News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ամբողջ հայությունը շունչը պահած սպասում էր պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ առաջին հանդիպմանը, որը կայացավ այսօր Մոսկվայում։

Ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չի տալու դուրս գալ երկրից, քանի որ վստահ էին՝ Մոսկվայում ստորագրվելու է Հայաստանի համար խիստ անբարենպաստ հայտարարություն։

Առավոտյան ժամը 8-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին օդանավակայան տանող ճանապարհին՝ փորձելով փակել այն, սակայն ոստիկանները թույլ չէին տվել նրանց հասնել օդանավակայան։

Պարզվեց, որ Փաշինյանն ավելի շուտ էր մեկնել օդանավակայան, համացանցում հայտնվեցին նաեւ կադրեր՝ ինչպես է ճանապարհային ոստիկանությունը փակել «Զվարթնոց» տանող ճանապարհները՝ Իսակովի պողոտայից սկսած, որպեսզի վարչապետի ավտոշարասյունը կարողանա անարգել հասնել Զվարթնոց։ ժամը 8-ին մոտ, վարչապետի ավտոշարասյան անցնելուց հետո Իսակովի պողոտայի մի մասը բացվել է, սակայն քաղաքացիներին դարձյալ թույլ չեն տվել մոտենալ օդանավակայանին:

Եռակողմ հանդիպումը Կրեմլում մեկնարկեց մոտ ժամը 3-ին, Պուտինը հերթով ողջագուրվեց  Ալիեւի եւ Փաշինյանի հետ, Փաշինյանն ու Ալիեւը պարզապես սառը բարեւեցին իրար։

Քննարկումը տեւեց մոտ 4 ժամ, դրանից հետո կողմերը հանդես եկան համատեղ բրիֆինգով։ Պուտինը հայտարարեց, որ հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ Ղարաբաղում եւ տարածաշրջանում տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ։

Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երեք կառավարությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերը:

Ալիեւն ասաց, որ հանդիպումը շատ կարեւոր էր տարածաշրջանի հետագա կայուն եւ անվտանգ զարգացումն ապահովելու համար՝ նաեւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման համատեքստում։ Ալիեւը նաեւ կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում։

Հարցը, որն ամենաշատն էր հուզում հայ հանրությանը, ցավոք, Մոսկվայում չի լուծվել, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։

Փաշինյանը շեշտեց, որ Ղարաբաղում հակամարտությունը դեռ կարգավորված չէ, կան շատ խնդիրներ, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։

Հիշեցնենք, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները ակտիվ տարածում էին այն թեզը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով նախատեսվող ապաշրջափակման եւ նոր ճանապարհների կառուցման հարցը, որով հիշեցնենք, նախատեսվում է նաեւ Նախիջեւանը Ադրբեջանին կապող ճանապարհի տրամադրումը Հայաստանի տարածքով, կախված է լինելու նույն հայտարարության 8-րդ կետի՝ գերիների փոխանակման, զոհերի մարմինների դուրսբերման լիարժեք իրականացումից։

Ավելին՝ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Հայկական կողմի համար անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»:

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նշենք, որ այսօր Փաշինյանի այցի կապակցությամբ բողոքի ակցիա են արել նաեւ Ռուսաստանի հայերը։ Նրանք հավաքվել էին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց եւ հայտարարել, որ հայ համայնքը դեմ է բոլոր հակահայկական որոշումներին, որոնց տակ հնարավոր է՝ ստորագրի Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության որոշմամբ Հայաստանում կարանտինը երկարաձգվել է 6 ամսով։ Այն կշարունակվի մինչեւ հուլիսի 11-ը՝ ժամը 17։00-ն։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ցուցանիշերի անկում է նկատվում. Անցած մեկ օրում գրանցվել է վարակվելու 157 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվն անցել է  162 հազարից։ COVID-19-ից մահացել է 2 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 3631 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.97 դրամով եւ հասել 523.76 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.90 դրամով ու կազմել 636.84 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.23 դրամով ու կազմել  706.71 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 7.03 դրամ:

Հայաստանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 3 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երեւանում տեղումներ չեն լինի, սակայն կդիտվի ամպամածություն եւ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -7 -9, վաղը ցերեկը` -4 -6 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ