News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բախվելով ԱՄՆ պոտենցիալ թշնամական վարչակազմին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է մեկուսացումից դուրս գալ՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելով, հայտնում է AFP-ն:

Անկարայի եւ Բրյուսելի հարաբերությունները ամենացածր մակարդակին են հասել այն ժամանակից ի վեր, երբ Թուրքիան 2005 թվականին պաշտոնապես բանակցություններ սկսեց ԵՄ դաշինքին անդամագրվելու շուրջ, որոնք հիմա սառեցված են: Եվ չնայած Էրդողանը խոսում է «էջը» շրջելու մասին, եվրոպական դժգոհությունների ցանկը մեծ է:

Բրյուսելը վերջերս սկսեց պատժամիջոցների ցուցակ կազմել՝ կապված Միջերկրական ծովի արեւելյան հատվածում գազի հավակնությունների հետ, որոնք անցյալ տարի հրահրեցին Հունաստանի հետ ռազմածովային դիմակայություն:

Սիրիական եւ լիբիական հակամարտություններին Էրդողանի ուղղակի ռազմական միջամտությունը Եվրոպայում դժգոհություն առաջացրեց, մինչդեռ Լեռնային Ղարաբաղում 6 շաբաթ տեւած պատերազմում Ադրբեջանին նրա բարձրաձայնվող աջակցությունը Արեւմուտքում Հայաստանի դաշնակիցներին վշտացրեց:

Էրդողանի սպառնալիքները Եվրոպա ուղարկել Թուրքիայի ընդունած սիրիացի եւ այլ միլիոնավոր փախստականների, եթե ԵՄ-ն չկարողանա ֆինանսավորում տրամադրել, մշտական շանտաժ են:

«Անկարան չի կարող իրեն հակամարտության էսկալացիա թույլ տալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի հետ, հատկապես այդպիսի փխրուն տնտեսությամբ»,- AFP-ին ասել է մի եվրոպացի դիվանագետ:

Եվրոպայից Թուրքիայի ուժեղ կախվածությունը հաստատվում է թվերով: Պաշտոնական տվյալներով՝ 2002-2018 թվականներին Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների 67,2 տոկոսը բաժին է ընկել ԵՄ անդամ երկրներին: Քանի որ արտասահմանյան տրամադրությունները անկում են ապրել, անցյալ տարի թուրքական լիրան կորցրել է դոլարի նկատմամբ իր արժեքի հինգերորդ մասը, ինչը կենտրոնական բանկին հարկադրել է սպառել իր պահուստների մեծ մասը՝ փորձելով արժույթին աջակցել:

Այնուհետեւ Էրդողանը հեռացրեց իր փեսային, որը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը եւ պատասխանատու էր Թուրքիայի տնտեսական խնդիրների համար: Մի քանի օր ավելի ուշ Էրդողանն առաջին անգամ հիշատակեց բարեփոխումների եւ Եվրոպայի հետ հարաբերություններում «նոր էջ բացելու» մասին:

«Էրդողանը բարեկամներ է փնտրում ամեն տեղ եւ ամենուր»,- ասել է Գերմանական միջազգային հարաբերությունների եւ անվտանգության ինստիտուտի ու Էլկանո թագավորական ինստիտուտի վերլուծաբան Իլքե Թոյգուրը:

Էրդողանն այս նպատակով հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, որը մասնակիցներից ոմանք «դրական» են անվանել, իսկ երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն այս հինգշաբթի կայցելի Բրյուսել: Մակրոնը եւ Էրդողանը նաեւ միմյանց նամակներ են հղել, որոնք, Չավուշօղլուի խոսքով, կարող են օգնել հարաբերությունների վերբեռնմանը:

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը Դոնալդ Թրամփի դեմ, որը մի առիթով թուրք առաջնորդին «լավ ընկեր» էր անվանել, ամենայն հավանականությամբ, համենայնդեպս՝ մասամբ, Էրդողանի հնչերանգի փոփոխության պատճառն է:

«Բայդենի հաղթանակը խառնել է քարտերը: Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմը պակաս բարեհաճ կլինի»,- ասել է եվրոպացի դիվանագետը:

Բայդենի որոշակի նշանակումները կարող են հարուցել Անկարայի դժգոհությունը: Օրինակ՝ Բրետ ՄաքԳերկի նշանակումը Անվտանգության ազգային խորհրդում, որտեղ նա լինելու է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի համակարգողը: ՄաքԳերկը Սիրիայում Թուրքիայի քաղաքականության բացահայտ քննադատն է, որտեղ ԱՄՆ-ն աջակցում է քրդական աշխարհազորին, որին Անկարան մեղադրում է իր տարածքի վրա հարձակումների մեջ, եւ կարեւոր դերակատարում կունենա Էրդողանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների ձեւավորման գործում: «ԵՄ-ին մերձենալու այս թվացյալ կոչը կարելի է մեկնաբանել որպես Բայդենի համար նախապատրաստություն»,- ասել է Բեռլինում Թուրքիայի Կիրառական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատակից Սինեմ Ադարը:

Էրդողանը ժամանակին առաջնորդների ընտրյալ խմբում էր, որոնք կարող էին Թրամփին ուղիղ զանգել հեռախոսով, բայց Բայդենի հետ այս արտոնության կորուստը միակ գործոնը չէ, որ կանգնած է մերձեցման փորձի հետեւում: Ադարի խոսքով՝ նա բախվում է «աճող ներքին ճնշման հետ՝ պայմանավորված տնտեսական խնդիրներով, որ խորացել են Covid-19-ով», եւ նրա իշխող կուսակցության ու կրտսեր ազգայնական գործընկերների «ձայների նվազման» հետ:

Էրդողանը կարող էր իր բարի կամքը դրսեւորել՝ թուլացնելով ճնշումն իր քաղաքական ընդդիմախոսների վրա, որոնցից մի քանիսին դատական գործընթացներ են սպասվում:

«Ինչպես ակնկալվում է, Անկարան կփոխի իր կուրսը օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների, ինչպես նաեւ Թուրքիայի առճակատման արտաքին քաղաքականության հարցերում, որպեսզի Եվրամիության հետ հարաբերությունները հարթելու համար նրա ցանկացած ազդանշան միության կողմից ընկալվի որպես վստահության արժանի ազդանշան»,- կարծիք է հայտնել Ադարը:

Վերլուծաբան Թոյգուրը չի կարծում, թե որեւէ կոնկրետ գործողություն կարող է Էրդողանի կողմից «բարի կամքի դրսեւորում» լինել: Նրա խոսքով՝ կողմերը կարող են շփման կետեր գտնել, քանի որ «այդ հարցը առաջնային կարեւորություն ունի ԵՄ կայունության համար»: Անկարան նաեւ հույս ունի թարմացնել ԵՄ-ի հետ Մաքսային միությունը, չնայած վերջինս, հավանաբար, «ավելի պահանջկոտ» կլինի այդ ճակատում:

Սակայն մինչ Եվրոպան ցանկանում է խուսափել Թուրքիայի հետ հարաբերություններում հետագա լարվածությունից, արեւմտյան դիվանագետները նշում են ԵՄ որոշ անկյուններում մերձեցման ցածր ախորժակի մասին:

Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Անկարայի քաղաքականությանը եվրոպական բազմաթիվ երկրներում թերահավատորեն են վերաբերվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ