News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը միշտ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացն առարկայորեն լրացնելու մեր երկրի նախաձեռնությունները հիմնականում ուղղված են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը:

Նրա խոսքով՝ ռուսական առաջարկների էությունը հասցվել է միջազգային խաղաղապահների աջակցությամբ տարածքների աստիճանական վերադարձի եւ ուժի սցենարի կիրառումից հրաժարվելու անհրաժեշտության ողջամիտ փոխզիջման:

«2016 թվականին Ռուսաստանի ԱԳՆ-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի փուլային կարգավորման վերաբերյալ հայեցակարգ ներկայացրեց: Փաստաթղթի վերջին տարբերակը կողմերին է փոխանցվել 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Փուլային պլանը ենթադրում էր մադրիդյան եւ կազանյան փաստաթղթերում ամրագրված սկզբունքների շարունակականություն: Դրա հիմնական քայլերը նախատեսում էին առաջին փուլում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո գրավյալ հինգ շրջանները վերադարձնել Ադրբեջանին:

Ընդ որում, նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղին տալ իշխանության մարմիններ ձեւավորելու եւ ինքնապաշտպանական ուժեր կազմելու իրավունք: Ավարտվում էր նրա շրջափակումը Ադրբեջանի կողմից, եւ վերականգնվում էին առեւտրատնտեսական հարաբերությունները:

Երկրորդ փուլում նախատեսվում էր իրականացնել մնացած երկու շրջանների փոխանցումը` միջազգային նորմերին համապատասխան հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման հետ միասին: Միեւնույն ժամանակ ենթադրվում էր, որ կողմերի համաձայնությամբ Լաչինի շրջանում միջանցք կմնա՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի տրանսպորտային հաղորդակցության համար:

Այս առաջարկները բանակցային գործընթացի կենտրոնական թեման էին, որին մասնակցում էին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները:

Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի ուղիղ երկխոսությունը չի դադարել մինչեւ 2020 թվականը, բայց, ցավոք, կողմերի միջեւ լիարժեք համաձայնության հասնել չհաջողվեց»:

Նուրգալիեւը նշել է, որ եթե այդ առաջարկները հնարավոր լիներ կյանքի կոչել, «այդ դեպքում Ղարաբաղի խաղաղ բնակչության համար կստեղծվեին կյանքի նորմալ պայմաններ, եւ Ադրբեջանը կվերադարձներ իր կորցրած տարածքները առանց ուժի կիրառման»:

«Զինված հակամարտության փուլի դառնության դադարեցումը՝ շնորհիվ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում խաղաղ կյանք ապահովելու, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների փոխշահավետ համագործակցության համար:

Եւ այդպիսի մոտեցումն արդեն դիտարկվում է, ինչի մասին վկայում է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարությունը՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ: Նման աշխատանքը կազմակերպելու համար կան սեղմ ժամկետներ:

Որպես առաջնահերթություն դրված է երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցությունների վերականգնումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից բխող փոխադրումներ ապահովելու համար: Միջազգային տարանցման զարգացման նպատակներով՝ այս հաղորդակցություններից կարող են օգտվել նաեւ հարեւան երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Վրաստանը։

Սա հիմնարար նախադրյալներ է ստեղծում Ղարաբաղում երկարամյա հակամարտության համապարփակ լուծման համար: Մնում է բոլորս միասին իրականացնենք այն»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ