News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շուշան Սիմոնյանի ավագ որդին՝ Նվեր Սիմոնյանը, զոհվել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ եղբոր՝ Ազատի ձեռքերի վրա։ Երրորդ որդին՝ Դրաստամատը, մասնակցել էր Արցախյան երկրորդ պատերազմին։ Պատերազմի ավարտից հետո՝ տուն գնալու ճանապարհին, Դրաստամատը ավտովթարի ենթարկվեց և զոհվեց։

«Մեծ որդիս՝ Նվերը, պայմանագրային զինծառայող էր։ Զոհվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ, 26 տարեկան էր։ Ազատս էլ էր որպես պայմանագրային զինծառայող մասնակցել պատերազմին։ Մոտեցել է եղբորը, մտածել է` վիրավոր է, չի պատկերացրել, որ եղբայրը հենց իր ձեռքերի մեջ է մահանալու։ Նվերիս շատ դժվար եմ ծննդաբերել։ Բժիշկն ասաց՝ ձեր երեխան Աստծու նվեր է, ես էլ անունը Նվեր դրեցի։ Նվերս նշանված էր, երազում էին զույգ երեխա ունենալ։ Նվերի մահվանից 1 տարի անց նշանածն ամուսնացավ ու զույգ երեխա ունեցավ։

Երրորդ տղաս՝ Դրաստամատս որպես կամավոր 44 օր կռվի դաշտում էր, մազին ոչինչ չէր դիպչել։ Պատերազմի ավարտից հետո մի քանի օրով գալիս էր մեզ տեսնելու։ Եղեգնաձորի ճանապարհին իր տաքսուն «Ուրալը» հարվածեց։ Տաքսին այրվեց, երեխաս մահացավ։ Դրաստամատս էլ՝ 26 տարեկան։ Շատ էի սպասում տղայիս, չհասցրի տեսնել։ Մինչև հիմա սպասում եմ Դակոյիս գալուն»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նվերի և Դրաստամատի մայրը՝ Շուշան Սիմոնյանը։

Ընտանիքն ապրում էր Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում։ Կրտսեր զավակի՝ ութամյա Գոռի ծնունդից հետո, որպես բազամազավակ ընտանիք, նրանց տրամադրվեց տուն։ Պատերազմից երկու ամիս առաջ տունը նորոգվել էր։

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սմերչը խփեց ուղիղ մեր տանը։ Ազատը զանգեց ասաց՝ մամ կռիվ է, դուք այդտեղից գնացեք։ Կռիվը սկսվեց, ամեն ինչ թողեցինք այնտեղ։ Տունը երկու ամիս առաջ էին վերանորոգել, չհասցրինք վայելել։ Մեր ունեցածը թողեցինք ու եկանք։ Ամբողջ տունը տղայիս՝ Նվերիս, նկարներն էին։ Չգիտեմ՝ ջարդե՞լ են, ի՞նչ են արել։ Դրանք մարդ կոչվելու իրավունք չունեն։ Տղայիս շիրիմն էլ է այնտեղ, չգիտեմ թե ինչ են արել»,- ասաց Շուշան Սիմոնյանը։

Սիմոնյանների հինգհոգանոց ընտանիքն այժմ բնակվում է Երևանում՝ բարեկամի մեկսենյականոց բնակարանում։

«Երեխաներին ուղարկեցի Երևան, ես եկա Հադրութ, մի քանի օր մնացի նկուղում ու հոկտեմբերի 3-ին ես էլ եկա Երևան։ Սկզբից եկա բարեկամի տուն, բայց այնտեղ շատ էինք՝ 12-13 հոգի։ Խնդրեցինք, որ բարեկամս այս տունը տա մեզ ժամանակավոր։ Բայց սա մեր տունը չէ, այստեղ ինչքա՞ն կարող ենք մնալ»,- նշեց Շուշան Սիմոնյանը։

Տիկին Շուշանի հանգուցյալ ամուսինը՝ Սարո Սիմոնյանը, մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին, պատերազմի ընթացքում կորցրել էր մեկ աչքը: Տիկին Շուշանն ունի ևս 3 տղա՝ Ազատը, Դավիթը, Գոռը։ Ազատը պայմանագրային զինծառայող է, մասնակցել է Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներին։ Մյուս որդին՝ Դավիթը, չնայած, որ ենթակա չէր ծառայության, քանի որ ձախ ձեռքի երեք մատները չկան, կամավոր մեկնել է ռազմաճակատ և մասնակցել Արցախյան երկրորդ պատերազմին։

«Իմ բոլոր տղերքն էլ խիզախ են, բայց ո՞ւմ է, պետք որ բախտ չունեն․․․․»,- ավելացրեց Շուշան Սարգսյանը։

Տիկին Շուշանին օգնել ցանկացողները կարող են կապվել նրա հետ հետևյալ հեռախոսահամարով՝

055987871

 

Տպել
Ամենաշատ