News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր երեկոյան Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 3 գերի։ Նրանք քաղաքացիական անձինք են, տեղափոխվել են ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ 

Մայրաքաղաքում այսօր ամենաթեժ ուղղությունը Ազգային ժողովն էր։ Օրվա երկրորդ կեսին քաղաքի տարբեր կետերից դեպի օրենսդիր մարմնի շենք սկսեցին երթով շարժել քաղաքացիներ, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ժամը 16-ին այստեղ մեկնարկող՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից մի քանի ժամ առաջ արդեն Ազգային ժողողվը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանական մեծ ուժերով։ Դրսում հանրահավաքի հետ միաժամանակ ներսում մեկնարկեց կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ոչ թե նիստերի դահլիճում էր, այլ հանրահավաքի բեմահարթակին, Նիկոլ Փաշինյանին յուրայինները սովորության համաձայն սուր հարցեր չտվեցին, «Լուսավոր Հայաստանի» գրեթե բոլոր հերթագրված պատգամավորների հարցերի հիմնական թեման հանրային օրակարգի գլխավոր հարցն էր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Փաշինյանի պատասխանը նույնն էր՝ իրեն ընտրել է ժողովուրդը եւ իր պաշտոնթաթողությունը պահանջողները ժողովուրդ չեն։ Գեւորգ Գորգիսյանը նկատեց՝ Հայաստանի կառավարության ղեկավարին ոչ միայն Ադրբեջանում, այլեւ մեր դաշնակից երկրում, մասնավորապես` լրատվամիջոցներում, դաժանագույն ծաղրուծանակի եւ քննադատության են ենթարկում: Փաշինյանն ասաց, որ այդ երեւույթը նոր չէ ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում, այն եղել է  եւ գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ առճակատում եւ թշնամանք կա:

Իսկ երբ Փաշինյանին հիշեցրել են, որ նրա հրաժարականը պահանջում են բազմաթիվ համայնքներ, Գիտությունների ակադեմիան ու ԵՊՀ-ն, նույնիսկ վեհափառները, նա ասել է, որ դա նրանց իրավունքն է, բայց այս կառավարությունը ձեւավորել է ժողովուրդը եւ նա էլ կարող է իրեն հեռացնել կամ պատասխանատվության ենթարկել։

Այդ ընթացքում Ազգային ժողովի դիմաց ելույթ էին ունենում Հայրենիքի փրկության շարժման քաղաքական առաջնորդները, վարչապետի թեկնածուՎազգեն Մանուկյանը նշեց՝ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ ազգային պայքար, որը մղել ենք թե՛ 200 տարի առաջ, թե՛ 1000 տարի առաջ։

Վաղը ժամը 11-ին ընդդիմությունը կհավաքվի կառավարության շենքի դիմաց՝ պահանջելու Փաշինյանի հրաժարականը։

Ի դեպ, այսօր Ազգային ժողով ուղեւորվող՝  Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կադրերում ուշագրավ ակնթարթներ է ֆիքսել տեսախցիկը։

Ավտոմեքենաների բաց պատուհաններից երեւացել են թիկնապահներ՝ զենքը դեպի փողոց պահած։

Մինչեւ հանրահավաքը քաղաքի տարբեր հատվածներում Փաշինյանի հրաժարականը պահանջողները կրկին փողոցներ են փակել, ցուցարարներից մեկին վրաերթի են ենթարկել և ոտքը կոտրել Մյասնիկյան պողոտայում: Վարորդներից մեկը մեքենան վարել է ուղիղ ցուցարարի վրա և երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո նույնիսկ չի կանգնել։ Տուժած ցուցարարին հիվանդանոց են տեղափոխել մեկ այլ ավտոմեքենայով։

Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են նաեւ Շիրակի մարզի Բավրա գյուղով անցնող միջպետական ճանապարհը և պահանջել Փաշինյանի հրաժարականը: Ի դեպ,  այդ պահանջին միացել են արդեն 22 կուսակցություններ,  202 բնակավայր, 500 փաստաբան, 10 բարձրաստիճան դիավանգետ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, մեծ թվով մտավորականներ և հասարակական գործիչներ: Նախօրեին Փաշինյանին հրաժարական տալու կոչ էին արել Ամենայն հայոց Գարեգին 2-րդը եւ Արամ Ա-ն։

Հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ շարունակելու է իր գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

Նշենք, որ վերջին օրերին Արարատի մարզի մեծ թվով համայնքապետեր միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչին։

Երեկ ուշ երեկոյան հանդիպել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները վարչապետի թեկնածուներ Էդմոն Մարուքյանի եւ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։

Անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ երեկոյան հավաքվել էին պաշտպանության նախարարության շենքի դիմաց, որտեղ մնացել են մինչեւ գիշերվա 2-ը։ Նրանց հետ հանդիպմանը գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փոխանցել է, որ ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ՝ անհետ կորածների, ռազմագերիների եւ զոհվածների դիերի փոխանակման հարցերը քննարկելու համար, որից հետո պետք է գար Երեւան եւ իրենց տեղեկություններ փոխանցեր, սակայն նրա գալը հետաձգվել էր։

Հետո պետք է գա Երեւան եւ իրենց տեղեկություն փոխանցի, սակայն նրա գալը հետաձգվել է։ Ծնողներն ասել են, որ սպասում են պատասխանի, եթե այն իրենց չգոհացնի, դիմելու են անհնազանդության։ Ի դեպ, նրանց ասել են, որ անհետ կորած արմավիրցիների 34 հոգանոց ջոկատը կորել է վրիպակի հետեւանքով․նրանց սխալ ուղղությամբ են տարել։

Հրադադարից հետո Արցախի տարբեր բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։ Այդ մասին հայտնում է «Զինուժ մեդիան»։

Դեկտեմբերի 6-ից 8-ը դեպի Ջաբրաիլ տանող ճանապարհից, Կարախանբեյլի, Վանք, Հադրութ, Հորադիզ, Լաչին-Կուբաթլու, Մադաղիս, Դուլ-դուլ, Այգեհովիտ բնակավայրերից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 134 զինծառայողի մարմին։

Այսօր երեկոյան պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ առաջիկա ժամերին Հայաստան կտեղափոխվեն մի քանի ռազմագերիներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Կանադայի Սենատը մերժել է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւը, հայտնել է նախագծի հեղինակ Լեո Ուսակոսը: Սենատորը բանաձեւի տապալման համար մեղադրել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը, նրա խոսքով, «սատարում է բռնակալին»: «Ցավալին այն է, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ եւ երես թեքեցին հայ համայնքից»,- ասել է նա:

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Առավոտյան 8։30-ի սահմանում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Արաբկիրի Դավթյան փողոցի շենքերից մեկի բակում պայթյուն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ պայթեցվել է Lexus մակնիշի ավտոմեքենա։ Ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանում է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենին։

Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ մաացել է 2994 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում գրայցվել է  վարակվելու 1138 դեպք, վարակվածների թիվն անցել է 144 հազարից։ Մահացել է 25 քաղաքացի, 4 վարակված մահացել է այլ հիվանդրության պատճառով։

Աննա Հակոբյանի գրառումը ֆեյսբուքում լայն քննադատության է արժանացել։ Վարչապետի տիկինը տեղեկացրել էր, որ իր դստեր՝ Արփիի խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասն ուղարկել է  Ստեփանակերտում գործող հացատուն եւ հավելել, որ հեշտ չէ երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը։

Գրառմանն արձագանքել է նաեւ «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը․ «Տիկին էռատոյին ի պատասխան 4 հարց միայն․ իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին, դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը... դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել... դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում։ Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու»։ 

Թուրքայում արդեն սկսել են բացահայտ խոսել Զանգեզուրը վերցնելու նկրտումների մասին։ Մասնավորապես Թուրքիան TGRT հեռուստաընկերության լուրերի եթերում հաղորդավարը քարտեզ է ցույց տվել, որտեղ կարմիրով ներկված է եղել Սյունիքն ու Վայոց ձորը որպես ադրբեջանին անցնող տարածք։

 Թուրք մեկնաբանը նշել է, որ  Ադրբեջանը փոխհատուցում է պահանջում Հայաստանից, որը կազմում է 50 միլիարդ դոլար եւ նկատել՝ քանի որ Հայաստանը չի կարող այդքան գումար վճարել, կհանձնի Զանգեզուրը, որի միջոցով արդեն Թուրքիան լրիվ կկապվի Ադրբեջանի հետ։ 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.35 դրամով ու հասել 515.48 դրամի:  Եվրոյի փոխարժեքն աճել է 1.23 դրամով ու կազմել 624.97 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճ1ել է 6.24 դրամով ու հասել 693.01 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել՝ 7.03 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց:

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյան տեսքով: Երեւանում գիշերը սպասվում է թաց ձյուն, առավոտյան՝ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 +3, վաղը ցերեկը` +4 +6 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ