News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հանրապետության հրապարակում ժամը 16-ին վերկսվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները, չնայած տեղացող ձյանը, գիշերել են Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցները հրապարակում վրաններ են տեղադրել և տաքանալու համար մետաղյա տակառների մեջ կրակ վառել:

Վաղը ժամը 11–ին կառավարության նիստն է, ժամը 10–ից ընդդիմությունը կշրջափակի կառավարության շենքը, որպեսզի ելումուտի հնարավորություն չտա վարչապետին ու կառավարության անդամներին։ Մինչև այդ նստացույցը Հանրապետության հրապարակում կշարունակվի։

Այսօր քննիչներն այցելել են Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, իսկ «Հայրենիք» կուակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել հանրահավաքի ժամին։ Շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը  Քննչական կոմիտեում հրաժարվել է նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալ։

Վարչապետի հրաժարականը պահանջելուց և նրա մուտքը Սյունիք խոչընդոտելուց հետո քրեական հետապնդումներ են սկսվել Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։ Նախօրեին Գորիսի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց, իսկ այսօր արդեն Քննչական կոմիտե էր հրավիրվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, հարցաքննությունից հետո նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել, երկուսի դեպքում էլ՝ մի քանի ամսվա կամ տարվա վաղեմության գործերով։

Փարամազյանին աջակցելու նպատակով Քննչական կոմիտեի բակում հավաքվել էին մեծ թվով աջակիցներ, այդ թվում՝ Գորիսի և Սիսիանի քաղաքապետերը։

Եվ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, և Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Փարամազյանը մեղադրվում է անձի առևանգման, իսկ Առուշանյանը՝ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն։

Լրագրողների հետ զրույցում Մանվել Փարամազյանն ասել է, ինքը քննչական գալու համար ստիպված է եղել թողնել մարտական դիրքերը։ Նա շեշտել է, որ այս գործընթացը  քաղաքական հետապնդում է։

Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նրա այն հայտարարության առնչությամբ, թե «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար»։

Հայրենիքի փրկության շարժման համախոհները բողոքի ակցիա են իրականացրել Լոս Անջելեսի Բրբենք քաղաքում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիայի մասնակիցներն ասել են, որ 2 ամիս առաջ նույն բեմից հնչել են հայրենասիրական կարգախոսներ, իսկ հիմա հավաքվել են գլխիկոր եւ իրենց զգում են դավաճանված:

Հադրութից և Ջաբրայիլից որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել 14 զոհված զինծառայողի աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների  ծառայության տվյալով՝ մինչեւ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1061 զոհված զինծառայողի աճյուն:

Արցախի օմբուդսմենի պաշտոնից հեռացող Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Ադրբեջանը թաքցնում է գերեվարված հայերի իրական թիվը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը մինչև օրս վերադարձրել է 53 գերիների, որոնց թվում կան նաեւ կանայք: Երկու տարեց տղամարդ մահացել է բանտում, եւ նրանց բռնի մահվան ապացույցներ կան: Վերադարձածների ճնշող մեծամասնությունը հայտնում է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության մասին:

Անցած գիշեր կյանքից հեռացել է Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արկադի Անդրեասյանը: Երևանի «Արարատի» նախկին կիսապաշտպանը մահացել է սրտի խնդիրների պատճառով: Լեգենդար ֆուտբոլիստը 73 տարեկան էր: «Արարատի» կազմում նա 1973-ին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 838 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 155440-ի: Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 քաղաքացի,  եւս 2 վարակվածի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3351 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով ու հասել 522.21 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով ու կազմել 636.78 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.05 դրամով ու հասել 700.54 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 6.93 դրամ:

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Երեւանում եւս սպասվում է ձյուն, գիշերը եւ առավոտյան ժամերին ճանապարհներին՝ մերկասառույց: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ 0-2:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ