News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը հաստատվեցին. Արսեն Թորոսյանը ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից:

Այդ պաշտոնում կնշանակվի առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Ի դեպ, Անահիտ Ավանեսյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա քաղաքացիական իրավունք մասնագետ է, բժշկական ոլորտին առնչվող կրթություն չի ստացել և մինչև փոխնախարար դառնալն էլ առողջապահության ոլորտում չի աշխատել։

Ավելի ուշ հաստատվեց ևս մեկ տեղեկություն։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

«Ռոսիա 1»-ի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարը ռեպորտաժ է պարտաստել հունվարի 11-ի եռակողմ հանդիպման մասին: Նշվել է, որ Փաշինյանի ինքնաթիռը ստիպված է եղել ավելորդ պտույտ կատարել Տուլայի երկնքում, որպեսզի Ալիեւն առաջինը ժամանի:  Ռեպորտաժի հեղինակները նկատել են, որ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիեւը ոչ մի անգամ, նույնիսկ աչքի տակով չեն նայել միմյանց: Հիշեցնենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում նախօրեին դժգոհության ալիք էր բարձրացրել տեսանյութը, որից երեւոմ էր, որ մոսկովյան հանդիպման ավարտին Փաշինյանն ընթրել է Ալիեւի հետ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հունվարի 11-ի եռակողմ հանդիպմանը ռազմագերիների հարցն իսկապես քննարկվել է, ավելին՝ տեւական բանավեճերի թեմա է եղել։

Ըստ Լավրովի՝ սկզբում առավել մեծ խնդիրներ ունեին հայերը։ Ադրբեջանի ներկայացրած ցուցակն աննշան է եղել եւ բոլորը վերադարձվել են։ Սակայն նոյեմբերի 9-ից հետո Հադրութում գերի են ընկել 62 հայեր, որոնց Ադրբեջանը ռազմագերի չի դիտարկում: Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ անմիջապես եւ ոչ ամբողջական՝ ասել է Լավրովը, նաեւ նշել, որ Ռուսաստանը երբեք չի քննարկել Լեռնային Ղարաբաղը Դաշնության կազմում ընդգրկելու հարցը:

Ըստ նրա՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը մտածված չի ներառվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Լավրովի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում գաղտնի հավելվածներ չկան:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ-ի գործակալ է: Հիշեցնենք, որ Մինասյանը նաև ԱԱԾ–ի կողմից Միրզոյանին հավաքագրումն ապացուցող փաստաթուղթ էր հրապարակել՝ Միրզոյանի դիմումը։ Արարատ միրզոյանն այս մեղադրանքը հերքել էր։ Ալեն Սիմոնյանն ասել է՝ իրավական առումով թե՛ ԱԱԾ-ի, թե՛ Միրզոյանի մեկնաբանությունները ինքը լիովին բավարար է համարում։

Ազգային Ժողովի՝ թեժ մթնոլորտում անցած  նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը դժգոհել է, որ օրակարգի 46 հարցերում բացակայում են Արցախից փախստականների, ռազմագերիների, անհետ կորածների եւ Սյունիքի անվտանգության ապահովման խնդիրները, փոխարենը կան ավտոմեքենաների կայանման հարցով օրինագծեր:

«Այս կառավարությունն իր առաջնորդի գլխավորությամբ արդեն սպառել է իր  լեգիտիմությունը, բայց շարունակում է ապրել իր մտացածին աշխարհում», ասել է Տոնոյանը:

Հակադարձելով ընդդիմության մեղադրանքներին՝ «Իմ քայլից» Արփի Դավոյանը հայտարարել է, որ երկրի լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդանական եւ ոչ խորհրդանական ընդդիմություն։ Դավոյանի կարծիքով՝ ընդդիմությունը շահարկում է հետպատերազմյան վիճակը՝ խտացնելով գույները։

Դավոյանի այս հայտարարությունն ավելի է զայրացրել ընդդիմադիրներին։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարել է, որ ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր։ «Այնպիսի խնդիր ենք լինելու ձեզ համար, չենք թողնելու մարսեք», ասել է նա։ 

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքելով «Իմ քայլի» ղեկավար Մակունցի՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությանը, ասել է, թե չի պատկերացնում ընտրություններ այն վիճակում, երբ մեր նահատակների ճանաչման գործընթացն է գնում եւ նրանց հարազատները սպասում են արդյունքների։ «Ինչպե՞ս եք գնալու նրանց բակերում բարձրախոսներով խոսելու», հարցրել է նա, ապա ավելացրել, որ ԼՀԿ-ն,  այնուամենայնիվ, պատրաստ է արտահերթ ընտրությունների, սակայն դրանք պետք է կազմակերպվեն ըստ սահմանված ընթացակարգի։

Պատգամավորական մանդատը ստանալու առիթով այսօր երդվել է «Իմ քայլի» դաշինքի տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ  թեկնածու Աննա Գրիգորյանը, որն, ի դեպ, նախքան այդ էր հայտարարել դաշինքը լքելու մասին եւ գործելու է որպես անկախ, անկուսակցական պատգամավոր։ Խորհրդարանի միջանցքում նա լրագրողների համար պարզաբանել է իր դիրքորոշումը։ 

Միացյալ Նահանգները, եւրոպական մի շարք պետություններ ու կառույցներ դատապարտել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը եւ կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան: Հիշեցնենք, որ Գերմանիայում բուժումն ավարտելուց հետո վերադարձող Նավալնին ձերբակալվել է «Իվ Ռոշե» ընկերությունից 26.8 մլն ռուբլի հափշտակելու մասին գործի շրջանակում փորձաշրջանը խախտելու համար։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164676-ի: Մեկ օրում վիրուսից մահացել է 6 քաղաքացի։ Մահացածների ընդհանուր թիվը 3727 է: Արցախում գրանցվել է վարակման 8 նոր դեպք։

Կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհիմնարկից։  Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։ Սարգսյանը Հայաստան կվերադառնա ապաքինվելուց և բժիշկների թույլտվությունն ստանալուն պես, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա եւ հետևել Անդրանիկ Մարգարյանի 11-րդ միջազգային հուշամրցաշարի ընթացքին: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է արցախցի երիտասարդ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով ու կազմել  522.19 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.43 դրամով ու կազմել 629.92 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.20 դրամով  ու կազմել  706.58 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով եւ կազմել  7.03 դրամ:

Հունվարի 19-ին երկրում սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին  աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Երեւանում եւս ձյուն կտեղա։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-ից -2, վաղը ցերեկը նույնքան աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ