News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ռազմագերիների փոխանակման հարցը մտնում է փակուղի, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ հետագա գործընթացներով Հայաստանի ղեկավարությունը միջազգային հանրությանն ազդարարել է, որ խնդիրն ունի քաղաքական լուծում, եւ իրավական ու քաղաքական խնդիրներով զբաղվող կառույցները գիտակցում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից լեգիտիմացված հարթակը հենց եռակողմ ձեւաչափն է, ուստի այս ձեւաչափը գործուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 11-ին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։

«Կարծես՝ հայկական կողմը բարեխղճորեն կատարեց Ադրբեջանի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները, որոնք ծանր էին, եւ որոնց հետեւում կային սեփական քաղաքացիների իրավունքների խախտումներ։ Ակնկալիք կար, որ առնվազն դրանից հետո նոյեմբերի 9–ի հայտարարության միակ չկատարված կետը՝ ռազմագերիների վերադարձը, տեղի կունենար։ Բայց այն քաղաքական պատճառներով տեղի չի ունենում, ավելին՝ կարծես թե հարցը մտնում է փակուղի, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ հետագա գործընթացներով մեր ղեկավարությունը միջազգային հանրությանն ազդարարել է, որ խնդիրն ունի քաղաքական լուծում եւ իրավական խնդիրներով զբաղվող կառույցները գիտակցում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից լեգիտիմացված հարթակը հենց եռակողմ ձեւաչափն է, ուստի այս ձեւաչափը գործուն է։ Եթե այն գործուն չլիներ, դրա միջոցով հնարավոր չէին լինի կենսագործել ծանր պայմաններ, եւ եթե դրանք կենսագործվել են, եւ Հայաստանի ղեկավարությունը դեռեւս այդ հարթակում աշխատանքները շարունակում է, ուրեմն ճանաչված է հենց այդ մեխանիզմի արդյունավետությունը։ Բայց պարզվում է՝ այն արդյունավետ է միայն այն խնդիրների համար, որոնք վնասում են հայկական շահերին, իսկ սեփական քաղաքացիների իրավունքների իրացման առնչությամբ որեւէ տեղաշարժ չկա»։

Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է նոր կարգավիճակ տալ հայ ռազմագերիներին. «Հայ ռազմագերիներին փորձում է զրկել միջազգային պաշտպանությունից եւ միջազգային հանրությանը ներկայացնել որպես ահաբեկիչներ եւ դրանով արդարացնել չվերադարձնելը»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդ խնդրի իրավական լուծումը հնարավոր է, սակայն այդ ուղղությամբ լուծումները բավականին ժամանակատար են.

«Մենք ի սկզբանե դիվերսիֆիկացրել ենք՝ շատ լավ հասկանալով իրողությունը, պարզապես իրավական գործընթացները երկարատեւ են, դրանք անմիջական արդյունք կապահովեին, եթե ի սկզբանե քաղաքական սակարկումների առարկա մեր իշխանությունները չդարձնեին գերիներին, որովհետեւ դրանք ինքնուրույն խնդիր են, անկախ Ադրբեջանի կամքից եւ ցանկությունից՝ դա պարտադրելու եղանակներ եւ հնարավորություններ կան, բայց քանի որ դարձրեցին, իրավական մեխանիզմները դանդաղեցին այս առնչությամբ։ Քանի որ հարցը մտնում է փակուղի, կարծում եմ՝ միակ ճանապարհը լինելու է իրավականը կամ առնվազն բանակցություններում նոր անձի, նոր կողմի ներգրավվածությունը։ Քանի դեռ այս մոտեցումներով են վարվում բանակցությունները, մենք տեսանելի տեղաշարժեր չենք նկատում։ Որքան էլ, որ Եվրոպական դատարանը մեր խնդրանքի հիման վրա բավարարել է անհապաղ միջոցը եւ նաեւ գործերին տվել է առաջնահերթություն, միեւնույն է՝ գործընթացը տեւելու է 1-2 տարի»։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի երեկվա այդ հայտարարությունն սպասելի՞ էր, Սահակյանը պատասխանեց, որ մարդասիրական խնդիրներն առաջնահերթ են եւ, ըստ փաստաբանի, զարմանալի է, որ այդ խնդիրները երկրորդվում են.

«Բոլորին հայտնի է, որ մարդասիրական խնդիրներն առաջնահերթ են, եւ մարդասիրական խնդիրներն հաջողակ ղեկավարների դեպքում անգամ լուծում են ստանում պատերազմի ընթացքում։ Եվ նույնիսկ եթե պատերազմը ավարտվում է, հեշտ լուծվող խնդիրներից են դիտարկվում մարդասիրական խնդիրները, որովհետեւ երկու կողմն էլ ունի նույն խնդիրը։ Պատերազմը նաեւ հետեւանքներ է ունենում հաղթող պետության համար, եւ այստեղ փոխադարձ շահագրգռություն կա մեղմել մարդկային տառապանքները։ Զարմանալիորեն այս խնդիրները երկրորդվում, երրորդվում եւ դառնում են անկարեւոր հարցեր։ Դա կատարվում է մեր իշխանությունների մասնակցությամբ, եւ ինձ համար անհասկանալի է՝ եթե ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս գերիների վերադարձի հարցում, իսկ միջազգային իրավունքը չի էլ պահանջում իրենց համաձայնությունը, դա իրենց պարտականությունն է, եւ չկատարման դեպքում Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որ միջազգային հանրությունը սանկցիաներ կիրառի։ Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը համաձայնություն տալիս այն հարցերին, որի առնչությամբ Ադրբեջանը նոր իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի տարածքների նկատմամբ»։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ներկայումս հայկական կողմն ավելի քան 120 ռազմագերի ունի. «Սրանք անվիճելի դեպքերն են, իսկ եթե մենք քննարկման առարկա դարձնենք հավանական գերեվարման դեպքերը, ապա թվաքանակը անհամեմատ ավելի մեծ է լինելու։ Կան նաեւ կանայք, հաստատված 2 դեպք կա, որ պաշտոնապես պետությունը ընդունում է եւ չի վերադարձրել, կարգավիճակի առումով միգուցե նրանք ներկայացվեն վարձկաններ, ահաբեկիչներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է…
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
«Դրական գնահատական է տրվել հրադադարի եւ ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործողություններին…
Սերժ Սարգսյան. Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որպեսզի այսպիսի ճակատագրի չարժանանայինք
Մենք կապիտուլյանտին մեղադրում ենք ոչ թե եռակողմ փաստաթուղթը ստորագրելու համար, երբ ադրբեջանցիներն արդեն նվաճել էին Շուշին եւ իսկապես շատ մոտ էին Ստեփանակերտին․․․
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը եւ Ղարաբաղի անկախությունը տարբեր հարթություններում են. իրավաբան
Զրույց իրավագետ Արա Ղազարյանի հետ...
«Այս պահին դադարեցնում եմ նստացույցը». գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր
Եթե բոլոր քննարկված պայմանները եւ պահանջները չպահպանվեն մինչեւ հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը եւ ավելի լայն բողոքի ակցիաներ…
Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի...
Ամենաշատ