News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյան ընդգծում է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետեւանք է՝ հավելելով, որ դեռեւս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: ՀՀ ԱԳ նախարարն այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի գործընկերներ, պատգամավորներ,

Անչափ կարեւորում եմ կանոնավոր շփումներն Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրադրության վերլուծության եւ քննարկման, ինչպես նաեւ այս նոր իրողության պայմաններում մեր առջեւ ծառացած մարտահրավերների եւ հնարավորությունների շուրջ մտքեր փոխանակելու ուղղությամբ։

Հարգելի գործընկերներ, Արցախի ժողովրդի դեմ 44 օր տեւած ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, եւ Արցախ մուտք գործեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը։

Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետեւանքով վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող։ Արցախի Պաշտպանության բանակը եւ Արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները։ Մենք ամբողջովին կիսում ենք այս հայտարարություններում առկա գնահատականը, եւ որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով։

Այդ խախտումները վերաբերում են նախեւառաջ հայտարարության 1-ին եւ 8-րդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը եւ վերադարձնեն ռազմագերիներին եւ ձերբակալված անձանց։

Որոշ դեպքերում այս խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետեւանքով գերեվարվեց 64 զինծառայող։

Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլեւ ժնեւյան կոնվենցիաները։

Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեւավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարեւոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանդառությունը եւ հայատյացության քաղաքականության շարունակումը։

Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները, ինչի մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց հունվարի 11-ին եռակողմ հանդիպման ընթացքում։

Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների եւ պատանդների հետվերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ։ Հայաստանը, մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը, հստակորեն մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական եւ ենթակառուցվածքային պոտենցիալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ։ Սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն։

Հարգելի գործընկերներ,

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետեւանք է: Դեռեւս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Ուժի կիրառումը կարող է ձեւավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը:

Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների եւ հետեւանքների վերացման համար, կարող է տեւական խաղաղություն եւ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից:

Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց երկրների հովանու ներքո շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների եւ տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:

Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաեւ Արցախի տարածքների դեօկուպացիան եւ այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝  իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը:

Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային եւ կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարեւոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Մինչ այժմ մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը, որը թույլ չի տալիս միջազգային մասնագիտական կառույցներին, նախեւառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մուտք գործել տարածաշրջան, ինչի վերաբերյալ այդ կազմակերպությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ։

Հայ ժողովրդի պատմության եւ արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի ներկա իրավունքների ոտնահարումը չեն կարող ստեղծել լավ ապագա մեր տարածաշրջանի համար։ Այս տեսակետից մշակութային ժառանգության կրոնական սրբավայրերի պահպանությունը կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում հաշտության համար։

Մեր ներկա առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը եւ դրանում մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ուղղակի ներգրավվածությունը:   

Այս փուլում Հայաստանի եւ Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Ես վերջերս այցելեցի Արցախ եւ քննարկումներ ունեցա Արցախի ղեկավարության հետ մեր ընդհանուր համահայկական օրակարգի շուրջ: Կարծում եմ, որ խորհրդարանական մակարդակում նույնպես պետք է առավել սերտորեն համադրել եւ համակարգել մեր աշխատանքն Արցախի հետ, այդ թվում՝ միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում հայ ժողովրդի ձայնն առավել լսելի դարձնելու ուղղությամբ:

Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս քննարկումը նախաձեռնելու համար: Սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու մոտեցումները, ինչպես նաեւ կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին:

Շնորհակալություն»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ