News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունների տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից։

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ հանդիպման նպատակը ճանաչողական բնույթ ունի՝ ծանոթանալու երաժշտարվեստի ոլորտի պատասխանատուների հետ:

«Ինձ համար հաճելի է վայելել ոչ միայն ձեր արվեստը, այլեւ ձեզ հետ վարել գործնական զրույցներ, վեր հանել ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները: Գիտեմ՝ խնդիրները քիչ չեն, սակայն վստահ եմ, որ համատեղելով բոլորիս ջանքերը՝ ժամանակի ընթացքում կունենանք լուծումներ: Եվ ես ակնկալում եմ ձեր՝ արհեստավարժ մասնագետներիդ աջակցությունն առկա դժվարությունները միասին հաղթահարելու գործում: Հատկանշական է, որ համավարակի պայմաններում եւ պատերազմից հետո հասարակության շրջանում առկա է անկումային տրամադրություն, սակայն մենք կոտրվելու իրավունք չունենք, եւ այս առումով հոգեւոր-մշակութային գործունեությունը բուժիչ առաքելություն ունի: Գտնենք մեր ժողովրդին դրական եւ լուսավոր լիցքեր հաղորդելու լավագույն ձեւերը, միջոցները»,- ընդգծել է նախարար Վ. Դումանյանը եւ այդ նպատակին հասնելու համար ցանկացած ուղիներ գտնելու պատրաստակամություն հայտնել:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ ինչպես թատերական, այնպես էլ համերգային կազմակերպությունների ղեկավարները համավարակի եւ պատերազմական դրության պայմաններում լուրջ աշխատանքներ եւ գործուն ջանքեր են ներդրել, որպեսզի կազմակերպությունների գործունեությունը չընդհատվի: Նա մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել գործընկերներին քաղաքացիական բարձր գիտակցության եւ արհեստավարժության համար:

Այնուհետեւ Արա Խզմալյանը նախարարին տեղեկացրել է համերգային կառույցներում, մասնավորապես՝ Երգի պետական թատրոնում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, կապիտալ նորոգումների, տեխնիկական հագեցվածության, երաժշտական գործիքների ձեռքբերման, ինչպես նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բարեփոխումների, նոր ծրագրերի մասին: Կարեւորելով իրականացված աշխատանքները՝ Վ. Դումանյանը վստահեցրել  է, որ առաջիկայում կայցելի համերգային կազմակերպություններ՝ տեղում  ծանոթանալու կատարված  աշխատանքներին:

Համերգային կառույցների ղեկավարները հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները՝ միտված ոլորտի բարեփոխումներին, եւ տեղեկացրել առաջիկա ծրագրերի մասին:

«Նախատեսված համերգային ծրագրերն անհրաժեշտ է իրականացնել նաեւ մարզերում, սահմանամերձ համայնքներում եւ Արցախում»,- կարեւորելով մշակույթի ապակենտրոնացման եւ մարզերում ու Արցախում կրթամշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ նշել է նախարար Վ. Դումանյանը:

Նախարարը նաեւ հավելել է՝ այս տարին բաբաջանյանական ու միրզոյանական է, եւ հայ մեծանուն կոմպոզիտորների հոբելյանների պատշաճ նշման նպատակով կստեղծվեն կառավարական հանձնաժողովներ:

Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ առկա դժվարությունները միասնական ջանքերով լուծելու ուղղությամբ եւ ներկաներին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:

Տպել
Ամենաշատ