News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2020 թվականը «կործանիչ» էր, սակայն գալիք 2021 թվականն ավելի լավը կլինի: Այս մասին իր բլոգում գրել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը:

Միլիարդատերը հիշեցրել է, որ այդ տարի կորոնավիրուսի պանդեմիան ավելի քան 1,6 մլն մարդու կյանք է խլել եւ տրիլիոն դոլարի վնաս հասցրել համաշխարհային տնտեսությանը: Սակայն 2021 թվականին «լավ նորություններ կլինեն»՝ վստահություն է հայտնել Գեյթսը, գրում է Forbes-ը:

Նրա կարծիքով՝ ներքոնշյալը հիմքեր է տալիս հուսալու, որ լավ տարի կլինի.

Պատվաստանյութերի ստեղծում: «Դեռ երբեք մարդկությունը մեկ տարում նման խոշոր առաջընթացի չէր հասել ինչ-որ հիվանդության դեմ պայքարում, ինչպես եղավ այս տարի: Պատվաստանյութի մշակման համար նորմալ պայմաններում կպահանջվեր մինչեւ 10 տարի: Այժմ գիտնականներին հաջողվել է մեկ տարում կորոնավիրուսի դեմ միանգամից մի քանի պատվաստանյութ մշակել»,-հայտարարել է Գեյթսը:

Համագործակցությունը անհրաժեշտ քանակությամբ դեղաչափերի արտադրության համար: Երկրի բնակչության 70 տոկոսին պատվաստելու համար կպահանջվի 5-10 մլրդ դեղաչափ՝ գրում է Գեյթսը: Դա նշանակում է, որ համաշխարհային արտադրողական հզորությունները պետք է կրկնապատկվեն: Դրան հասնելու համար Գեյթսի հիմնադրամն օգնում է հարուստ երկրներից արտադրողներին համագործակցության հարցում:

Արդար բաշխում: Պատվաստանյութ պետք է ստանան բոլորը՝ նշում է Գեյթսը: Նրա խոսքով՝ 16 դեղագործական ընկերություններ արդեն պատասխանատվություն են ստանձնել հիմնադրամի հետ համատեղ ապահովելու պատվաստանյութերի նկատմամբ հասանելիությունը՝ գրում է միլիարդատերը:

Անվստահության դեմ պայքար: Գեյթսն ամբողջ աշխարհի առաջնորդներին կոչ է անում պարզաբանել պատվաստանյութերի անվտանգությունը: Նա նշում է, որ մարդկանց զգալի մասը չի վստահում պատվաստումներին: «Չի օգնում նաեւ այն, որ կան պատվաստանյութերի մասին կեղծ դավադրության տեսություններ, որոնցում հիշատակում են ինձ եւ Մելինդային: Մենք շարունակում ենք պնդել, որ միակ պատճառը, ըստ որի մենք ֆինանսավորում ենք պատվաստանյութերի հետ աշխատանքը, կյանքեր փրկելու եւ բոլոր երեխաներին մեծանալու հնարավորություն ընձեռնելու ձգտումն է»,-գրում է միլիարդատերը: 

COVID-19-ի թեստերի բարելավում: «Եթե դուք երբեւէ հանձնել եք թեստերից մեկը, որի դեպքում նմուշառումն արվում է քթանցքից կամ բկանցքից, դուք գիտեք՝ որքան անհարմարություն են պատճառում դրանք եւ կարող են հազ առաջացնել կամ փռշտոց»,-գրում է Գեյթսը: Եթե հաջողվի, այդպիսի թեստերի իրականացմանը քիչ մնաց: Նոր թեստերը թույլ են տալիս վերցնել քսուք քթից ոչ այնքան խորը եւ պարզել արդյունքը 15 րոպեից: «Այդ ոլորտում նորարարությունների տեմպերն իսկապես տպավորիչ են եւ օգտակար կլինեն բոլորի համար»,-նշում է միլիարդատերը:

Մտավախությունները, որ կորոնավիրուսն ավելի արագ կտարածվի աղքատ երկրներում, չի հաստատվել: Աֆրիկայի երկրների մեծամասնությունում ցուցանիշները մնում են անփոփոխ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի ու Եվրոպայի, նշում է Գեյթսը: Նա գտնում է, որ Աֆրիկայում ցածր ցուցանիշներից մեկը բնակիչների երիտասարդ լինելն է կամ փաստը, որ բազմաթիվ գյուղաբնակներ շատ ժամանակ են անցկացնում փողոցում, որտեղ վիրուսն ավելի դանդաղ է տարածվում:

Համաշխարհային համագործակցություն: «Ուրախ եմ հայտնել, որ օպտիմիստական կարծիքը, որ աշխարհը միավորվում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար, զգալի չափով հաստատվել է: Մենք չեինք կարողանա ներկայիս արդյունքները գրանցել, եթե չլինեին կառավարությունները, ընկերություններն ու գիտնականները ամբողջ աշխարհից, որոնք աշխատում են՝ միմյանց հետ սերտ համագործակցելով»,-նշել է Գեյթսը: Նա հույս է հայտնել, որ աշխարհը հնարավորություն ունի ձեռնարկել կոնկրետ քայլեր նաեւ կլիմայի փոփոխության խնդիրը լուծելու համար:

«Կարծում եմ, որ մեկ տարի անց մենք կկարողանանք հետ նայել եւ ասել, որ 2021 թվականն ավելի լավն էր՝ ի տարբերություն 2020-ի: Բարելավումը կարող է եւ հսկայական չլինի, սակայն դա կլինի նկատելի, չափելի քայլ առաջ ամբողջ աշխարհում»,-իր ակնկալիքներն ամփոփել է միլիարդատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ