News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր էր։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է գնացել ավտոշարասյունով և դիմակավորված անձանց ուղեկցությամբ։ Որոշ լրատվամիջոցներ նկատել են, որ Փաշինյանը զրահաբաճկոնով է եղել։

ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը Փաշինյանին հարց է ուղղել, գերիների հարցով Մոսկվայում որեւէ ձեռքբերում մենք չունեցանք, ինչն ապացուցում է, որ այս թեմայով դուք Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ունակ չեք լինելու այլեւս պաշտպանել ՀՀ շահերը, ըստ այդմ ինչու եք շարունակում պաշտոնավարել եւ ինչու չեք հեռանում: Փաշինյանն այս հարցին պատասխանել է նույն տրամաբանությամբ, որով վերջին երկուսուկես տարիներին պատասխանել է իր կառավարմանը վերաբերող բոլոր կնճռոտ հարցերին՝ հիշելով նախկիններին։

Խորհրդարանական ընդդիմության գրեթե բոլոր ներկայացուցիչների հարցերի առանցքում այս կամ այն կերպ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցն էր։ Փաշինյանը նշեց՝ արտահերթ ընտրության իրենց առաջարկն ուժի մեջ է, սակայն ընդդիմությունը դրան համաձայն չէ։

Փաշինյանը նաև ասաց, որ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանում հարուցվել է շուրջ 1300 քրեական գործ` կապված դավաճանության, սաբոտաժի, հրամանների կատարումից հրաժարվելու եւ այլ հարցերի հետ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ Սյունիքում շուտով կսկսվի Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիան: Ավինյանը վստահեցրեց, որ  սահմանամերձ հատվածներում, որոնցով անցնում է Գորիսից Կապան տանող ճանապարհը, եւ որոնք մասամբ են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, այժմ անվտանգ են:

Փոխվարչապետը նաև հավաստիացրեց, որ պատերազմի հետեւանքով զոհվածների թիվը չի անցնելու 4000-ը։ Նշենք, որ արդեն երկար ժամանակ շրջանառվում է պատերազմում հայկական կողմից 5000 զոհ ունենալու տեղեկությունը։

Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։  Գոռը հուղարկավորվել է հունվարի 17-ին։ Զինվորի հայրը հուսալքության պահին ավտոմեքենայով պաշտպանական գերատեսչության դարպասները կոտրել էր հունվարի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել։

Վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի և 2 դուստրերի մոկովյան շրջագայությունը դարձյալ մամուլի սեւեռակետում է։ Politik.am-ը նշում է, որ նրանք այցելում են ամենաթանկարժեք ռեստորանները, շրջում թիկնապահների ուղեկցությամբ։ Մասնավորապես, «Պուշկին» ռեստորանում, ըստ աղբյուրի, Աննա Հակոբյանը պատվիրել է մի քանի շիշ շամպայն, որի մեկ շշի գինը 340 դոլարից ավելի է, երկու շիշ «Շատո Մարգո», որի մեկ շիշն արժե ավելի քան 1900 դոլար։

Աննա Հակոբյանի եղբայր, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողներին ասել է, որ քույրն ու զարմուհիները մասնավոր այցով են Մոսկվայում, իսկ Աշոտ Փաշինյանը, նրա խոսքով Մոսկվայում չէ։ Թե ինչպես է Աննա Հակոբյանը մասնավոր այցով հայտնվել Ռուսաստանում, որտեղ ՀՀ քաղաքացիների համար այս պահին մուտքն արգելափակված է, Հրաչյա Հակոբյանը չգիտի, ասաց՝ չի հետաքրքրվել։ Պատգամավորն անդրադարձել է նաեւ Ազգային ժողովի նախագահի՝ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեղադրանքներին։

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Մոսկվա, Երեւան, Բաքու եւ Թբիլիսի՝ Ղարաբաղի հարցը քննարկելու համար, հաղորդում է իրանական մամուլը: Զարիֆի խոսքով՝ իր այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունության հաստատմանն աջակցելն է:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյան-Թուխիկյանը,  վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նշենք, որ նախօրեին  Նկարիչների միությունում ցուցահանդեսի ժամանակ, լրագրողի հետ զրույցի պահին, մշակույթի ոլորտից մի կին էր մոտեցել եւ ամոթանք տվել լրագրողին՝  երկրին ու ժողովրդին դավաճանած իշխանության ներկայացուցչի հետ հարցազրույցի համար։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 165 հազարից: Մեկ օրում մահացել է 16 վարակված, որոնցից 7-ի մահն, ըստ առողջապահության նախարարության, վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3757 է:

ԱՄՆ—ում տեղի է ունեցել  երկրի 46–րդ նախագահի՝ Ջո Բայդենի երդման արարողությունը։ Կորոնավիրուսը փոխել է երդման արարողակարգը, սահմանափակվել է մարդկանց մուտքը մայրաքաղաք։ Ազգային գվարդիայի 25 հազար զինվոր է հսկել Կապիտոլիումը, Թրամփի երդման օրը նրանց թիվը 8 հազար էր: Հյուրերի թիվը չի գերազանցել հարյուրը, նրանք դիմակներով էին, նախապես COVID-ի թեստ հանձնած, աթոռները շարված էին սոցիալական հեռավորության վրա: Արարողությանը ներկա էին նախկին նախագահներ Օբաման, Քլինթոնը, Բուշ-կրտսերը, իսկ գործող նախագահ Թրամփը չի ցանկացել մասնակցել եւ անձամբ փոխանցել իշխանությունը։ Ավանդական պարահանդեսներն ու ֆուրշետներն այս տարի փոխարինվել են վիրտուալ համերգով, որը վարել է հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսը:

Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ, Սպիտակ տնից արդեն հեռացել է: Լրագրողների հետ կարճ զրույցում Թրամփն ասել է, որ իր համար մեծ պատիվ էր նախագահ լինելը՝ նշելով, որ ուղղակի ցանկանում է «ցտեսություն» ասել: Նա հույս է հայտնել, որ սա երկարատեւ հրաժեշտ չի լինի:

Սեյրան Օհանյանը կրկնօրինակել է Վլադիմիր Պուտինին։ Պաշտպանության  նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է, թե ինչպես է նա ջրասուզվում սառցապատ ավազանում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.12 դրամով ու կազմել  519.19 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.17 դրամով ու հասել 629.57 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.35 դրամով ու հասել  711.08 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու կազմել  7.08 դրամ:

Հայաստանի հարավային հատվածներում առաջիկա գիշերը սպասվում է ձյուն: Առաջիկա երկու օրերին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14-16 աստիճանով, ցերեկը՝ 3-4 աստիճանով: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ճանապարհններին՝ մերկասառույց: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -11-13, վաղը ցերեկը՝ -2-4:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ