News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


18-ամյա Հայկ Հարությունյանը այն 6 զինծառայողներից մեկն է, որոնք շուրջ 90 օր Հադրութի անտառներում թաքնվելուց եւ ողջ մնալուց հետո դեկտեմբերի վերջին Տող գյուղում սպանվեցին ադրբեջանցիների կողմից։ Հայկը ծառայում էր Ջաբրայիլում, պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերից, խմբով շրջափակման մեջ էին ընկել։ Լուրը ստանալուն պես Հարությունյաններն ու մյուս ընտանիքները սկսել էին տղաների որոնումները։

«Հինգ ծնողով որոշեցինք հավաքվել, դիմել նախարարություն,  10 օր ոչինչ չարեցին։ Հետո Ուլնեցու հանձնաժողովը ստեղծեցին, Ոսկանյանին բերեցին։ Մի խոսքով ժողովրդին խաբում էին, մինչեւ հիմա էլ խաբում են։ Ես տեսա՝ էդ վիճակն է, պատերազմն ավարտվեց, գնացի Արցախ։ Գնացի, տեսա՝ Շուշիում կորածների ծնողները համախմբվել են, մոտեցել են նախագահին, առաջինը սկսեցին Շուշիից հանել դիակները։ Ողջ մարդ չգտան, բնական է, մի հոգի են գտել՝ ոստիկան, էն էլ դիակների տակից։ Դրանից հետո նորից հետ եմ եկել, ծնողներին ասել եմ՝ միայն Արցախում կլուծեն ձեր հարցը, մի եկեք էստեղ»,- NEWS.am-ին պատմեց Հայկի հայրը՝ Հրանտ Հարությունյանը։

Զինվորի հայրն Արցախում է եղել, երբ տեղեկացել է, որ նոյեմբերի 23-ին տղաներից մեկը կապի է դուրս եկել ու հայտնել, որ 6 հոգին ողջ են, պատսպարված՝ այդ թվում իր որդին։ Դրանից հետո կրկին դիմել են Արցախի եւ Հայաստանի պետական մարմիններին։ Ի վերջո հասել են նրան, որ խումբ ձեւավորվի, որին կթույլատրվի ողջերին փնտրելու համար մուտք գործել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտել է, որոշ դեպքերում էլ հայ պատասխանատուների վատ աշխատանքի պատճառով որոնումները անարդյունք են եղել։

«Չէին կարողանում նորմալ բանակցեին։ Գալիս, Շուշիում թուրքը համաձայնություն էր տալիս, հասնում էինք Կարմիր Շուկա, չէին թողնում, կամ էլ թողնում էին մի ժամով։ Մուրադովը միշտ էլ մեզ ասել է՝ վերեւները պետք է ասեն, իմ ուժերից վեր է։ Կամ էլ՝ քարտեզներ կային, որոնք տրամադրում էին ծնողները, որոնցով կկարողանային գտնել երեխեքին։ Ոսկանյանը քարտեզը դրել էր տակը, չէր ուղարկել։ Ուրախ-ուրախ եկավ էնտեղ Վաղարշակ Հարությունյանի հետ, մենք էլ էինք էնտեղ, կատաղած գնում էինք Արայիկ Հարությունյանի մոտ։ Դուրս ա եկել, թե պետք է գրկաբաց ընդունեինք, ասում ենք՝ խի չես քարտեզը փոխանցել, ասում է՝ հետո ինչ, որ չեմ փոխանցել։ Ծնողներից մեկը աչքի տակին խփեց»,- պատմեց զինծառայողի հայրը։

Միաժամանակ ընտանիքի մյուս անդամները դիմել են վարչապետին, մի քանի անգամ հանդիպել են նրա հետ, սակայն կառավարությունում թերահավատորեն են մոտեցել ծնողների պատմածին։

«Չեն հավատացել, որ ողջ երեխեք կան։ Վարչապետին ասում եմ՝ օգնություն է պետք երեխեքին, բանակցեք, թող մտնեն հանեն, նայում է խորհրդականի երեսին, ասում՝ հնարավո՞ր է հիմա սաղ մարդ լինի անտառներում, ասում ա՝ ի՞նչ են ուտում էս ցրտին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մորեղբայրը՝ Արտակ Մեսրոպյանը։

 Ընտանիքը կարծում է՝ եթե պատշաճ կերպով բանակցեին, հնարավոր կլիներ փրկել տղաներին։

«Ընդամենը պետք էր բանակցել, տարածքը փակել, ու գտնել։ Հողերը տալուց կետ ունեն չէ, որ վերաբերում էր երեխաներին, իրենք պետք է այդ կետից սկսեին, ոչ թե հողերը տվեցին, մեր երեխեքին էդ հողերի մեջ նվեր տվեցին թուրքին։ Շուշիում էլ նույն բանը, մինչեւ չխփեցին, չտվեցին, էնտեղ ավելի շատ ողջ մնացածներ կային»,- նշեց զինծառայողի հայրը։ 

Հայկին ու մյուս տղաներին սպանել են նույն տարածքից 6 զինծառայողի ողջ դուրս բերելուց մեկ շաբաթ անց։ Սպանության մասին ծնողները տեղեկացել են ադրբեջանական տեսանյութերից, մարմինները նրանց են փոխանցվել օրեր անց։ Դրանք խոշտանգված են եղել դեմքերի հատվածում՝ ըստ երեւույթին մահվանից հետո։ 

Արդեն մեկ շաբաթ է՝ տղաներին հողին են հանձնել, սակայն պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա դեպքի հանգամանքների մասին։ Ընտանիքն էլ պետական ուշադրության չի արժանացել, վրդովված են, որ պետական ոչ մի մարմնից ոչ մի խոսք չեն լսել։  Իրենց որդու սպանության համար մեղավորներին պատժելու պահանջով Հարությունյանները որոշել են դիմել դատական ատյաններին։

Տպել
Ամենաշատ