Ես ու Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կայցելենք Սյունիքի մարզ՝ ծանոթանալու պատերազմի հետեւանքով ծագած խնդիրներին: Այս մասին հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին:
Փոխվարչապետը, մասնավորապես, նշեց.
«Հաջորդ շաբաթ մենք՝ պարոն Պապիկյանի եւ մի շարք փոխնախարարների հետ կայցելենք Սյունիք, քանի որ մարզում կան արոտավայրերի եւ տնտեսական գործունեության վերականգնման հետ կապված խնդիրներ: Սյունիքը կլինի հատուկ ուշադրության կենտրոնում»,- հավաստիացրեց Ավինյանը:
Փոխվարչապետը նաեւ հավելեց, որ հաջորդ շաբաթ կառավարությունը կընդունի նոր տնտեսական հակաճգնաժամային փաթեթ, որը կներառի պատերազմից եւ համաճարակից հետո տնտեսության վերականգնման գործիքակազմ։