News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մարմինների աշխատողների շրջանում առողջարարական ու մարզական աշխատանքները խթանալու և նրանց՝ հայրենիքի պաշտպանության գործին ըստ անհրաժեշտության լավագույնս պատրաստ լինելու նպատակով այս տարվա մարտին անցկացնելու է հրաձգության հանրապետական մրցույթ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 19 հունվարի 2021 թ. 37-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է թիմային և անհատական հաշվարկով:

Հրաձգության մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, մարզպետարանների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, ինչպես նաև խոշոր համայնքների աշխատակազմի աշխատակիցներից կազմված թիմերը (բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների), թիմի կազմը՝ 3 տղամարդ, 3 կին և 1 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր պետական մարմին կարող է մասնակցել մեկ թիմով, բացառությամբ այն կառույցների, որոնք ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում միավորվել են. վերջիններս կարող են մասնակցել երկու թիմով:

Թիմային հաշվարկով 1-3-րդ  տեղերը գրաված տղամարդկանց և կանանց թիմերը կպարգևատրվեն գավաթով և հավաստագրերով, մրցանակային տեղեր զբաղեցրած անհատները՝ մարզահագուստով, գավաթներով, մեդալներով, հուշանվերներով և հավաստագրերով, իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցները (տղամարդ և կին)՝ նաև օդամղիչ զենքով:

Հավելենք, որ թիմերն իրենց մասնակցությունը պետք է հաստատեն մինչև 2021 թվականի մարտի 17-ը՝ ժամը 17:00-ն՝ կազմկոմիտեին ներկայացնելով տվյալ պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված հայտը, հայտավորված աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների, անձնագրերի պատճենները և նրանց առողջության մասին բժշկական տեղեկանքը։ Հայտի հետ հարկ է պարտադիր ներկայացնել անվտանգության կանոնների ծանուցման թերթիկը՝ բոլոր մասնակիցների և թիմի ներկայացուցչի ստորագրությամբ։ Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, սենյակ 604, հեռախոս` (010) 59-96-34, էլեկտրոնային հասցե՝ [email protected]):

Տպել
Ամենաշատ