
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը ՌԴ իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ում ձերբակալել էին հունվարի 17-ին երեկոյան Գերմանիայից հայրենքի վերադառնալիս:
«Նավալնին ապաքինումից հետո իր կամքով, գիտակցաբար վերադարձել է Ռուսաստան, որը համարում է իր անձնական եւ քաղաքական հայրենիքը: Այն, որ Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են նրան անմիջապես ժամանման պահին, բացարձակ անբացատրելի է»,-ասել է Մաասը, հաղորդում է DW-ը:
Նա Ռուսաստանին հիշեցրել է, որ իր սեփական սահմանադրությունն ու միջազգային պարտավորություններն իրենց պարտավորեցնում են հետեւել իրավական պետության սկզբունքներին եւ պաշտպանել մարդու իրավունքները:
Մաասի խոսքով՝ Նավալնին «ծանր թունավորման զոհ» է դարձել: «Մենք նախկինի պես ակնկալում ենք, որ Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ այդ մահափորձը լիարժեք հետաքննելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: