News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 12
USD
522.1
EUR
635.08
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը


Լենա Նազարյան, համոզեք Ձեր կուսակցության ղեկավարին, տալ հրաժարական եւ գնալ արտահերթ ընտրությունների, այդ ժամանակ կտեսնենք՝ ով վստահության քվե ունի, ով՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի հայտարարությանը, թե ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն չեն ուզում արտահերթ ընտրություններ եւ ավելի քան վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի եւ անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա։

«Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի արտահերթ ընտրություններ անցկացնողը, դա միանշանակ է։ Մենք տեսանք, որ ինքը տարիներ շարունակ խոսելով արդարությունից եւ սահմանադրական կարգից, ամեն օր ԱԺ-ում, Կառավարությունում իր հայտարարություններով տապալում է սահմանադրական կարգը։ Ես չեմ խոսում Արցախը հանձնելու մասին, որի իրավական գնահատականը անպայմանորեն տրվելու է եւ բոլոր պետական դավաճանները դատվելու  են, դա ընդամենը ժամանակի հարց է։ Ես խոսում եմ այն մարդու մասին, ով ամեն օր ստիպում է, որ խորհրդարանական մեծամասնությունը ոտնահարի ՀՀ Սահմանադրությունը, ով փորձում է դատական համակարգը մտցնել իր կրունկի տակ, ով իրեն չենթարկվող դատավորների հանդեպ վհուկների որս է սկսում, ով փորձում է տարատեսակ օրենքներով ճկել դատական համակարգը, միանշանակ է, որ այդ մարդը երբեւէ չի կարող լինել ազատ եւ արդար ընտրության երաշխավորը։ Եթե Փաշինյանն այդքան վստահ է իր ուժերի վրա, թող ինքը հրաժարական ներկայացնի, եւ կտեսնենք, թե խորհրդարանը ինչ ընթացակարգերով կլուծարվի, բայց ես վստահ եմ, որ ինքը փորձելու է գտնել օրենսդրական նոր մանիպուլյացիաներ, որպեսզի առանց հրաժարական տալու լծակ ունենա խորհրդարանը լուծարելու եւ պահպանելով վարչապետի պաշտոնը՝  գնա խորհրդարանական ընտրությունների»,- նշեց Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է կուսակցության ուժերի վրա, եւ համոզված է, որ նոր խորհրդարանում իրենք ընդգրկվելու են։

«Լենա Նազարյան, համոզեք Ձեր կուսակցության ղեկավարին, տալ հրաժարական եւ գնալ արտահերթ ընտրությունների, այդ ժամանակ կտեսնենք՝ ով վստահության քվե ունի, ով՝ ոչ։  Ես չեմ պատկերացնում ՀՀ մի քաղաքացու, ով ձեռքը կվերցնի քվեաթերթիկը ու կքվեարկի այն քաղաքական ուժի օգտին, ով սպանեց 5000  եւ ավելի երեխաներ, ով գիտեր, որ մենք այս պատերազմում պարտվելու ենք, որովհետեւ այդ մասին զեկուցվել էր նաեւ Գլխավոր շտաբի կողմից, մենք լսեցինք նաեւ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարին, որ ինքը եւս զեկուցել է, որ ռեսուրս չունենք պատերազմելու, բայց հետեւողականորեն գնաց դատապարտված եւ երաշխավորված պատերազմի։ Չեմ պատկերացնում մի հայի, ով կքվեարկի այն քաղաքական ուժի օգտին, ով ռազմագերիների խնդիրը լուծելու փոխարեն, ամեն օր գրում եւ ստորագրում է մի թուղթ, որը սպասարկում է բացառապես Ադրբեջանի շահերը»,- ասաց նա։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը օրերս հայտարարություն էր արել, թե վնասակար եւ հետադիմական է համարում այն կարծիքները, որ պետք է հզորանալ, վերազինվել եւ հաղթանակ կերտել։ «Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասել էր նա։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե հոկտեմբերի 19, 20-ին իրեն  հաջողվել էր համոզել Ալիեւին, որ կարելի է դադարեցնել մարտական գործողությունները, սակայն նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ քաղաք Շուշի, սակայն ի զարմանս իրեն՝ Փաշինյանն ասել էր, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի եւ Ղարաբաղի համար։

«Էդ ում 18, 19, 20, 21, 22 տարեկան երեխաներին տարավ եւ զոհաբերեց Փաշինյանը, տիկին Նազարյան։ Մի ամբողջ սերունդ Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց, սպանեց, մորթեց, բա էդ ժամանակ ինչո՞ւ  չէիք տալիս այդ հարցը Նիկոլ Փաշինյանին, երբ գիտեիք, որ պատերազմի չորրորդ օրը Գլխավոր շտաբի պետը ասել էր, որ մենք ռեսուրս չունենք պատերազմը շարունակելու եւ շարունակության դեպքում ունենալու ենք շատ ավելի զոհեր, բանակցային գործընթացում թույլ դիրքեր ենք ունենալու։ Տիկին Նազարյան, այդ հարցը պիտի ուղղեք Ձեր կուսակցության ղեկավարին»,- ասաց Զոհրաբյանը։

ԱԱԾ-ի եւ ԱԺ նախագահի հերքումները Նաիրա Զոհրաբյանի համար բավարար չեն, որպեսզի նա չհավատա Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ՀՀ ԱԱԾ  գործակալ է։

«Հրապարակված տեղեկատվությունը զարհուրհելի, մտահոգիչ է։ ԱԱԾ-ն էլ ասում է, որ Արարարտ Միրզոյանը երբեւէ չի եղել ԱԱԾ գործակալ, տպավորություն է, որ եթե լիներ, ԱԱԾ-ն պիտի ասեր, որ Արարատ Միրզոյանը կամ X-ը, Y-ը, կամ էլ Ալֆան ու Օմեգան գործակալ են։ Այստեղ մի տարբերակ կա, եւ Արարատ Միրզոյանը պետք է գնա այդ տարբերակով, ձեռագիրը տանել ձեռագրաբանական փորձաքննության, որովհետեւ այդ տեղեկատվությունը շոկ էր բոլորիս համար, այն ինչ պատասխանեց ԱԱԾ-ն ու Արարատ Միրզոյանը,  հիմնավոր չէր այդ տեղեկատվությունը հերքելու համար»,- նշեց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ, որ ինչո՞ւ վերջին օրերին  ԲՀԿ-ականները չեն երեւում «Հայրենիքի փրկության շարժման» կազմում, երբ նրանք այցելում են  մարզեր, ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ Գյումրիում շիրակցիների հետ հանդիպմանը խմբակցությունից Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը ներկա են եղել։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջերս շարժման կազմում տարաձայնություններ կան, Զոհրաբյանը դժվարացավ ասել հակասություններ կա՞ն, թե՞ ոչ,  բայց վստահեցրեց, որ բոլորին այսօր միավորում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Այստեղ աթոռակռիվ չկա, կամ մենք ունենում ենք պետականություն եւ Հայաստան, եւ փորձում ենք վերագտնել մեր կորցրած արժանատավությունը եւ բանակցելու ունակ իշխանությունը փորձում է արագ զբաղվել եւ լուծել ռազամգերիների, անհետ կորածների, անտուն մնացածների խնդիրները, կամ բոլորս միասին ականատեսն ենք լինում Հայաստանի պետականության փակմանը, ցավոք, միջին տարբերակ չկա», - ասաց նա։

Փաշինյանի հրաժարականին հասնելու համար ԲՀԿ-ն  Սահմանադրությամբ հնարավոր բոլոր միջոցներին կողմ է։

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ապստամբությունը, բողոքի բոլոր հնարավոր ակցիաները, հեղափոխությունները համարվում են ընդունելի միջոցներ, եթե Սահմանադրությամբ՝ անօրինակությունների դեմ պայքարելու բոլոր լծակները համարվում են սպառված»,- նշեց նա։

Զոհրաբյանն անդրադառնալով քննադատություններին, թե ընդդիմությունը որեւէ հաջողություն չի գրանցել, անկեղծացավ՝ ինքն էլ ամբողջությամբ գոհ չէ։

«Իհարկե, ես արմատական գործողությունների կողմնակից եմ, բայց ընդդիմությունը բազմաթիվ քաղաքական ուժերի համախմբում է, երբեմն շատ դժվար է լինում գալ միասնկան կոնսենսուսի»,- ասաց  նա՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ