News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած «Անհնազանդության երթը», որը սկզիբ է առել Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, հասել է Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»: Երթի ընթացքում բարձրախոսով ելույթ են ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ ուրիշներ:

Երբ ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի աջակցությունը, դրանով վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը, երթի ժամանակ ասել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը: «Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունել ու հանդուրժել։ Իր կողքին մնացել է «շիշ բռնողը», Քոչարյան Անդոնը, ու մեկ էլ մի քանի հոգի»,- նշել է նա։ Ինչ վերաբերում է Փաշինյանի դժգոհությանը, թե որոշ ուժեր կեղծիքներ են տարածում, Սաղաթելյանն ասել է, որ  երկրում համար մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, որը 2,5 տարի խաբել է ժողովրդին։ «Ինքը ստերի թագավորն է, այսօր էլ փորձում է խաբել ժողովրդին։ Չկա այլեւս Նիկոլ, երկրում անիշխանություն է, կա մի հատ ֆեյքերի պարագլուխ», նշել է նա։

Մինչեւ երթին մասնակցելը, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպմանը   հայտարարել է, որ այս խայտառակ եւ ամոթալի պարտությունը դառնություն է առաջացնում նաեւ այն պատճառով, որ այն կարելի էր կանխել: «Բանակցությունները տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք ու մտցրեցինք պատերազմի մեջ: Եթե մենք 2,5 տարի գոնե մի քիչ զբաղվեինք բանակով, ապա պարտություն չէինք ունենա: Վերջում ստորագրվեց անընդունելի, խայտառակ մի պայմանագիր, որը խախտել չենք կարող»,-, ասել է Մանուկյանը, որի կարծիքով, այն ստորագրողը պետք է հեռանա։  Վազգեն Մանուկյանի  համար անընդունելի է հինունորի բաժանումը։ «Ինձ համար կառավարություն կազմելու ժամանակ նշանակություն չի ունենա այդ մարդը «Իմ քայլից» է, թե Դաշնակցական, ՀՀՇ-ից է, թե Հանրապետական. Միայն թե այդ մարդիկ նվիրված լինեն իրենց պետությանը, ունենան պրոֆեսիոնալ հատկություններ, եւ կարողանան ծառայել պետությանը»,- ասել է նա:

Հանգստյան օրերին էլ, երկուշաբթի էլ շարունակվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մարդիկ փակել են Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը, նրանք պահանջում են: «Շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ դավաճանը հեռանա: Այս 2.5 տարվա ընթացքում ամեն ինչ սուտ ու կեղծիք է եղել, խաբեբա Նիկոլը պետք է հեռանա»,- ասել են ակցիայի մասնակիցները:

Գյումրեցիները մեքենաներով փակել են Հաղթանակի փողոցը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Որոշ ժամանակ անց ոստիկանների միջամտությամբ փողոցը բացվել է։ Գյումրեցիները փակել են նաեւ Պուշկին–Շահումյան խաչմերուկը,   ոստիկանները բացել են նաեւ այդ հատվածը եւ հսկել, որ ցուցարարներն այն նորից չփակեն։

Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները  փակել են Վանաձոր-Երեւան միջպետական ճանապարհի Ալագյազ-Արթիկ խաչմերուկը: Մասնակիցները շեշտել են, որ իրենց պահանջը նույնն է՝ դավաճան կառավարության եւ նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական եւ նոր, անցումային իշխանության ձեւավորումը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Բաքվից Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ադրբեջանում Իլհամ Ալիեւը քամահրանքով է խոսել նրանց հետ, նշել, որ ինքը նրանց չի հրավիրել, բայց որ եկել են՝ կասի, որ Մինսկի խումբը քառորդ դար չի լուծել խնդիրը, իսկ ինքը լուծել է։ Երեւանում համանախագահների եւ Արցախի նախագահի  ծրագրված հանդիպումը չեղարկվել է, ինչի մասին NEWS.am-ին հայտնել է Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հաստատելով լուրը, որ նա, այնուհանդերձ, Երևանում է։ «Հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է եւ հանգամանքը, որ ռուս համանախագահը չի ժամանել»,– ասել է նա։

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են արտգործնախարար Արա Այվազյանի հետ․ հանդիպումը տեւել է շուրջ երկու ժամ: Միջազգային միջնորդները  չեն պատասխանել լրագրողների հարցերին։

Հանգստյան օրերին ադրբեջանական զինուժը հարձակվել է Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի վրա։ Գյուղերում բնակիչներ չկան․ Պաշտպանության բանակի մարտիկները  դիմադրություն են ցույց տվել․ ադրբեջանցիներն ունեն 4 սպանված եւ վիրավոր, հայկական կողմից կա 6 վիրավոր։ Գյուղերից մեկն ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ, անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ․ հանրային մտահոգությունների առնչությամբ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը պարզաբանել է, որ խնդրով առաջին հերթին պետք է զբաղվեն ռուս խաղաղապահները։ Գրավված գյուղերի ղեկավարները հայտնել են, որ գերության մեջ է հայտնվել 10 քաղաքացիական անձ։ Այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են Արցախում ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպան ադրբեջանցիներին փոխանակել նույնքան ռազմագերու հետ։ 

Ֆեյսբուքյան հերթական լայվում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե լուրեր են շրջանառվում իր հրաժարականի մասին, մինչդեռ ինքը հստակ ասել է, որ ժողովրդից իրեն տված կարգավիճակից կարող է հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա, բայց քանի դեռ դա չկա, ինքը պարտավոր է կատարել վարչապետի գործառույթներն, ընդ որում՝  շիտակ ու ազնիվ: Նա նաեւ ասել է, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի։ 

Նախօրեին էլ Փաշինյանը  Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել, անդրադարձել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը կորցնելու փաստին, ինչով Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Փաշշինյանն ասել է նաեւ, որ առաջիկայում պետք է ճշտվի Կուբաթլու և Զանգելան շրջանների ու Հայստանի սահմանը։

Իսկ դրա նախորդ երեկոյան Փաշինյանի հրահանգով ոստիկանական մեծ թվով ուժեր են  կուտակվել կառավարական առանձնատան, կառավարության մոտ,  մամուլում լուրեր էին տարածվել, որ նրա մասնակցությամբ «Քաղացիական» պայմանագրի վարչության անդամների նիստ է անցկացվում: Ավելի ուշ զորքերը հանվել են նշված վայրերից․ «Նյուսմեդիա»-ի հիմնադիր Արամ Գաբրելյանովի տվյալով՝ Փաշինյանը մեծ քանակությամբ ալկոհոլ է ընդունել, մի քանի անգամ քնել-արթնացել սեղանի վրա, պահանջել իրավապահ համակարգի ղեկավարներին կանչել, ձերբակալությունների հրամաններ արձակել, նրան տարհամոզել են, նա շարունակել է խմել, բժիշկներն էլ հանգստացնող ներարկում են արել։ 

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է, թե քանի որ Փաշինյանն այդպես էլ չի հերքել 5 մլրդ դոլարի դիմաց Արցախի 7 շրջանները հանձնելու  մեղադրանքը, ինքը բացահայտում է ավելացնում․ առաջարկը Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը փակ ծրար է փոխանցել Հայաստանի պաշտոնակից  Արթուր Վանեցյանին։ «Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները։ Քանի որ Փաշինյանը անհույս է, իսկ  Վանեցյանն ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը եւ կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար եւ արդյոք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին», նշել է Մինասյանը։

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երեւանում անկարգություններ հրահրելու մեղադրանքով օրեր առաջ ձերբակալվել էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։ Այսօր նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հանրությանը տեղեկացրել է, որ Այվազյանը  չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։

«Այվազյանին կասկածում են իշխանության յուրացման մեջ, ինչը դրսևորվել է օծանելիք ու ժամացույց գողանալու տեսքով։ Դրա համար էլ ձերբակալվել էր»,- ակնհայտ ծաղրանքով նշել էր Պողոսյանը։

Երեւանի հիվանդանոցներից մեկում հղի կին է մահացել։ Նախնական տվյալներով՝ կնոջ մահվան պատճառը եղել է կորոնավիրուսը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Ըստ նրա՝ 40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաեւ մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, կինը նախ կորցրել է պտուղը, իսկ մոր կյանքը փրկելու համար բժիշկների բոլոր փորձերը արդյունք չեն տվել: Մահացածը բժշկուհի էր, 3 երեխաների մայր։

Հայաստանում մահացած կորոնավարակակիրների թիվը հասել է 3121-ի։ Անցած մեկ օրում գրանցվել է  վարակվելու 357 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148682-ի, մահացել է 18 մարդ, որոնցից մեկի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արտակարգ դեպք Երեւանում։ Առավոտյան 8-ին մոտ  ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի կա։ Ըստ Shamshyan.com-ի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, նա Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակիչ է, անունը՝  Վլադիմիր։ Նրա գրպանում գտնված նամակում նա խնդրում է  իր քայլի համար որեւէ մեկին չմեղադրել։

Ինքնասպանության եւս մեկ դեպք էլ տեղի է ունեցել շաբաթ օրը։ Դի է հայտնաբերվել Նորքի այգիներ 235/ հասցեում գործող «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում: Իրավապահները  պարզել են, որ մահացածի անունը Արտեմ է, նա 73 տարեկան է,եւ նա 4-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.84 դրամով ու հասել   522.46 դրամի:  Եվրոյի փոխարժեքն աճել է 4.06 դրամով ու հասել 635.00 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 12.46 դրամով ու կազմել  700.46 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով  ու հասել  7.16 դրամի:

Դեկտեմբերի 15-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,  լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Երևանում եւս անձրև կտեղա։ Դեկտեմբերի 15-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է 2-ից 4 աստիճան, վաղը ցերեկը 7-9 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ