News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյան գործունեության արդյունքում ադրբեջանցի ռազմագերիները գտնվում են Բաքվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երեւանում ընթացող արժանապատվության երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը. «Մենք այստեղից եւս մեկ անգամ այս բազմահազար ժողովրդի անունից կոչ ենք անում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ մի դարձեք այդ խեղկատակի ձեռքի գործիքը, իր հետ մի կիսեք իր դավաճանական գործունեության պատասխանատվությունը, դեռ հնարավորություն ունեք ձեր քվեարկությամբ հեռացնել Նիկոլին եւ ամբողջական չկիսել այդ պատասխանատվությունը, դեռ ունեք ժամանակ փրկելու երկիրը, եթե դուք սա չհասկանաք, դուք մեր պետականությունը տանելու եք վերջնական կործանման ճանապարհով»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունների գործունեության արդյունքում Ադրբեջան թույլ տրվեցին վերադառնալ ռազմագերիներ, որոնք տարիներ առաջ հանցագործություն էին արել. «Սպանել էին հայ երեխայի եւ մի քանի տարի է՝ գտնվում էին Շուշիի բանտում։ Նիկոլ Փաշինյան գործունեության արդյունքում այդ ռազմագերիները գտնվում են Բաքվում։  Ամո՛թ քեզ, Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։ Նշվում է, որ նրանց վերադարձը հնարավոր է դարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում:

Միաժամանակ հաղորդվում է, որ Գուլիեւի եւ Ասկերովի հետ Ադրբեջան են վերադարձել նաեւ այլ գերիներ:

Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն էլ հայ գերիների վերադարձի կապակցությամբ գրառում էր արել. «Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»։

Հիշեցնենք, որ դիվերսանտներ Գուլիեւն եւ Ասկերովը ձերբակալվել էին արցախցի երեխայի սպանության  եւ այլ հանցանքների համար: Դատելով լուսանկարից՝ երկուսն էլ շատ լավ տեսք ունեն, ի տարբերություն Բաքվում ամեն օր կտտանքների ենթարկվող հայ զինվորների։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առեւանգել եւ սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաեւ նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։

Տպել
Ամենաշատ