News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

«Ոսկորների վրա պարը», որը կազմակերպվել էր դեկտեմբերի 10-ին Բաքվում եւ անվանվել «հաղթանակի շքերթ», սադրանք էր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից եւ հրապարակային նվաստացում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Այս մասին ասվում է միջազգային «Լազարյան ակումբի» խորհրդի հայտարարության մեջ:

«Եվ ոչ միայն: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը, որը միավորում է Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին, համոզված է, որ ագրեսիվ ժեստ պարունակող շքերթի կազմակերպիչները վիրավորանք են հասցրել ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին:Այդ կապակցությամբ հատկապես սրբապղծություն է Ադրբեջանի նախագահի հնչեցրած արտահայտությունը, ով զուգահեռներ էր անցկացրել 1945 թվականի ֆաշիզմի դեմ Մեծ Հաղթանակի հետ: Կարծում ենք, որ նման պատմական զուգահեռները կեղծ են, վիրավորական եւ ավելին՝ հանցավոր:

Երեկ Բաքվում կայացած շքերթը նշանակում է Թուրքիայի նեոօսմանական պահանջների օրինականացում եւ փորձ՝ ի շահ իրեն վերաշարադրելու տարածաշրջանի պատմությունը: Դա հրապարակավ արտահայտվեց թուրք առաջնորդ պարոն Էրդողանի ներկայությամբ, Էնվեր փաշայի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի բացահայտ հիացմունքով, ծափահարությունների ներքո, 1918 թվականի թուրքական ինտերվենտների համազգեստով զինվորականների անցումով:

Հայաստանի համար այդ նվաստացումը չէր լինի, եթե Երեւանում լինեին պատասխանատու եւ գրագետ քաղաքականություն վարող իշխանություններ, որոնք ունակ են ղեկավարել պետությունն ու առաջ տանել սեփական ժողովրդի շահը: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը երկիրը հասցրեց մահվան գծի: Հենց այդ իշխանությունն է այսօր պատասխանատվություն կրում հայ ժողովրդի առջեւ:

Նիկոլ Փաշինյանը կորցրեց հայկական եկեղեցու, բոլոր մտածող եւ կարեկցող հայերի եւ աշխարհում Հայաստանի ընկերների վստահությունը: Կառչելով իշխանությունից՝ նա ամեն օր ստիպված է դիմել բռնաճնշումների, որն ուղեկցում է «ժողովրդի կամքի» եւ «ժողովրդի թշնամիների» մասին դեմագոգիայով: Բռնապետություն է փորձում հաստատել ձախողման եւ նվաստացման գլխավոր մեղավորը:

Համոզված ենք, որ հայ ժողովուրդը կորոշի իր ճակատագիրը, Հայաստանը պետք է հետեւություններ անի Ղարաբաղի ծանր դասից, պետք է միավորվի, որպեսզի հաղթահարի կորուստների եւ հիասթափությունների դառնությունը: Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւանների շրջապատում հայ ժողովուրդը Հայաստանում չի կարողանա լիարժեք գոյություն ունենալ եւ առաջ շարժվել:

Որքան շուտ հայ հասարակաությւոնն օրինական լուծում գտնի եւ հասնի համաձայնության, այնքան շուտ կընդունվեն իրական միջոցներ պաշտպանունակությունը, տնտեսությունն ու հայ ժողովրդի ոգին վերականգնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ