News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով ցմահ ազատազրկման դատապարված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնելու փաստը հարուցել է ՀՀ քաղաքացիների դժգոհությունը։ ՀՀ իրավասու մարմինները՝ հատկապես գլխավոր դատախազությունը և արդարադատության նախարարությունը մինչ այս պահը պաշտոնապես չեն պարազբանել, թե իրավական ի՞նչ հիմքով են ՀՀ–ում պատիժ կրող և ռազմագերու կարգավիճակ չունեցող դատապարտյալներին արտահանձնել Ադրբեջանին։ Հաշվի առնելով հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և հիշյալ անցանց կարած հանցագործությունների վտանգավորությունը, NEWS.am–ը բացառիկ մանրամասներ է հրապարակում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ քննված քրեական գործի նյութերից։

Այսպես. 2014թ. հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որը կասեցվել էր. խմբի անդամների մի մասը հայտնաբերվել և ձերբակալվել էին, իսկ մյուսները դիմել էին փախուստի:  ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հուլիսի 11-ին հրապարակել էր ադրբեջնական կողմի դիվերսիոն խմբի և նրա գործողությունների մասին վկայող փաստեր, այդ թվում լուսանկարներ: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները, համաձայն դատավճռի` սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված, Սմբատ Ցականյանին:

 ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննված N0130/01/2014 քրեական գործով` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ  Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի միաժամանակ 5 հոդվածի հատկանիշներով :  Գուլիևին` լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու,  կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, անձին բացահայտ առևանգելու, գույքի գաղտնի հափշտակության, իսկ Ասկերովին նաև` ազգային ատելության շարժառիթով կազմակերպված խմբի կողմից սպանություն կատարելու համար: Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման:

Ըստ գործի նյութերի` կազմակերպված խմբի անդամ Շահհբազ Գուլիևը Ադրբեջանի հետախուզության օգնությամբ հատել է ԼՂՀ զինված ուժերի կողմից պահպանվող ղարաբաղա-ադրբեջանական պետական սահմանը և տեսանկարահանելու և մեկնաբանելու միջոցով հավաքագրել է պետական գաղտնիք կազմող և հատուկ ռազմական նշանակության` սահմանի ներթափանցման ուղղության, մարտական դիրքերի և զորամասերի տեղակայման վայրերի ու դրանց մատույցների, հրաձգարանների, ռազմական տեխնիկայի տեսակների, վերահսկողությունից դուրս մնացած շրջանների (դիվերսիոն–հետախուզական խմբերի ներթափանցման դեպքում նրանց ծածուկ տեղաբաշխման և պահոցների սարքավորման նպատակով), առանց խոչընդոտի ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցելու վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության ռազմական հետախուզությանն ուղղված քարոզչության, ինչպես նաև ընդհանուր ռազմական նշանակության` զինվորական ավանների, համապետական նշանակության էլեկտրալարերի և կապի ցանցի նկարագրության, Քարվաճառի ավտոճանապարհի վիճակի թողունակության հնարավորության, «Սոթք» ոսկու հանքի, կոմբինատի և գործունեության ծավալների մասին այլ տեղեկություններ, որոնք վերաբերվում են ինչպես օպերատիվ և հատուկ նշանակության օբյեկտներին, որոնց շարքից հանելու, պաշտպանության կայունության ապահովումը դժվարացնելու ձևով կարող են ի վնաս օգտագործվել ԼՂՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռմխելիությանն ու արտաքին անվտանգությանը: Նախաքննական մարմինը բավարար փաստեր է հավաքել հիշյալ արարքների կատարման մեջ ադրբեջանցիներին մեղադրանք առաջադրելու համար։

Նրանց մեղավորությունն իր հերթին հաստատվել է ուժի մեջ մտած դատական ակտով։ Քրեական գործի նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար Արցախում և ՀՀ–ում գտնվող ռազմավարական նշանակության կարևորագույն օբյեկտների՝ հատկապես Քարվաճառի զորամասերի և Սոթքի հանքավայրի  հետ  կապված տվյալների հավաքագրման ուղղությամբ դեռևս 6  տարի առաջ կոնկրետ գործողություններ են կատարվել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ համաձայնագրով՝ Ադրբեջանին է անցել նաև Քարվաճառի շրջանը և Սոթքի հանքավայրի մեծ մասը։

Տպել
Ամենաշատ