News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ քննարկել արտահերթ ընտրությունների օրակարգը։Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ արդյոք սպասվում են արտահերթ ընտրություններ, թե ոչ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես նախորդ տարեվերջին հանդես եմ եկել կոնկրետ առաջարկով՝ համաձայնությամբ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2021թ․ ընթացքում։ Ինձ համար զարմանալի կերպով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկը, եւ հետեւաբար, իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չի, որ ինքն իր համար անի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ավելին ասեմ՝ եթե քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե իրենք այդպիսի կարծիք չունեն, թե իշխանությունը կկեղծի ընտրությունները եւ այդ պայմաններում ասում են՝ ոչ, մենք չենք ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշանակում է՝ իրենք էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական  ընտրություններում»,- նշեց վարչապետը։

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց վարչապետից՝ արդյոք նա պատրաստվում է հրաժարական տալ։

«Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի նստում երկխոսության, կամ ասում է՝ համաձայն չեմ, հրաժարական տալո՞ւ եք, թե՞ չէ։ Դուք չե՞ք գտնում, որ պետք է անել դա, քանի որ տեղի է ունեցել ահռելի ազգային եւ պետական ողբերգություն»,- հարցրեց նա։

Հարցին ուղիղ պատասխան Նիկոլ Փաշինյանը չտվեց՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների իրենց առաջարկը մնում է ուժի մեջ։

«Կա հստակ բանաձև՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իշխանության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի ժողովուրդը։ Մենք չենք անի այնպիսի քայլը, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից և լծակներից, եւ իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն։ Մեր առաջարկը շարունակում է մնալ, առաջարկը գոյություն ունի, եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել այդ տրամաբանությունը, մենք համապատասխան դիրքորոշում կձեւավորենք արդեն այդ իրողության նկատմամբ։ Բայց հարցն այն է, որ ձեր ասած բոլոր հարցերի լուծման համատեքստում վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին, եւ մենք թույլ չենք տա այնպիսի զարգացում, որ այս բանաձեւը խախտվի»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ