News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանցիները շարունակում են անպատիժ հայերի սպանել բացառապես էթնիկ պատկանելության համար։ Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, հայտնվել ադրբեջանցիների վերահսկած հատվածում եւ սպանվել։ Նրա դին Կարմիր խաչի միջոցով փոխանցվել է մի քանի օր առաջ։ Մարմնին եղել են բռնության հետքեր, ենթադրվում է, որ նրան ծեծել են, ապա սպանել։ Երեկ ռուս խաղաղապահների միջոցով հայկական կողմին էր փոխանցվել 3 քաղաքացիական գերի՝ տարեց տղամարդիկ, եւ մեկ՝ արդեն մահացածի մարմին։

Մեկշաբաթյա ընդմիջումից հետո Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվածների եւս մեկ ցուցակ։ Այս անգամ հրապարակվել է 33 զինծառայողի անուն: Նրանց մեջ դարձյալ մեծ թիվ են կազմում 18-ից 20 տարեկան պատանիները։ Այս պահին, պատերազմի ավարտից 1 ամիս անց, հրապարակվել է 1789 անուն, թեեւ հասարակությունը խոսում է 5 հազար զոհի մասին։

Անհետ կորած զինծառայողների հարազատների նյարդերն արդեն տեղի են տալիս։ Էջմիածնի զորամասի դիմաց նրանց եւ հրամանատար Արսեն Աբգարյանի միջեւ ընդհարում է տեղի ունեցել։ Աբգարյանն ասել է, որ երեկվանից Զանգելանում որոնումներ են սկսվել, ինչին ծնողները չեն հավատացել, քանի որ ավելի վաղ հեռախոսով ռուս խաղաղապահից դա հերքող տեղեկություն էին ստացել։ Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը քաշքշել է հրամանատարին՝ նրան մեղադրելով զինվորներին միայնակ թողնելու եւ փախչելու մեջ։

Ծնողներից մեկ ուրիշն էլ վրդովված պատմել է, որ գեներալներից մեկն ասել է, թե չէր կարող օգնության հասնել շրջափակման մեջ հայտնված զինվորներին, քանի որ ինքն էլ կսպանվեր։

Հանդիպել են գործող նախագահ Արմեն Սարգսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Հանդիպման օրակարգում եղել է երկրում ստեղծված դրությունը: Yerevan.today-ը երկրորդ նախագահի գրասենյակից պարզել է, որ հանդիպումը կայացել է Սարգսյանի նախաձեռնությամբ, Երեւանի «Ալեքսանդր» հյուրանոցում։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Արմեն Սարգսյանը հանդիպել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Այսօր առավոտից մայրաքաղաքում ու մարզերում վերսկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի  պահանջով ակցիաները։ Կառավարության բակում մարդիկ մանրադրամներ են նետել գետնին, վարչապետին ու նախարարներին առաջարկել հավաքել դրանք՝ որպես պարգեւավճար։ 

ՀՅԴ–ական երիտասարդները ձվերով եւ կոչերով են դիմավորել կառավարության շենք մուտք գործող Նիկոլ Փաշինյանին։  

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան։

Ճանապարհը փակած քաղաքացիներին Կարմիր բերետավորները բերման են ենթարկել։

Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 42 ցուցարար։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ոստիկանը բեռնատարի վարորդին կոչ է անում քշել ճանապարհ փակող ցուցարարների վրա։

Երեկ ուշ երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է, որ անկախ իր կարծիքից,  Փաշինյանը գնալու է։ «Դա անխուսափելի է, հարցն այն է, թե մինչև գնալն ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին ու պետությանը»,– ասել է նա։ Խոսելով իր ծրագրերից՝  նա նշել է, որ մինչև երկիրն իր առջև չի դնում մեծ նպատակներ, չի հզորանում,  չի ապահովում իր պաշտպանությունը, այդպիսի երկրում բարեկեցություն լինել չի կարող։

Բաքվում այսօր այսպես կոչված հաղթանակի զորահանդես է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ալիեւը շքերթի ժամանակ չի թաքցրել Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ իր հավակնությունները եւ  հայտարարել է, թե «Զանգեզուրի, Գյոքչայի, Իրեւանի մահալները իրենց պատմական հողերն» են, թե իբր ադրբեջանցիները դարերով ապրել են այդ հողերի վրա, հետո վտարվել: Հայաստանի հանրությանը վրդովեցրել է նաեւ այդ շքերթի ընթացքում ցուցադրված հայկական զինտեխնիկան։

Լրատվամիջոցներում արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ կան, որ ոստիկանության աշխատակիցները զանգվածաբար հեռանում են աշխատանքից։ Նրանցից մի քանիսն արդեն հրապարակավ իրենց դիրքորոշումն են հայտնել։ Ոստիկանության աշխատակից Վան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրհասական պահին կրկին ամենայն հարգանքով դիմում եմ իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել այս այլասերված,անգրագետ,դավաճան իշխանություններին, որոնք երկիրը տանում են կործանման՝ վտանգելով մեր երեխաների ապագան։ Պետք է անհապաղ միանալ ժողովրդին» ։ Մինչեւ այդ մեկ այլ ոստիկան՝ Վանիկ Պարույրյանը համակարգից հեռանալու զեկուցագիր էր ներկայացրել, նշելով, որ չի ցանկանում մասնակցել որեւէ մեկի աթոռակռվին։

Կառավարությունը որոշել է պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին՝ մինչեւ կարգավիճակի հստակեցումը, առավելագույնը կես տարով ամսական 300 հազար դրամ հատկացնել: Որոշվել է նաեւ փոխհատուցել պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձը:

Կառավարության նիստից հետո Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի ու լրագրողների զրույցը չի ստացվել։ Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է ստացվել, որ մարզպետ է նշանակվել այլ քաղաքական ուժից, քանի որ 2017թ. պատգամավորի թեկնածու էր առաջադրվել «Ելք» դաշինքից։ Հարցերը խնդրում եմ տալ կառավարությանը, ասել է նա եւ խուսափել զրույցից:

Հայաստանում մահացած COVID-19-ով վարակակիրների թիվն անցել է 3 հազարից։ Անցած մեկ օրում գրանցվել է վարակվելու 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145240-ի: Վիրուսից մահացել է 23 մարդ, եւս 5 վարակվածի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3022 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 3.29 դրամով ու հասել 518.77 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.95 դրամով ու հասել 627.92 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.06 դրամով ու կազմել  690.95 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու կազմել 7.06 դրամի:

Դեկտեմբերի 11-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝  մառախուղ։ Երևանում եւս տեղումներ չեն սպասվում։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի -1-ից +1, վաղը ցերեկը՝ 4-6 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ