News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն, որ հունվարի 11-ի համաձայնագրով Հայաստանի համար տնտեսական հեռանկարներ են բացվում, ես այդ հարցում հոռետես եմ, մեծ հարցական է, թե   Բաքվով անցնող այդ ճանապարհով արտաքին  աշխարհ ելքը որքանով է ինտեգրվում մեր տնտեսական հանգույցի հետ, փոխարենը միմյանց հետ շատ լավ ինտեգրվում են թուրք-ադրբեջանական հանգույցները։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Օրախնդիր» հաղոդման ընթացքում հայտարարել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Անհասկանալի է, թե Հայաստանի ապաշրջափակվող ենթակառուցվածքներն ինչ կապուղիներով են միացվելու տրանսպորտային այլ հանգույցների, և պետք է հաշվարկել, թե տնտեսվարողի ծախքերի վրա դրանք որքան դրական են ազդելու․ ասվում է, թե տնտեսական բում է լինելու, իհարկե այդպես չէ, այդ հանգույցներն ինտեգրված չեն Հայաստանին, դրանք ինտեգրված են Ադրբեջանին և Թուրքիային։ Ես դեռ անվտանգության մասին չեմ խոսւմ, այլ բացառապես դրա տնտեսական էֆեկտի մասին։ Ճանապարհը շատ է երկարում։ Այն ավելի մեծ տնտեսական էֆեկտ է ունենալու եւ ադրբեջանական, եւ Թուրքիայի տնտեսության, ոչ թե Հայաստանի համար։ Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հստակեցվի, թե ենթակառուցվածքներն ինչպես են իրար միանալու։ Դու կարող ես ունենալ ճանապարհ, որը կլինի ոչ անվտանգ, դրա տնտեսական արժեքը զրոյական է կամ շատ փոքր։ Պետք է սկսել անվտանգային խնդիրներից»,- ասել է Վարդան Արամյանը։

Վարդան Արամյանի խոսքով՝ 2020-ի 11 ամսվա տվյալներով՝ 7,3 տոկոս տնտեսական անկում ունենք, տարեկան ցուցանիշը կանցնի  8 տոկոսից։

«Եթե ազատականացնենք առևտուրը հարևանների հետ, կհակադրվեն տնտեսական և ազգային դոկտրինները։ Թուրքիայի տնտեսությունը, որն աշխարհում 10-րդն է, ավելի դիվերսիֆիկացված է, քան նույնիսկ Ռուսաստանինը։ Մեր տնտեսությունը երեք անգամ թույլ է Ադրբեջանի տնտեսությունից։ Այս տանդեմին դիմակայելը շատ բարդ է լինելու, պետք են սահմանափակումներ, պրոտեկցիոնիզմ, բայց բիզնեսը միշտ ճանապարհներ է գտնում», նշել  է նա:

Ֆինանսների նախկին նախարարի կարծիքով՝ եթե ադրբեջանական կապիտալը նպատակադրվի, մուտք կգործի մեր շուկա, և ուրեմն՝ մեր իդեա-ֆիքսը պետք է լինի տնտեսությանն ավելի բարձր աճի տեմպեր հաղորդելը, որպեսզի կարողանանք  մրցել  հարևանների հետ.

«Եթե հանրության գոնե 40-45 տոկոսն ազգային գաղափարախոսություն ունենա, պատրաստ կլինի ավելի թանկ վճարել, բայց գնել տեղական ապրանքը, դիմակայել օտարներին։ Ցավոք, մեզ մոտ նման գաղափարախոսություն չկա։ Հայոց ցեղասպանության հարցում բոլորս համակարծիք ենք, բայց թուրքական ապրանքներ սպառելու վտանգների հարցում գիտակցում չկա, մինչդեռ կարևորը վարքագիծն է»:

Վարդան Արամյանի խոսքով՝ կարևոր է, թե մենք ինչպես ենք մեզ տեսնում այս իրավիճակում, քանի որ Հայաստանը մեն-մենակ դուրս է գալիս աշխարհի, այդ թվում՝ մեծ էներգետիկ նախագծերի կայունության դեմ.

«Չպետք է մտածենք, որ եթե ճանապարհները բացվեցին, ամեն ինչ հոյակապ է լինելու, դա միֆ է։ Անցած տարվա 8 տոկոսանոց անկման պատճառն այն է, որ երկու տարում մենք մեր տնտեսական պոտենցիալը հյուծել ենք։ Երբ մարդիկ տեսնեն, որ հոսանքը թանկանում է, իրենց մաշկի վրա զգան դա, կգիտակցեն, որ ունենք խնդիրներ։ Մեր անտուն մնացած հայրենակիցների բեռը ևս բյուջեի վրա է, այն դեպքում, երբ առանց այն էլ բյուջեն ծանրաբեռնված է ընթացիկ ծախսերով: 2021-ի համար ծրագրված 3,2 տոկոսանոց տնտեսական աճն անիրագործելի է, միայն Սոթքի հանքի կորստով՝ այն արդեն իսկ չի իրականացվի, քանի որ այդ հանքը հարկատուների առաջին հնգյակում էր գտնվում: Տնտեսական աճ ունենալու համար պետք է նախ անվտանգության գոտի ձևավորել՝ հարկաբյուջետային, դրամավարկային, քաղաքական կայունություն։ Սրանց բացակայության դեպքում ներդրումների մասին խոսելը մանկամտություն է»,- հայտարարել է Վարդան Արամյանը:

Տպել
Ամենաշատ