News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներն առավոտից  վերսկսվել  են Երեւանում ու մարզերում՝ քաղաքացիները կրկին փողոց ու ճանապարհ են փակել, «Նիկոլ դավաճան» վանկարկել։

Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին. նրա նկատմամբ բռնություն կիրառել: Քաշքշուկի հետեւանքով քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:

Հաջորդ փորձից ոստիկաններն այնուամենայնիվ  Իշխան Սաղաթելյանին բերման են ենթարկել:

Հերացի թիվ 1 հիվանդանոցից հայտնել են, որ Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է իրենց մոտ։ Քաղաքացիներից մեկի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,- հայտնել են հիվանդանոցից։

Ֆրանսիայի հրապարակում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է՝ Փաշինյանի հրամանով մեր ընկերներից մի քանի հարյուրին բերման են ենթարկել. դրանով Փաշինյանը փորձում է ջլատել պայքարը, բայց դա նրան չի հաջողվելու։

Վանեցյանը հավելել է, որ վաղվանից շարունակելու են բողոքի ակցիաները եւ ոչ մի պահ կանգ չեն առնելու:

Անհնազանդության ակցիաների մասնակիցներն առավոտյան 9-ին կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մոտ 40 րոպե անց ակցիան ավարտվել է եւ մետրոն վերսկսել է աշխատել։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի ակցիայի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Առավոտյան սենսացիոն գրառում է հրապարակել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը․ ըստ նրա՝ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: «Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ», գրել է նա։  Հրապարակումից քիչ անծ ՀՔԾ-ն հերքել է այս տեղեկությունը։

Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ․ այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»։ «Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր, գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական եւ այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ի դեպ, Փաշինյանի հրաժարականի պահանջ են ներկայացրել նաեւ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի ղեկավարները, այդպիսի բնակավայրերի թիվն անցել է 230-ից։  Ի դեպ, այսօր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ բոլոր այն համայնքապետերը, որոնք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տարբեր անհեթեթ պատճառաբանություններով հրավիրվում են ԱԱԾ։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը  հայտնել է, թե վաղ առավոտից ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացրել, սակայն կադրերի բաժինները ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում, որի իրավունքը չունեն: Բաբայանը իրավական աջակցություն է խոստացել նրանց:

Եվս մեկ ոստիկան հրապարակավ հայտնել է համակարգից հեռանալու որոշման մասին։ Կապիտան Վարդան Հովհաննիսյանը գրել է՝ ես երդվել եմ պաշտպանել պետությունը, իսկ պետությունն ինձ համար իշխանավորները չեն, գրել է նա՝ նախկին ծառայակիցներին հորդորելով հետևել իր օրինակին։

Ավելի ուշ ֆեյսբուքյան գրառում է արել նաև Ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը։ «Պատիվ ունեմ ու հենց այդ պատվից, ոստիկանի ուսադրի արժեքից, մարդկային ֊ մասնագիտական պարտքից ելնելով հեռանում եմ՝ ներկայացնելով ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու վերաբերյալ զեկուցագիր»,– գրել է նա։

Ոստիկանությունից այս օրերին հեռացած ծառայողներն են ոստիկանության արժեքային համակարգը կրողներն ու ոստիկանության սերուցքը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Նա կոչ է արել զանգվածային լքել համակարգը, քանի որ, միեւնույն է, մի քանի օրից, այսինքն՝ իշխանափոխությունից հետո վերականգնվելու են։

Վարչապետի հրաժարականի պահանջով հանրային միջոցառումներին մասնակցող առանձին անձանց ուղարկվում են ծանուցագրեր՝ եռամսյա զորահավաքային զորակոչի ենթարկվելու մասին։  Այս մասին ահազանգել է «Իրավական ուղի» կազմակերպությունը՝ նելով, որ իրենց ունեցած փաստերը վկայում են՝ զորակոչի նպատակը քաղաքացիների սահմանադրական ազատություններն ապօրինաբար արգելափակելն է։ «Իրավական ուղին» պատրաստակամություն է հայտնում անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ծանուցագիր ստացած անձանց՝ ընդհուպ վարչական դատարանում զորակոչի անհատական որոշման վիճարկումը։

Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը ֆեյսբուքում տարածել է մի խումբ բժիշկների եւ բուժաշխատողների կոչը, որով պահանջում են երկրում ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու Փաշինյանի հրաժարականը եւ նրա կառավարության ինքնակամ եւ անցնցում հեռացումը:

Ադրբեջանը ոչ թե հաղթեց, այլ վիշապի ատամներ ցանեց, հայտարարել է  ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ  Կոնստանտին Զատուլինը, նկատի ունենալով հին հունական առասպելում Յասոնի ցանած վիշապի ատամները, որոնցից զորք աճեց եւ հարձակվեց իր վրա: «Բաքվի շքերթից պարզ է դառնում, թե իրականում ում դաշնակիցն է Ադրբեջանը: Ադրբեջանը զգաստացրեց Ռուսաստանին, ատելության ալիք առաջացրեց իր նկատմամբ Հայաստանի եւ նրան կարեկցող պետությունների կողմից: Իզուր չէ, որ Ֆրանսիան եւ Նիդեռլանդները  հայտարարություններ են ընդունում: Այս շինծու հաղթանակը կարող է բումերանգով վերադառնալ Թուրքիային»,- շեշտել է Զատուլինը: Հայաստանում իբր պատմականորեն ադրբեջանական հողերի մասին Ալիեւի խոսքերն, ըստ նրա՝  չսքողված տարածքային պահանջ է եւ դա առաջին դեպքը չէ, երբ նա անհիմն կերպով յուրացնում է բնակեցման պատմությունն այս հողերում: Պատգամավորը դատապարտել է նաեւ Էրդողանի` «խելքը գլուխը հավաքելու» կոչը Հայաստանին: «Սա հերթական պարծենկոտությունն է Թուրքիայի ղեկավարի կողմից: Այն կանխամտածված զայրացնում է Հայաստանին եւ շոյում է իր էգոն»,- ասել է նա եւ Էնվերին հիշատակող Էրդողանին հիշեցրել, թե ինչպես է Էնվերն ավարտել կյանքը:

Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաեւ անհետ կորած զինծառայողների հարազատներին: Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի ուղղություններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունն այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով զոհված 2996 զինծառայողի մարմին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Մարմինների նույնականացման եւ ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ։ Առ այսօր դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին:

Տավուշի մարզի սահմանամերձ  Բերդավան համայնքում երեկ  ադրբեջանցի է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը հայտնել է, որ ադրբեջանցի տղամարդուն նկատել են դեկտեմբերի լույս 10-ի գիշերը` ժամը 4-ից 5-ը: «ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են»,- ասել է  նա:

Ազգային անվտանգության ծառայությունը NEWS.am-ին հաստատել է, որ պետական սահմանը ապօրինի հատելու համար ադրբեջանցին ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ, նա ունի կասկածյալի կարգավիճակ։

Երեկ ժամը 18:20-ին մոտ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել տեղացիների «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի եւ խաղաղապահ զորքերի  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները․ վթարից մահացել են 43 եւ 44 տարեկան հայեր:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Նա նշել է, որ աշխատանքի է անցնելու պետական եկամուտների կոմիտեում, որտեղ նախկինում էլ պաշտոններ է զբաղեցրել։

Հայաստանում մահացել է ընդհանուր առմամբ 3058 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում մահացել է 36 վարակված, որոնցից 7-ը՝ այլ հիվանդությունից։ Գրանցվել է վարակվելու 1077 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 146317-ի:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.85 դրամով ու հասել 520.62 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.02 դրամով ու հասել 630.94 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.95 դրամով ու կազմել է 688.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 7.11 դրամ:

Դեկտեմբերի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա։ Երևանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 1-ից 3  աստիճան զրոյից ցածր, վաղը ցերեկը՝ 5-ից 7 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ