News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գերության մեջ հադրութցի տղամարդ է սպանվել։ Ադրբեջանցիները 44-ամյա տղամարդուն մի քանի օր առաջ սպանել են, ապա թաղել Հադրութում։

Նրա մարմինը հայտնաբերել են տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնողները։ 44-ամյա Սամվել Կարախանյանը գերությունից մեկ ամիս առաջ վերադարձած Սաշա Կարախանյանի որդին էր, գերեվարվել էր պատերազմի օրերին։ Ադրբեջանցիները շուրջ 10 օր առաջ նրա մասնակցությամբ տեսանյութ էին տարածել սոցցանցերում։

Շենգավիթի առաջին ատյանի դատարանի շենքի բակում, չնայած տեղացող առատ ձյանը, Մարտի 1–ի գործով դատական նիստի ժամանակ մեծ թվով մարդիկ էին հավաքվել աջակցելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նիստի ընդմիջմանը նախկին նախագահը մոտեցել է մարդկանց, շնորհակալություն հայտնել աջակցության համար։

Պատերազմի սկզբից մի քանի օր անց Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ և փորձել հնարավորին օգտակար լինել, սակայն իշխանություններն անտեսել են նրան, լրագրողներին ասել է երկրորդ նախագահի որդին, որը որպես կամավոր է մասնակցել վերջին պատերազմին։ «Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշել։ Նույնիսկ ասում էր՝ այսինչ բանը գնացեք ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել»,– պատմել է Լեւոն Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա մայիսի 8-ին նիստ էին նշանակել, դատախազներն էլ ցինիկաբար ասում էին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չեն այստեղ դատում։ Նրա խոսքով՝ իշխանությունների աներեսություն ապշեցնում է. «Այս ամենից հետո նրանք պետք է մի փոքր ինքնասիրություն և թասիբ ունենային ու հեռանային», նշել է նա։

Մարտի 1-ի գործով դատական նիստն ուղեկցվեց միջադեպերով։ Դրանցից մեկը տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև։

Բաղդասարյանը, որին բացարկի միջնորդություն էին ներկայացրել փաստաբանները՝ որպես հիմք ներկայացնելով նախորդ նիստերից մեկի ժամանակ նրա այն հայտարարությունը, թե մեղադրյալներին Շուշին ազատագրելու համար չեն դատում, հայտարարեց, թե Շուշին այս գործընթացի հետ կապ չունի եւ որ ինքը երբեք չի պաշտպանել Շուշին հանձնողներին։

Ռոբերտ Քոչարյանը տեղից արձագանքեց, թե Շուշին հանձնողներից մեկն էլ դատախազն է, ինչից Բաղդասարյանը հունից դուրս եկավ։

Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ։ «Ինձ համար տղամարդու մեջ ամենաանընդունելին լաչառությունն է»,- ասաց նա՝ նկատի ունենալով դատախազի պահվածքը, բայց նաեւ բացատրեց՝ պատճառն այն է, որ երկրում կա թիվ 1 լաչառ՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

«Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսներիԱյն, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ նաեւ այն պատճառով է, որ երկուսուկես տարի փորձում են դատել Շուշին եւ Քարվաճառն ազատագրողներին»,- ասաց Քոչարյանը, իսկ այն մարդիկ, որոնք աջակցել են հողերի կորստի եւ զոհերի համար պատասխանատու իշխանություններին, կամա թե ակամա նպաստել են կատարվածին։ 

Անդրադառնալով իր դեմ առաջադրված մեղադրանքին՝ Քոչարյանն ասաց, որ դրա մեխը 2008թ․ իր կողմից արտակարգ դրություն մտցնելն է ընդամենը 20 օրով, մինչդեռ արդեն մեկ տարի Հայաստանն ապրում է կամ արտակարգ դրության, կամ ռազմական դրության պայմաններում, ընդ որում, պատերազմի ավարտից 2 ու կես ամիս անց ռազմական դրությունը պահպանվում է, իսկ դատախազությունը կարծես թե այդ առնչությամբ ասելիք չունի։

Նիստի ժամանակ խոսեց նաեւ գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ․ իրադարձությունների ժամանակ պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը, նա համաձայնեց Քոչարյանի հետ, որ դավաճանին սատարողները նրա հանցակիցներն են։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատախազների բացարկի մասին մի շարք միջնորդություններ են ներկայացրել: Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, միջնորդությունները ներկայացվելու են միասին: Քանի որ դրանցից մեկը վերաբերում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկին, դատավորը հիշեցրել է միջնորդությունը հրապարակելիս եւ քննարկելիս նրա ներկա լինելու իրավունքի մասին: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նշել է, որ իրենք հրաժարվում են Դավթյանի ներկայության համար առաջարկված ընդմիջումից:

Պատերազմի սկզբում Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել մտնել գլխավոր ռազմակայան։ Մարտի 1-ի դատավարությունը լուսաբանող լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ասել է, որ Օհանյանը, վիրավորված լինելով, զսպել է իր մեջ ցասումը եւ փորձել է Արայիկ Հարությունյանին օգնել կազմակերպական հարցերում: Նա որպես զինվոր է մեկնել Արցախ, ոչ ոք իրեն չի հրավիրել, իր վարորդը՝ հատուկ ծառայությունների մայոր Վահե Սիրունյանը, զոհվել է, իր թիկնազորի պետը վիրավորվել է, իր տղան վիրավորվել է՝ ասել է Ռուզան Խաչատրյանը: Ըստ նրա՝ այն հայը, որը տեսնում է Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունները եւ հանդուրժում է այս խայտառակ դատավարությունը, դադարում է հայ լինելուց:

Սեյրան Օհանյանը համոզված է, որ պատերազմում ձախողումների պատճառը ոչ արդյունավետ կառավարումն է՝ բոլոր մակարդակներում: «285 կմ սահման ունենք Ադրբեջանի հետ եւ միայն 20 կմ հատվածում է հակառակորդը մխրճվել», ասել է նախկին նախարարը եւ ընդգծել, որ պետք էր վերախմբավորումներով այդ հատվածը այլ ստորաբաժանումներով փակել, մինչդեռ նահանջի պատասխանատուներին ազգային հերոսի եւ սպայական բարձրագույն կոչումներ շնորհեցին: Նրա համոզմամբ՝ ռազմագերիների հարցը պետք է կարեւորագույնը լիներ մոսկովյան բանակցություններում։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, որը հայտնի է Պատրոն Դավո մականունով, որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող 4 քրեական գործերից մեկով։ ԱԱԾ–ից հայտնել են, որ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնության են եկել Գալստյանի հետ, պետբյուջեից առանձնապես խոշոր չափերով գումարներ են հափշտակվել եւ որոշվել է Դավիթ Գալստյանին ներգրավել որպես մեղադրյալ։

Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը, այդպիսով փորձելով արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ եթե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են տեղաշարժվել Արցախի մնացած տարածքով, ապա իրենց էլ Քարվաճառով ճանապարհ տրվի դեպի Հայաստան: Արցախցիներն իրենց պահանջը ներկայացրել են ռուս խաղաղապահների ղեկավարին, նաեւ գրավոր ձեւով այն փոխանցել:

Արցախցիները զգուշացրել են, որ եթե խնդիրը չլուծվի, իրենք շարունակելու են փակել ճանապարհները:

Սյունքի մարզի Շուռնուխ համայնքում էլեկտրական լարերով առանձնացրել են սահմանի մի հատվածը, որպեսզի անասունները չկարողանան անցնել Ադրբեջանին անցած տարածքներ։ Գյուղապետ Հակոբ Արշակյանը NEWS.am-ին հայտնել է, որ հիմա տարհանված քաղաքացիների ջրի հարցն են լուծում, տեղափոխում են նեքեւի թաղի ջուրը։ Գյուղապետը նշել է, որ հայ սահմանապահները նույնպես հսկում են տարածքը։

Կարեւոր լուր վարորդների համար։ Ազգային ժողովում ներկայացնելով Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունները՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարել է, որ վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը։ Մինչ այդ տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն նկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված խախտումների գործերով։

Ուղեղի կաթվածից մահացել է անվանի դերասան Վիգեն Ստեփանյանը։ Արվեստի վաստակավոր գործիչը 68 տարեկան էր։ Բեմին արտիստը խաղացել է ավելի քան 100 դեր, բեմադրել 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է 5 տասնյակ ֆիլմերում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում, եղել տարբեր թատրոնների գեղարվեստական ղեկավարը, գրել և բեմականացրել է 10-ից ավելի պիես։ Նրա սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 165 հազարի: Մահացել է 14 վարակված, որոնցից 5-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3741 է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի եւս մասնակցել է «Մկրտության լոգանքին» և մտել սառցափսը։ Դաշնության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ավանդույթները Պուտինը չի խախտում: Պեսկովը նաեւ կատարյալ անհեթեթություն է որակել տարածվող լուրերը, իբր Պուտինը վախենում է Նավալնուց եւ այդ պատճառով է ընդդիմադիր գործիչը ձերբակալված։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 2.88 դրամով եւ կազմել 519.31 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.52 դրամով ու կազմել 629.40 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով ու կազմել 706.73 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 7.04 դրամ:

Հունվարի 20-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել: Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ -1-3:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ