News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ընդդիմադիր 17 ուժերի նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ են հավաքվել Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում, ապա ջահերով ու մոմերով հիշատակի երթ կատարել դեպի «Եռաբլուր» պանթեոն: Ամբողջ ճանապարհին հնչել են պատերազմում զոհվածների անունները․․․

Եռաբլուրում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակված հայորդիների հիշատակը, ապա համատեղ աղոթել ու վառվող ջահերը դրել նահատակների շիրիմներին։

Շաբաթ օրը Ազատության հրապարակում ժամը 15-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, ինչից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակված  հերոսների:

Վաղը նախատեսվում է նաև կառավարության նախաձեռնած հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր։ Կառավարությունից հայտնել են, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կմասնակցի սգո երթին: Վաղվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սուգ է հայտարարված։

Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարեւանությամբ։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք կազմակերպություններ՝ նշելով, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր, որը հայ ժողովրդի համար համար սրբավայր է։

«Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում, որ միայնակ չմնա իր շքախմբի հետ։

Դավաճան, երկիր ծախած, զինվորի եւ կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչեւ հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրավունք չունի մտնելու սրբավայր»,– ասվում է հայտարարությունում։

Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Հադրութի հատվածներում, որոնումների ընթացքում հայտնաբերվել է եւս 35 հայ զինծառայողի եւ մեկ քաղաքացիական անձի մարմին: Որոնումները շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Քաշաթաղի շրջաններում: Մինչեւ օրս   հայտնաբերվել է 969 զոհվածի մարմին: Նշենք, որ արդեն քանի օր իշխանությունները զոհված զինծառայողների նոր ցուցակ չեն հրապարակում։

Սյունիքում այսօր սահմանազատման աշխատանքներ են կատարվել։ Մարզի բնակիչներն այսօր դարձյալ փակել են  Գորիս-Կապան ճանապարհը: Մարզի արեւելյան սահմանի նպաստավոր դիրքերը հակառակորդին հանձնելու վերջին ժամկետն այսօր ժամը 17-ն էր, ինչին սյունեցիները չեն համակերպվում, քանի որ, ըստ նրանց, այդպիսով բոլոր սահմանամերձ բնակավայրերը հայտնվում են սպառնալիքի տակ։

Քարահունջ համայնքի բնակիչները եւս  ճանապարհ են փակել՝ պահանջելով չեղարկել՝ Կապանի դիրքերը թշնամուն հանձնելու պաշտպանության նախարարության որոշումը։

Նրանք կոչ են արել բոլոր գորիսցիներին միանալ իրենց եւ պայքարել դավաճանների դեմ, որոնք ժամ առ ժամ թշնամուն են հանձնում հայրենի հողերը։

Դեռ գիշերը Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձով կոչ էր արել  կամավորներին առավոտյան ժամը 10-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար:

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը հայտարարել է, որ այն գործիքակազմը, որն օգտագործում է իշխանությունը՝ սահմանագծման համար, թուրքերի որդեգրած սկզբունքն է։ «Եթե այսպես շարունակվի՝ մենք կկորցնենք Սյունիքը»,- նշել է Հովսեփյանը։ Ըստ նրա՝ կառավարությունը չի տիրապետում իրավիճակին  եւ անհապաղ պետք է հեռանա ու ղեկը հանձնի այնպիսի մարդու, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել։

Դատախազությունն ու ԱԱԾ-ն պետք է երկրի դավաճանին ձերբակալեն, հայտարարել է ճանապարհ փակած սյունեցիներից մեկը։

Մարզ հասած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին սյունեցիները թույլ չեն տվել գնալ Կապան։ «Եթե խնդիր լուծող եք, նույն խնդիրն այստեղ է, Գորիսում լուծեք»,- ասել է բնակիչներից մեկը։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կառավարությունից պահանջել է անհապաղ դադարեցնել իրավական հիմքից զուրկ և սահմանի բնակիչների կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարում և կոչ արել գործընթացում ներգրավված պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ոչ միայն մեր պետական շահերին, այլև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանն ու միջազգային պրակտիկային:  Որևէ քարտեզ, առավել ևս GPS, իրավական ակտ չէ և չի կարող հիմք լինել սահմանագծման համար, նշել է Մանուկյանը:

Չնայած բողոքի ակցիաներին ու սահամանզատման գործընթացը կասեցնելու բազմաթիվ կոչերին՝ մինչև ժամը 17։00–ն Կապանի լավագույն դիրքերը հանձնավեցին հակառակորդին։ NEWS.am-ի հետ զրույցում Քաջարանի քաղաքապետ Սամվել Փարամազյանն ասել է. «Այն դիրքերը տվեցինք, որոնք 1992-94 թվականներին չունեինք, ու հակառակորդը հեշտությամբ թիրախավորում էր Կապան քաղաքը, գյուղերը։ Մենք պատերազմի ժամանակ էինք զբաղեցրել այդ դիրքերը, որպեսզի կարողանանք փակել թիրախի ճանապարհը։ Այսօրվա հանձնված դիրքերը 1300 մետր բարձրության վրա էին։ Այդ դիրքերից հակառակորդի ցանկացած շարժ կարողանում էինք տեսնել։ Մենք այս դիրքերը հեշտությամբ չենք վերցրել, կռվով ենք վերցրել, ընկերներիս արյուն է մնացել այդ հողում, բայց այսօր այսքան հեշտ տվեցինք։ Մեր թեւերը ջարդեցին։ Իջանք ու հեռվից նայում ենք մեր պահած դիրքերին, աննկարագրելի ցավ է։ Քոչվոր ցեղի նման քշեցին-քշեցին իջեցրին այստեղ։ Մեկը չկար մեր կողքին, մենք էլ մի բան ասեինք»,- ասել է քաղաքապետը՝ շեշտելով, որ սահմանազատման աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, ռուս սահմանապահներն ու ադրբեջանցի զինվորականները։

Հայ–ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։ Մոսկվա այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը նման պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Կապան քաղաքի դիրքերը ադրբեջանական կողմին հանձնելուց առաջ քաղաքացիները այրել են սահմանից այն կողմ մնացող իրենց տներն ու գոմերը։ Շատ տեղերում մեր դիրքերը նահանջել են մինչև 10–15 կիլոմետր։  Արդյուքնում Կապան քաղաքը և այլ բնակավայրեր ամբողջությամբ հայտնվում է հակառակորդի դիտակետում, քանի որ հակառակորդին են հանձնվում  այդ տարածքի ամենաբարձր կետերը։ Սահմանն անմիջապես անցնում է Կապանի օդանավակայանի հարեւանությամբ։ Դիտակետում է հայտնվում  նաեւ Կապան-Գորիս գլխավոր ավտոճանապարհը։

Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երեւան։ ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ Բորտնիկովին դիմավորել է ծառայության  տնօրեն Արմեն Աբազյանը, որը  դեկտեմբերի սկզբին եղել է Մոսկվայում։

Ղարաբաղի հարցով համաձայնությունն ընդհանուր առմամբ կատարվում է, ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար: ԱՊՀ գագաթաժողովին հայտարարել է  Վլադիմիր Պուտինը: «Մենք ձգտել ենք հետեւել առանցքային համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է Դաշնության նախագահը։ Գագաթնաժողովին իր ելույթում Իլհամ Ալիեւը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին  ու Դավիթ Տոնոյանին՝  պատերազմը սադրելու համար, հիշեցնելով նրանց արտահայտությունները՝    «Արցախը Հայստան է եւ վերջ» ու «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել  ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին ՝ պայմանավորված իր հոր հուղարկավորությամբ։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը NEWS.am-ին հայտնել է, որ հայկական կողմից ոչ ոք չի մասնակցել հանդիպմանը։

Ղարաբաղի հանձնման սցենարի հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն է տեսնում  Segodnya.ru պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, որը ծանր վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծման ժամանակ: Ըստ նրա`  զինվորները   հերոսաբար կռվել են, իսկ  այն, ինչ այժմ կատարվում է Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին, 44 օրվա ընթացքում կատարվածի օրգանական շարունակությունն է: Կոտենոկի համոզմամբ՝ Ղարաբաղում իրավիճակը կարող է պայթել ցանկացած պահի, իսկ Բաքուն պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սյունեցի պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դնելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի Սյունեցիներ,

Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով եւ Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում»,– գրել է նա:

«Իմ Քայլը» դաշինքով Երևանի ավագանու թեկնածու, վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը կվերցնի մանդատը, բայց կլքի «Իմ Քայլը» խմբակցությունը։ Նա խոստանում է պահանջել, իր խոսքով  ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականը։ «Փաստացի, մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան։ Իսկ այս ազգադավ պետական դավաճանին օր առաջ պետք է ոչ միայն հեռացնել իշխանությունից իր տերերով հանդերձ, այլև պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների», գրել է նա:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում մահերի թիվը հասել է 3244-ի։ Անցած մեկ օրում մահացել է 21 վարակված, որոնցից 6-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Երեկ գրանցվել է COVID-19-ով  վարակվելու 861 դեպք,   վարակվածների ընդհանուր թիվը հասել է 152253-ի։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.19 դրամով ու  կազմել  522.23 դրամ:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.47 դրամով ու կազմել  639.73 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.95 դրամով  ու կազմել  707.96 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով ու կազմել  7.10 դրամ:

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-8մ/վ: Գիշերը օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +5+7:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ