News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին, կիսում են Արցախի հանձման, 5000 զոհերի, անհետ կորածների և ռազմագերիների պատասխանատվությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  երթով դեպի խորհրդարան շարժվելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 «Ես իր մարդկային ողբերգությունն ընդունում եմ։ Ես հասկանում եմ, որ դժվար է իր համար ընդունել, որ ինքը բոլոր շանսերն ուներ պատմության մեջ մնալու որպես իսկապես ժողովրդական առաջնորդ, ինչպես ինքը և իր համակիրներն էին ասում, այսօր հեռանում է որպես դավաճան։ Բայց սա պատմական փաստ է, պետք չէ խուսանավել։ Որպես Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ կարող եմ ասել, որ եթե այստեղ 3 միլիոն մարդ էլ լինի, նա հրաժարական չի տալու։ Բայց, միևնույնն է, ամեն օր լինելու է հանրային ճնշում։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանը պետք է տեսնի և հասկանա, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում օտար է և պետք է հեռանա։ Ես կարծում եմ, որ իր շրջապատում կան մարդիկ, որոնք նույնպես զարհուրած են նրա համառությունից և հասկանում են, որ այսպես ամեն օր Նիկոլ Փաշինյանը կորցնում է հումանիտար մարդասիրական միջանցքի հնարավորությունը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ հոգևորականները նույն պես հասկանում են այն մարտահրավերները, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը, և դա է պատճառը, որ նրանք նույնպես պահանջում են Փաշինյանի հրաժարականը։

 «Սա պայմանավորված է հոգևոր առաջնորդների մտահոգությամբ, որ Նիկոլ Փաշինյանն իր համառությամբ և փառասիրությամբ, ցանկանալով մնալ պատմության մեջ որպես Սադամ Հուսեյնից հետո երկրորդ գործիչը, որը խայտառակ կապիտուլյացիայից հետո ամեն գնով փորձում է պաշտպանել իր աթոռը։ Մեր հոգևոր առաջնորդները շատ լավ հասկանում են այն լրջագույն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Հայաստանը և Արցախը։ Այո, դա աննախադեպ է, բայց աննախադեպ է նաև Նիկոլ Փաշինյանի ցինիզմը, ամեն գնով աթոռին կառչելու անհասկանալի հոգեվիճակը։ Մարդ, որ եկավ ժողովրդի էմոցիաների և սիրո վրա, այսօր մի քանի հարյուր ոստիկաններով անջրպետ է դրել իր և ժողովրդի միջև։ Եթե այսօր լկտիաբար նրա խմբակցության պատգամավորներից մեկն ասում է՝ կաթողիկոսները ժողովուրդ չեն։ Այսինքն՝ ո՞վ է ժողովուրդը՝ էն որ երեկ բերել էիք հրապարակ ու Քարվաճառն ու Ջաբրաիլն իրարից չէր տարբերո՞ւմ», - նշեց Զոհրաբյանը։

 Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անհետ կորած զինծառայողների այն ծնողները, որոնց հետ նա կապի մեջ է, նույնպես պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ հուսալով, որ կգա ադեկվատ բանակցող։

«Գիտեք, երբ ինձ զանգահարեց մայրերից մեկը և ասաց, որ լավ լուր ունի հայտնելու, ինձ մի պահ թվաց, որ գտել է որդուն, ասաց ես գտա որդուս դիակը։ Հասկանում եք ծնողն ուրախանում է, որ գտել է որդու դիակը, որովհետև հազարավոր ծնողներ դա էլ չեն կարողանում գտնել։ Երեկ ես կապվեցի Ստեփանակերտում գտնվող զինվորների ծնողների հետ, մարդիկ հուսահատված են, հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ, ասում են՝ Հադրութի անտառներում արդեն ձյունը դրած է։ Մարդիկ այլևս չեն կարողանում հասկանալ՝ ինչ է լինում։ Այդ մարդիկ ասում են՝ մենք ոչ իշխանափոխություն ենք ուզում, ոչ աթոռակռիվ ենք անում, բայց եթե կա հնարավորություն, որ եթե այս մարդը հեռանա և գա ադեկվատ բանակցող, որի հետ միջազգային հանրություն հաշվի կնստի և կլուծի խնդիրները, այս մարդը պետք է հեռանա», - ամփոփեց պատգամավոր Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ