Տարածաշրջանում մեծ պատերազմի սպառնալիքը պահպանվում է, եւ Հայաստանը պետք է դրան պատրաստվի: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին չեն գոհացնում դրա արդյունքները, եւ դա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային, որը չկարողացավ հասնել որպես խաղաղապահ իր ներկայությանը, իսկ հիմա փորձում է իր ռազմական ներկայությունն ապահովել Գյանջայում:
«Դրանից բացի, Ռուսաստանը ռազմական տեսակետից ամրապնդվեց Ադրբեջանում (եթե հաշվի առնենք, որ Բաքուն Ղարաբաղն իրենն է համարում): Այս ֆոնին Անկարան եւ Բաքուն նախատեսում են զորավարժություններ անցկացնել Կարսում, որը գտնվում է ռուսական 102-րդ ռազմակայանից ոչ հեռու: Իսրայելը, որ փաստացի նույնպես մասնակցել է պատերազմին, չի ստացել այն, ինչ ցանկանում էր»,- նշեց փորձագետը: