News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեկ երեկոյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի ուղեկցությամբ ադրբեջանական գերությունից Հայաստան են վերադարձել 44 զինվորականներ ու քաղաքացիական անձինք։ Հայաստանից հակառակորդին է փոխանցվել 10 գերի եւ 2 մարդասպան, որոնք 2014-ին ցմահ ազատազրկման էին դատապարտվել անչափահասի եւ տղամարդու սպանության ու մեկ կնոջ ծանր վիրավորելու համար։  Օդանավակայանում նրանց դիմավորելու էին եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարած օդանավից իջնող գերիների կադրերից երևում էր, որ նրանց մեծ մասը քայլում էր դժվարությամբ։ Օդանավակայանից նրանց միանգամից տեղափոխել են բուժհաստատություններ։

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների կարգավիճակի վերաբերյալ մինչև այժմ այդպես էլ որևէ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում։ Մի քանի օր առաջ ադրբեջանցիները գրոհ էին ձեռնարկել Հադրութից հայկական կողմին մնացած վերջին երկու գյուղերի ուղղությամբ, մերոնք դիմադրություն էին ցույց տվել, ինչի արդյունքում ադրբեջանական կողմն ունեցել էր զոհեր, իսկ հայկական կողմից կար 6 վիրավոր ու 10 գերեվարված։

Դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի ՊՆ-ն թարմացրեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտու քարտեզը, որում ներառել էր նաև այս երկու գյուղերը։ Սա հույս ներշնչեց, որ այդ գյուղերը կմնան հայկական կողմի վերահսկողության ներքո, սակայն երեկ ՌԴ ՊՆ-ն նոր քարտեզ հրապարակեց, որտեղից հանել էր երկու գյուղերը, իսկ այսօր արդեն Հին Թաղերի համայնքապետն ասաց, որ գյուղը փոխանցվել է ադրբեջանցիներին, խաղաղապահները դուրս են եկել։ Խծաբերդի համայնքապետն էլ վստահ է, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև իրենց գյուղին։ 

Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն համայնքների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ․ երկու գյուղերն էլ դեռ ադրբեջանական շրջափակման մեջ են։ Ռուս խաղաղապահներն այժմ փորձում են բանակցել ադրբեջանցիների հետ։ Գյուղում Արցախի իշխանության հետ հույսեր չեն կապում, քանի որ արդեն եռօրյա շրջափակման ընթացում իշխանության որևէ ներկայացուցիչ իրենց չի այցելել։ Մեծ Շենի համայնաքապետի խոսքով՝ իրենք այժմ սպասում են խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովին, որպեսզի նա հարցը լուծի։

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողով է ժամանել անվտանգության մեծ թվով աշխատակիցների ուղեկցությամբ: Թիկնազորը թույլ չի տվել լրագրողներին մոտենալ վարչապետին: Խորհրդարանում  նախատեսված էր «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը  վարչապետի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Օրակարգում  ընտրական օրենսգրքի բարեփոխումներն էին,  ռեյտինգային համակարգի նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչեւ քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել եւ այլն: Ի դեպ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պատերազմից հետո Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկն է։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: Օրակարգում երկրում ստեղծված իրավիճակից ելք գտնելու հարցն էր։

ՀՅԴ անդամներն այսօր քաղաքապետարանի դիմաց էին և կոչ էին անում, որ Հայկ Մարությանը հրաժարական տա, նաև պահանջի Նիկոլ Փաշինյանից հետևել իր օրինակին։ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը սահուն կարող է վերածվել նաեւ «առանց Հայկ Երեւան»-ի, հայտարարել է ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչը:

Երեւանում այսօր երեկոյան տեղի է ունեցել հերթական «արժանապատվության երթը»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երթը մեկնարկել է Սասունցի Դավիթ արձանի մոտից։

Երթի մասնակիցները ոտքով հասել են Հանրապետության հրապարակ, որտեղ կառավարության անդամների նույնպես կոչ են արել միանալ իրենց շարժմանը։ Երթն ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին հաշված օրեր են մնացել։

Արժանապատվության հաջորդ երթը կմեկնարկի վաղը ժամը 17։00-ին կրկեսի տարածքից, հաջորդ օրը՝ Թումո կենտրոնի դիմացից։

Բոլոր երթերի ուղղությունը լինելու է դեպի մայրաքաղաքի կենտրոն, իսկ շաբաթ օրը ժամը 15։00-ին Ազատության հրապարակում լինելու է հանրահավաք, որին նույնպես հաջորդելու է երթ։

Հայտարարություն է տարածել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա հույս է հայտնել, որ Փաշինյանն իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի։ Ըստ նրա՝ կառավարությունը, որի օրոք առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հնարավորությունը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ շատ դատախազներ սկսել են ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել։ Մասնավորապես, արդեն դիմումներ են գրել Գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ռաֆայել Գեւորգյանը և Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ռաֆայել Խաչատրյանը։

Նշենք, որ համակարգից դուրս գալու մասին արդեն հրապարակավ հայտարարել են նաև Ոստիկանության մի քանի սպաներ։

«Հրապարակ» թերթը հղում անելով իր աղբյուրներին՝ հայտնել է Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Ըստ աղբյուրի՝ օրեր առաջ Փաշինյանը կապվել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ եւ ասել, որ զորքը պատրաստ պահեն, որպեսզի իր հրահանգով մտցնեն քաղաք։ Գասպարյանը մերժել է՝ ասելով քանի դեռ ես եմ Գլխավոր շտաբի պետը, զորքը ներքաղաքական գործընթացներին չի միջամտելու եւ քաղաք չի բերվելու։

Արթուր Վանեցյանն անդրադարձել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչը Դուբայում իր միջոցով ծրար է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, որում 5 մլրդ դոլարի դիմաց 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու առաջարկն էր։

Վանեցյանն ասել է՝ հարցին հստակ չեմ պատասխանի, որովհետև կոռեկտ չէ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացած տեղեկությունները հրապարակայնացնելը։ Վանեցյանը հիշեցրել է, որ ի պաշտոնե ինքն ապահովել է Փաշինյանի և Ալիեւի միջև օպերատիվ կապը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղը հրաժարական կտա, բայց կշարունակի իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Չի բացառում, որ առաջիկայում կանցնի այլ պաշտոնի։ Ըստ նրա՝ այդ որոշումն ընդունվել է քաղաքական թիմի ներսում, նա արդեն այլ պաշտոնի առաջարկ ունի, սակայն մտադիր է մի քիչ հանգստանալ։

Հայաստանում կորոնավիրուսից կամ վարակված, բայց այլ հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 3155-ի։ Անցած մեկ օրում գրանցվել է  վարակվելու 438 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 149120-ի, մահացել է 34 վարակված, որոնցից 8-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մոսկովյան «Սովրեմեննիկ» թատրոնում հրաժեշտ են տվել նշանավոր արտիստ Վալենտին Գաֆտին. Նա այդ թատրոնում աշխատել է 5 տասնամյակ։ Գաֆտը 85 տարեկան էր, նա հայտնի է «Գարաժ», «Օրենքով գողերը», «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» եւ բազմաթիվ այլ ֆիլմերում խաղացած դերերով։ 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 2.63 դրամով ու հասել  525.09 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.35 դրամով ու հասել  638.35 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.88 դրամով  ու կազմել  699.58 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 7.15 դրամ:

Դեկտեմբերի 16-ին երկրի զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Երեւանում սպասվում է անձրև։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 2-4, վաղը ցերեկը 7-ից 9 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ