդ մեղադրանքները

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.59 դրամով ու հասել 514.13 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.98 դրամով ու հասել 623.74 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.99 դրամով ու հասել 686.77 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով ու կազմել  7.03 դրամ:

Դեկտեմբերի 9-ին առանձին շրջաններում  սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում տեղումները կլինեն ձնախառն անձրևի տեսքով։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-ից +2, վաղը ցերեկը 4-ից 6 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ