News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եռօրյա սգի ավարտից հետո վերսկսվել են վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Այսօր կեսօրից համազգային գործադուլի ու դասադուլի կոչ էր արել Հայրենիքի փրկության շարժումը, որն այդ ժամին նաեւ հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։

Առավոտից իշխանությունը մեծաքանակ ոստիկանական ուժեր էր կենտրոնացրել հրապարակի հարակից փողոցներում։ Որոշ փողոցներ էլ  փակվել էին նրանց կողմից։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած քաղաքացիները փակել էին Երեւն-Իջեւան, Երեւան-Վանաձոր եւ Վանաձոր-Դիլիջան ճանապարհները։  

Հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը տանը իրադարձությունների զարգացմանը հետեւող շարժման համակիրներին կոչ արեց դուրս գալ հրապարակ, իսկ ուժային կառույցներին՝ անցնել ժողովրդի կողմը։

Հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը, հայտարարեց շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:

Ցուցարարները շրջափակեցին կառավարության շենքը, որն արդեն շրջափակված էր ոստիկանական շարքերով։ 

Միաժամանակ բողոքի ակցիա սկսվեց ԿԳՄՍ նախարարության մոտ, ցուցարարները նախարարությունների աշխատակիցներին կոչ էին անում դուրս գալ, միանալ իրենց պայքարին։ Այստեղ մի պահ նաեւ բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։

Ընդդամիդիրները մինչեւ ժամը 18-ն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ժամանակ տվեցին, որպեսզի պատվիրակությունով ներկայանան հրապարակ՝ միասին քննարկելու ՆԻկոլ Փաշինյանին հեռացնելու եւ իրավիճակից ելքեր փնտրելու հնարավորությունները։ Պատգամավորներից ոչ մեկը մինչեւ ժամը 6-ը չներկայացավ, հանրահավաքը վերսկսվեց, ընդդիմադիրները հայտարարեցին, որ մի մասը գիշերը մնալու է հանրապետության հրապարակում։ Այնտեղ վրաններ են տեղադրել, նաեւ խարույկ վառել։

Վաղը առավոտից ամբողջ հանրապետությունում շարունակվելու են զանգվածային բողոքի ակցիաները, գործադուլը եւ դասադուլը, իսկ ժամը 16-ին հանրապետության հրապարակում կլինի մեծ հանրահավաք։ 

Ընդդիմության հանրահավաքները Նիկոլ Փաշինյանի կարծիքով նախկինների ռեւանշի ձգտում են։ Նա ֆեյսբուքում գրել է, որ 2018-ի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի, ընդ որում խոսքը միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, հետո էլ զրկվել դրանցից:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումը դատարանն ապօրինի է ճանաչել, նա այսօր ազատ է արձակվել։ Նրան ձերբակալել եւ հարցաքննել էին երեկ առավոտյան, այն բանից հետո, երբ նա գորիսեցիներին կոչ էր արել փակել Սյունիք մտնող ճանապարհը եւ թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը մտնի մարզ։ Առուշանյանին ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու մեղադրանք է առաջադրվել։  Նախաքննական մարմինը որոշել է այդ եւ նրան առնչվող հին գորերը միացնել մեկ վարույթում եւ կալանքի միջնորդություն է ներկայացրել։

Այսօր քննչական կոմիտեից հարցաքննության ծանուցագիր է ստացել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան։ Հիշեցնենք, որ նա նույնպես միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Այսօր ոստիկանության եւ ՊՆ պաշտոնյաներ են հրաժարականներ ներկայացրել։ Նրանք են ՊՊԾ գնդի կարմիր բերետների գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր  Թովմասյանը, Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը եւ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային ծառայության ավագ սպա Ռազմիկ Գեւորգյանը։

Հադրութի, Ջաբրայիլի եւ Հորադիզի ուղղությամբ որոնումների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն: Հիշեցնենք, որ որոնողափրկրարական աշխատանքների արդյունքում երեկ հայտնաբերվել է 61 օր անհայտության մեջ գտնվող երկու քաղաքացի: Նրանք Հադրութի բնակիչներ հայր եւ որդի Միքայել եւ Գեղամ Պետրոսյաններն են:

Չնայած հանրության լայն շրջանակների բացասական վերաբերմունքին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին հերթական որոշումն է ստորագրել։

Խորհրդարանի աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգեւատրմամբ:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 537 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154602-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 17 քաղաքացի, եւս 4 վարակվածի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3331 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.31 դրամով ու կազմել 521.97 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.10 դրամով ու հասել 637.06 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 10.06 դրամով ու հասել 699.49 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել 6.91 դրամ:

Դեկտեմբերի 23--ին մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Երեւանում եւս սպասվում է ձյուն, գիշերը եւ առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց: Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ -1+1:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ